Վրաստանը վատ եղանակի պատճառով ժամանակավորապես փակել է Ռուսաստանի հետ սահմանին գտնվող «Կազբեգի» ցամաքային անցակետը։ Այս մասին հաղորդել է Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը։
«Հորդառատ անձրևների պատճառով վարարած գետերը (Թերգի և Դևդորակ) վնասել են ՌԴ-ի սահմանի մոտ Վրաստանը Ռուսաստանին կապող ճանապարհի մի հատվածը (Դարիալի-Լարսի 165-րդ կիլոմետրը)»,- ասվում է հրապարակման մեջ։
Վատ եղանակի պատճառով Վրաստանի մաքսային սահմանով ապրանքների ներմուծում-արտահանում, ինչպես նաև նշված մաքսակետով պետական սահմանը հատող ֆիզիկական անձանց մաքսային հսկողության ընթացակարգեր չեն իրականացվում։
Եղանակի բարելավումից և վերանորոգման աշխատանքներից հետո «Կազբեգին» կշարունակի աշխատել սովորական ռեժիմով։
Վրաստանում մի քանի օր է հորդառատ անձրևները չեն դադարում, որի հետևանքով գետերը վարարել են, սողանքներ են առաջացել, վնասվել են ենթակառուցվածքները, հեղեղվել են տները և ոչնչացել է բերքի մի մասը։