Երևան +13°
copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 22:04 28-06-2022

Եվ ինքն իրեն կտցահարող մի փայտփորիկ…

Կենսափորձ ու հմտություն ունեցող բժիշկների վստահեցմամբ՝ ճիշտ ժամանակին արված, ճշգրտորեն սահմանված ախտորոշումից է մեծապես կախված հիվանդի ապաքինումը: Հստակ ախտորոշման համար էլ պակաս կարևոր չէ հենց իր՝ հիվանդի անկեղծությունը, անհարկի ամոթխածության բացառումն ու անհանգստացնող հիվանդությանը բնորոշ ախտանիշների ճշգրիտ նկարագրության, ճշգրիտ մատուցման ունակությունը: Այս պահանջների բավարարմանն էլ հաջորդում է ապաքինումը: Հակառակ դեպքում, ինչպես սրամտում են իրենք՝ Հիպոկրատի հետնորդները, «եթե հիվանդը որոշել է կազդուրվել, ապա բժշկությունն այդտեղ միանգամայն անզոր է …»: Նույնն է իրավիճակը նաև հասարակական կյանքում:

Հայերս, օրինակ, գտնվում ենք շարունակական անհարմարավետության մեջ: Մենք բողոքում ենք մեզանից, ուրիշներից, մեր հանդեպ աշխարհի կողմից դրսևորվող անուշադրությունից, մեր աշխարհագրական դիրքից, թվաքանակից, նկատելի ուշացումով իրավիճակից ելքեր փնտրող հայի վերջին խելքից… Մենք շարունակում ենք աշխարհի հետ հարաբերվել Պոնտոսի բարձունքից ու տիգրանմեծյան Հայաստանի ծովից ծովի դիտանկյունից: Շարունակում ենք հպարտանալ ազգությամբ հայերի ձեռքից ձեռք անցնող տպագիր ցանկով, որտեղ անգամ անհայտ զինվորն է հայ… Դոլարի կանաչի, բանկոմատների, ջրի ծորակների, մազերը չորացնող ֆեների ու հայերի կողմից արարված մնացած գյուտերի մասին էլ չխոսենք…

Չնայած այս ամենին՝ աշխարհում մեզ շարունակում են ճանաչել Հայոց ցեղասպանությամբ, նրանով, թե ինչպես են թուրքերն ու քրդերը մեզ շարունակաբար բռնաբարել ու հալածել, նպաստել մեր արտագաղթին: Մենք բավականաչափ անկեղծություն պիտի ունենանք հասկանալու համար, որ «քաղաքակիրթ» որակված երկրների մոտ մենք նույնացվում ենք զառամախտով տառապող, խելքը գցած այն տարեցին, որին միայն խղճահարությունից դրդված չեն վռնդում իրենց «կաբինետներից»: Իսկ մենք, որքան էլ ցավալի լինի խոստովանելը, աշխարհին ներկայանում ենք հենց այս «այցեքարտով»: Հարկ է խոստովանել նաև, որ մենք աշխարհին ներկայանում ենք իբրև արձագանք, ժամանակների խորքից եկող արձագանք… Ու քանի որ մեր հայացքը հառված է անցյալին, քանի որ մեր գլուխը մշտապես հետ է թեքված, մենք նոր ազգերի հետ համաքայլ գնալ չենք կարողանում: Մենք չենք կարողանում քայլել, ուր մնաց՝ ընթացքն արագացնել…Իսկ սա նշանակում է, որ մենք հետ ենք մնում աշխարհում հաստատվող նորագույն իրողություններից: Մենք, ոչինչ չանելով, շարունակում ենք ապավինել ճակատագրի ողորմածությանը: Անեկեղծ լինելու դեպքում պիտի խոստովանենք, որ մեր «օրգանիզմի» մի մասը բացարձակապես կապ չունի մյուս մասի հետ: Ռեստորանային համալիրներում «տժժացող», երևանյան փողոցներում՝ շքեղ մեքենաների մեջ, երաժշտությունը ողջ ուժգնությամբ զլող տեսակն ի՞նչ կապ ունի ցուրտ ու շոգին, կենցաղային տարրական միջոցներից զուրկ պայմաններում նույն այդ ամբարիշտների անվտանգությունն ապահովող, երկրի սահմանները պահող տղաների հետ: «Բայրաքթարների» հետ կենաց-մահու կռվի բռնված զինվորների ընտանիքներից նույն այդ ընթացքում բանկին չմարած պարտքի դիմաց վերջին հեռուստացույցներն են խլել: Ու սա է դառը իրողությունը:

Հայերից շատերը «իմ տունն իմ ամրոցն է» արտահայտության իմաստը բառացիորեն էլ հասկացել են: Պետությունից թալանված միջոցների հաշվին են նրանք վեր խոյացրել իրենց շլացուցիչ դղյակները: Իրենց վերաբերող հատվածում նրանք առատաձեռն են, իսկ այ, ինչ վերաբերում է պետությանն ու նրա անվտանգությանը, նրանք զլանում են: Նրանք զենք ու զինամթերք չեն գնում անգամ իրենց իսկ ապահովությունը հոգացող սահմանապահ զինվորների համար:

Կամ կարո՞ղ եք սահմանել, թե ո՞վ է իսկական հայը, հայրենասերը, բանկից փոխառված միջոցներով ուսանող երեխաների հոգսերը հոգացող, նրանց ուսման վարձն ու գրենական պիտույքներ գնող ընտանի՞քը, թե՞ Հայաստանում կուտակած աստղաբաշխական գումարները արտերկրի ավելի ապահով դրամատներին պահ տվող բանկիրները: Հիմա ինչի՞ց ենք բողոքում մենք: Մեր արգահատելի վարքին ճիշտ գնահատական տալու փոխարեն ինչո՞ւ ենք փնովում օտարներին: Մենք սահմանե՞լ ենք, թե ինչ ու ինչպիսի երկրում ենք ուզում ապրել: Մենք գիտե՞նք, թե ինչ երկրի համար ենք սերունդ մեծացնում: Ի վերջո, մենք ի՞նչ ենք ցանկանում ու ի՞նչ ենք անում այդ ցանկությունն իրողություն դարձնելու համար: Մենք գիտե՞նք, թե որտեղ ենք լինելու վաղը…