copy image url
Մշակույթ Միտք 1 տարի առաջ - 20:57 25-06-2022

Սրբադասման հերթում սպասող Հանճարը

Այսօր համաշխարհային ճարտարապետության հանճարեղ անուններից մեկի՝ Անտոնիո Գուդիի ծննդյան օրն է։ Իսպանացի այս ճարտարապետն իր յուրօրինակ մտածողությամբ ու անսահման երևակայությամբ կերտել է Բարսելոնայի հրաշագեղ ու անկրկնելի դեմքը։

Հետաքրքիր է, որ աշխարհի ամենահայտնի բարսելոնացին Բարսելոնայում չի ծնվել, այլ Ռեուսում։ Նա 16 տարեկանում եկել է Բարսելոնա` Ճարտարապետության բարձրագույն դպրոցում սովորելու համար։

Մանկության տարիներից արթրիտով տառապող Գաուդիի համար անհասանելի են եղել հասակակիցների հետ բացօթյա խաղերը։ Նա օրվա հիմնական մասն անցկացրել է ֆերմայում։ Ուշադիր հետևել է բնության բոլոր երևույթներին, ուսումնասիրել կենդանիներին, միջատներին։ Պատահական չէ, որ նրա դպրոցական լավագույն շարադրությունը նվիրված էր մեղուներին։

Ի դեպ, սա հետագայում շատ լուրջ ազդեցություն ունեցավ Գաուդիի գործունեության վրա։ Նա վստահ էր, որ ճարտարապետը կարիք չունի որևէ նոր բան հորինելու։ Կյանքի ներդաշնակության և բնական գեղեցկության համար բնությունն ամեն ինչ արդեն ստեղծել է։ Մնում է միայն դրանք փոխանցել ճարտարապետության մեջ։

Գաուդին ծովն ու երկինքը համարում էր լավագույն ինտերիերը, իսկ ծառերն ու ամպերը՝ քանդակագործական կատարյալ ֆորմաներ։



Անտոնիո Գաուդիի ուսումը Բարսելոնայում, ապա Փարիզում տևեց մեկ տասնամյակ։ Դրան զուգահեռ՝ նա գծագրական աշխատանքներ էր կատարում տարբեր ֆիրմաներում։ Նրա դիպլոմային աշխատանքի թեման գերեզմանոցի դարպասներն էին, որին Գաուդին առանձնակի իմաստ էր հաղորդել՝ ստեղծելով սահման կամ ջրբաժան երկու աշխարհների` ողջերի ու մեռյալների միջև։

Գաուդիի առաջին պատվերը Թագավորական հրապարակի քաղաքային այգում լապտերի նախագծումն էր, որին հաջորդել են ավելի մեծ ու հնչեղ նախագծերը։



Իսպանացի ճարտարապետն իր կյանքի օրոք հասցրել է իրականացնել 18 խոշոր կառույց։

Ճարտարապետի կարիերայում ճակատագրական է դառնում Էուսեբիո Գուելի հետ հանդիպումը։ Տեքստիլի մագնատը՝ Կատալոնիայի ամենահարուստ մարդը, դառնում է Գաուդիի մտերիմ ընկերն ու պատվիրատուն։

Գուելի ընտանիքի պատվերով ճարտարապետը նախագծեր է ստեղծում Պեդրալբեսի կալվածքի տաղավարների, Գարաֆի գինու նկուղների, Կոլոնիա Գուելի մատուռի և դամբարանի, ինչպես նաև Բարսելոնայում Պարկ Գուելի համար:

Գուելի հետ ընկերությունը ու նրա պատվերները նոր հնարավորություններ և հորիզոններ են բացում Գաուդիի համար։ Նա սկսում է ստանալ ոչ միայն հետաքրքիր, այլ նաև շահութաբեր առաջարկներ։

Իրար հետևից ծնվում են Գաուդիի ճարտարապետական գլուխգործոցները, որոնք մարդկային երևակայության փայլատակումներ են։



Այս յուրօրինակ ճարտարապետն ատում էր տարածության երկրաչափորեն ճիշտ և փակ ձևերը։Նա կարծում էր, որ ուղիղ գիծը մարդու ստեղծածն է, նրա մտքի արդյունքը, իսկ շրջանակը Աստծո ստեղծագործությունն է: Գաուդիի համար կատարելության օրինակ էր հավի ձուն, որը գրեթե միշտ ուներ կոստյումի գրպանում։ Ձուն նրան ոչ միայն ոգեշնչում էր, այլ նաև դառնում էր նախաճաշ աշխատավայրում։

