Ուղիղ եթեր
copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 09:52 27-06-2022

Փաշինյանի «երջանկաբեր» մերժումը կամ ով է շահում առցանց ասուլիսին հարցեր չուղարկելուց

Հայաստանյան մի շարք առաջատար լրատվամիջոցների խմբագիրներ հայտարարություն են տարածել՝ բոյկոտելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ առաջիկայում կայանալիք ասուլիսը։ Նրանք հայտարարել են, որ հրաժարվում են ձեւական հարց ուղարկելուց, կոչ են անում վարչապետի աշխատակազմին վերադառնալ ասուլիսի դասական ձեւին, քանի որ «առցանց շփումները» տեղի են ունենում նախապատրաստված սցենարով, այդ միջոցառումներին հնչում են հիմնականում իշխանամերձ լրատվամիջոցների, տելեգրամ-ալիքների, բլոգերների հարցերը, որոնք, ըստ ամենայնի, նախապես համաձայնեցվում են միջոցառման կազմակերպիչների հետ, իսկ այլ լրատվամիջոցների դեպքում հարցերը կա՛մ անտեսվում են, կա՛մ խմբագրվում, կա՛մ աղավաղվում:

Խմբագիրները, իհարկե, ճիշտ են, այո՛, ասուլիսի հարցերը լավ պատրաստված, ծրագրավորված, զտված են լինում, հարցերի սուր անկյունները հարթեցրած, որակումներ, գնահատականներ հանած․․․ եթե, իհարկե, հնչում են այս հարցերը։ Մյուս պարագայում էլ՝ Փաշինյանի պես մանիպուլյատորը անգամ դասական ասուլիսի ֆորմատում կարող է անգիր անել պատրաստի պատասխաններ եւ ցանկացած հարցին ի պատասխան՝ հնչեցնել դրանք։ «Կռուտիտի», «ֆռցնելու», «մանիպուլացնելու» մեջ նա հայոց Աստվածն է։ Կա նաեւ երրորդ դրվագը, որ նախկին խմբագիր, լրագրող Փաշինյանը, ով ժողովրդավարության լոզունգներով եկավ իշխանության, հիմա էլ իրեն ժողովրդավարության բաստիոնի տիրակալ է պատկերացնում, առնվազն «թռած» է ման գալիս այս երկրում, այսպես ասած՝ երես չունի, որ ներկայանա հանրությանը, իր նախկին կոլեգաներին եւ բաց ճակատով նրանց հարցերին պատասխանի։

Իհարկե, շատերը կհիշեցնեն այդ «նախկիններին», թե ինչպես էին նրանք տարին մեկ մեդիա դաշտի մեծամեծերին կանչում, մի քանի ժամ զրուցում, վերջում ճանապարհում՝ թույլ չտալով ոչինչ գրել, մինչեւ կմոնտաժեին եւ կտրամադրեին «հանդիպման» տեսանյութը։ Եղել են, չէ՞, այդպիսի նախադեպեր։ Իհարկե, եղել են, բայց հենց դրա համար էլ այդ բարքերը կոչվել են ոչ ժողովրդավար, մերժելի։ Իսկ այսօր մերժելի է նաեւ «փաշինյանական ժողովրդավարությունը», որից անգամ գաղափարախոսությունը չի մնացել։

Ինչեւէ, հասկանալով եւ ընդունելով խմբագիրների մտահոգությունը՝ ամեն դեպքում հարց է առաջանում՝ եթե ասուլիսին հարց չեն ուղարկում, մի՞թե չեն թերանում իրենց առաքելությունը կատարելիս, չէ՞ որ մեդիան կոչված է հանրությանը հուզող հարցերի մասին բարձրաձայնելու, հարցեր հնչեցնելու, տեղեկություններ փոխանցելու․․․ մի՞թե դա նույնը չէ, որ բժիշկը չվիրահատի հիվանդին, քանի որ ապրելու շանսերը քիչ են, կամ քննիչը չմեկնի դեպքի վայր, որովհետեւ հանցագործը փախել է․․․ Հատկապես, երբ նախորդ ասուլիսներին մեկումեջ լինում էր ոչ իշխանական մեդիայի հարցերի հնչեցում, հատկապես, որ Փաշինյանն այնքան խոցելի է նույնիսկ յուրային մեդիայի հարցերին պատասխանելիս, նույնիսկ ամենալավ բեմադրած պատասխանը հնչեցնելիս։ Ասվածի վկայությունը նրա ասուլիսներից հետո օրեր շարունակ տեւող քննարկումներն են։

Մյուս խնդիրը․ հիմա ի՞նչ իմաստ ունի ասուլիսին հարց չուղարկել, եթե, միեւնույն է, ասուլիսը լուսաբանելու են, որտեղ հնչելու են զանազան հարցեր, եթե չեն լուսաբանելու, այդպիսով լսարանին կստիպեն այլ մեդիայի հետեւել, որովհետեւ անգամ ամենաանտինիկոլին ասուլիսը հետաքրքիր է։ Վերջիվերջո, ի՞նչ իմաստ ունի չլուսաբանել, եթե կառավարության, ԱԺ նիստերն ենք լուսաբանում։

Եւ երրորդ հարցը՝ առհասարակ որեւէ քայլ անելիս պետք է մտածել դրա իմաստի, նպատակի, լուծելիք խնդիրների շուրջ, որ դա չլինի օդում կրակոց։ Հիմա ո՞վ է այն ռոմանտիկը, որ մտածում է, թե Փաշինյանն այնքան է ազդվելու իր գործընկերների կողմից «մերժվելու այս ժեստից», որ փոխելու է մտադրությունը եւ իսկույն եւեթ տետատետ զրույցի հրավիրի։

Հետեւաբար ի՞նչ իմաստ ունի այս «գեղեցիկ» ակցիան, եթե որեւէ նպատակ եւ խնդիր չի լուծելու, եթե այս «մերժումը» Փաշինյանի համար երջանկաբեր է, հիմա էլ կհայտարարի, որ պատասխանել է այն հարցերին, որոնք ստացել է, ուղարկեիք, պատասխաներ։ Ներողություն, որ իմ կարծիքը տարբերվում է Ձեր կարծիքից, ես էյֆորիան եւ ոգեւորությունը փչացնելու նպատակ չունեմ, բայց, կներեք, լրագրողի, խմբագրի՝ վարչապետից «նեղանալը» եւ հարց չուղարկելը չեմ հասկանում։ Ո՞ւմ ենք դրանով վատություն անում, եթե ոչ մեզ, մեր ընթերցողներին եւ լսարանին։