Ի դեպ, Գաուդին տեսողության լուրջ խնդիր ուներ։ Նրա աչքերը տարբեր էին, մեկը կարճատես էր, մյուսը՝ հեռատես, բայց նա համառորեն հրաժարվում էր ակնոցից՝ պատճառաբանելով, որ «հին հույները ակնոց չէին կրում»։

Այս անհամաչափ տեսողությամբ ճարտարապետի ստեղծագործության բարձրակետը դարձավ Սագրադա Ֆամիլիա (Սուրբ ընտանիք) տաճարը, որը Բարսելոնայի խորհրդանիշն է։ Սա Գաուդիի ամենհայտնի մտահղացումն է և ամենաքննարկված ու երկարաժամկետ նախագիծը։ 1882-ին սկիզբ առած այս շինարարությունը շարունակվում է մինչ օրս։

Գաուդին իր կյանքի 42 տարին նվիրեց տաճարի ստեղծմանը։ Նրա մտահղացմամբ՝ տաճարը պետք է դառնա «գիրք», որտեղ «քարե էջերի» օգնությամբ հնարավոր կլինի ծանոթանալ Քրիստոսի երկրային կյանքին՝ Սուրբ Ծննդից մինչև մահ և Հարություն։ Ըստ Գաուդիի նախագծի, տաճարը պիտի ունենա 18 աշտարակ։ Ամենաբարձրը (170 մետր), որը գտնվում է անսամբլի կենտրոնում, նախատեսված է Քրիստոսին անձնավորելու համար։



Գաուդիի մահից հետո Ֆրանկոյի հետևորդ-անարխիստները1936 թվականին այրեցին տաճարի բոլոր գծագրերը, ինչն էլ իր հերթին դանդաղեցրեց շինարարության ընթացքը:

Հետաքրքիր է, որ անգլիացի գրող Ջորջ Օրուելը դրական է արձագանքել այդ վանդալիզմին։ Մայր տաճարը, նրա կարծիքով, պետք է ընդհանրապես պայթեցվեր։ Օրուելը Գաուդիի ստեղծագործությունները համարել է աշխարհի ամենատգեղ կառույցները։

Իսկ Սալվադոր Դալին, ընդհակառակը, հիացել է ճարտարապետի ստեղծագործությամբ և նույնիսկ, 1956-ին կազմակերպել է Գաուդիին նվիրված տոնակատարություն Գյուելի այգում: Սա հնարավորություն է տվել լրացուցիչ միջոցներ հայթայթել Սագրադա Ֆամիլիայի շինարարությունը շարունակելու համար։

2010 թվականին անավարտ այս շքեղ տաճարը օծեց Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ը և այն պաշտոնապես բացվեց պաշտամունքի ու ծեսերի համար:

Վերջին տվյալներով՝ Իսպանիայի կառավարությունն ակնկալում է հսկայածավալ այս շինարարությունն ավարտել մինչև 2026 թվականը։

Ի դեպ, տաճարի կառուցումն իրականացվել է միմիայն նվիրատվությունների հաշվին։



Ճարտարապետի մահը 1926 թ. հունիսի 10-ին 73-ամյա Անտոնիո Գաուդին տնից դուրս եկավ ու ուղևորվեց դեպի Սանտ Ֆելիպ Ներիի եկեղեցի, որը նրա ամենօրյա երթուղին էր: Անցնելով Գրան-Վիա-դե-լաս-Կորտես-Կատալանես փողոցը՝ նա ընկավ տրամվայի հարվածից։ Կառապանները հրաժարվեցին անհայտ, հնամաշ հագուստով ծերունուն տանել հիվանդանոց, քանի որ դրա համար նրանց ոչ ոք չէր վճարելու։ Գաուդին ուշացումով հայտնվեց աղքատների հիվանդանոցում։ Միայն հաջորդ օրը նրան հայտնաբերեց Սագրադա Ֆամիլիայի քահանան։ Ցավոք, արդեն ուշ էր։
Գաուդին մահացավ հունիսի 10-ին և թաղվեց երկու օր հետո իր անավարտ տաճարի գետնադամբարանում։

Գաուդիի թաղման արարողությանը մասնակցել է քաղաքի բնակչության կեսը։

Ըստ ժամանակակիցների վկայության`նրա հուղարկավորության օրը քաղաքի պատերն արտասվում էին, աշտարակները խոնարհել էին գլուխները, իսկ փողոցում շրջում էին ուրվականները։ Այս առեղծվածը և Գաուդիի ապրած կյանքը ստիպել է նրա համաքաղաքացիներին դիմել Վատիկանին` իսպանացի ճարտարապետին սրբադասելու խնդրանքով։ Այս առաջարկն արդեն երեսուն տարի Վատիկանի ժողովը քննարկում է և լուծում չի տալիս։

Ձեզ գուցե հետաքրքրի