Ուղիղ եթեր
copy image url
Մշակույթ Միտք 1 տարի առաջ - 20:59 24-06-2022

Զիգմունդ Ֆրոյդ և Սալվադոր Դալի. մի հանդիպման պատմություն

1920-1930-ականներին ավստրիացի հոգեբան, հոգեբույժ Զիգմունդ Ֆրոյդը իսպանացի գեղանկարիչ, քանդակագործ Սալվադոր Դալիի կուռքն էր։

1920-ականների սկզբին ավանգարդ արվեստագետներն առհասարակ խիստ հետաքրքրված էին Ֆրոյդի հայեցակարգերով, ենթագիտակցության, թաքնված կոնֆլիկտների ճնշման և գիտակցման մասին պատկերացումներով։

Սալվադոր Դալին խոստովանում է. «Այս ընթացքում ես սկսեցի կարդալ Զիգմունդ Ֆրոյդի «Երազների մեկնաբանությունը»: Այս գիրքն ինձ թվաց իմ կյանքի գլխավոր հայտնագործություններից մեկը»։

Դալիի վաղ շրջանի նկարներից մեկը, որն արտահայտում է Ֆրոյդի ակնհայտ ազդեցությունը, «Մռայլ խաղն» է, որտեղ առկա են ցանկություններ, մոլուցքներ, սեռական հիասթափություններ, վախեր։ Չնայած ժամանակի քննադատություններին` Դալին այս նկարը համարել է իր ստեղծագործություններից լավագույնը և ամենահուսալին։

Ֆրոյդի «Երազների մեկնաբանությունը» աշխատությունը ձևավորեց Դալիի աշխարհայացքը առնվազն երկու տասնամյակ։ Ու հենց երկու տասնամյակ Դալին տենչում էր հանդիպել իր գուրուին։

Ֆրոյդը արդեն մեծ տարիքում էր, առողջությունը բարելավելու նպատակով պարբերաբար բացակայում էր Վիեննայից և բացարձակապես տրամադրված ու հակված չէր սյուրռեալիստական ​​քննարկումներին ներգրավվելու։

Նա Բրետոնին ուղղված նամակում գրել էր. «Չնայած ես տեղյակ եմ այն հետաքրքրվածության մասին, որ Դուք և Ձեր ընկերները ցուցաբերում եք իմ հետազոտության նկատմամբ, բայց ես նույնիսկ ինքս ինձ համար ի վիճակի չեմ պարզաբանել, թե ինչ է սյուրռեալիզմը և ինչ է այն ուզում։ Միգուցե ինձ, ով արվեստից այդքան հեռու է, վիճակված չէ դա հասկանալ»։

Դալին, հույսը չկորցնելով, մի քանի անգամ այցելել է Ավստրիայի մայրաքաղաք՝ իր կուռքին հանդիպելու ակնկալիքով։

«Իմ ճամփորդությունները դեպի Վիեննա նման էին ջրի երեք կաթիլի, որոնց արտացոլումը բացակայում էր, որպեսզի դրանք փայլեն: Յուրաքանչյուր այցի ժամանակ ես ամեն ինչ նույնն եմ արել. առավոտյան գնացել եմ Վերմեերին տեսնելու Չերնինի հավաքածուում, կեսօրին չեմ գնացել Ֆրոյդի մոտ, քանի որ ես անընդհատ տեղեկանում էի, որ նա քաղաքից դուրս է առողջական պատճառներով։ Ես մեղմ մելամաղձությամբ եմ հիշում կեսօրի իմ չհամակարգված զբոսանքները ավստրիական հին մայրաքաղաքում։ Շոկոլադե տորթը, որը ես հապճեպ ուտում էի մի հնավաճառից մյուսը ընկած այցելությունների ընթացքում, դառը համ ուներ... Երեկոներս անցկացնում էի Ֆրոյդի հետ երևակայական հյուծիչ զրույցներով, որոնց ժամանակ նա նույնիսկ, մի անգամ ինձ հետ տուն եկավ և ամբողջ գիշեր նստեց՝ կառչած մնալով «Sacher» հյուրանոցի իմ սենյակի վարագույրներից»,- գրել է Դալին։

Ֆրոյդի հետ հանդիպումը այդպես էլ Դալիի համար կմնար անիրականանալի երազանք, եթե չլիներ գրող Ստեֆան Ցվայգի օգնությունը։ Վերջինս Ֆրոյդին գրել էր. «Հարգելի պրոֆեսոր Ֆրոյդ, մեծ նկարիչ Սալվադոր Դալին` Ձեր ստեղծագործության մոլեռանդ երկրպագուն, կցանկանար հանդիպել Ձեզ, և ես չգիտեմ որևէ մեկին, ով կարող է ավելի հետաքրքիր լինել Ձեզ համար: Ես անչափ սիրում եմ նրա աշխատանքը և ուրախ կլինեմ, եթե կարողանաք մեկ ժամ անցկացնել նրա հետ»:

Հանդիպումը տեղի է ունեցել 1938 թվականի հուլիսի 19-ին Լոնդոնում, ուր հոգեվերլուծաբանը մի քանի շաբաթ առաջ տեղափոխվել էր Վիեննայից՝ փախչելով նացիստներից։ Հանդիպմանը ներկա էին նաև Ցվայգը ու Դալիի վաղեմի ընկեր ու հովանավոր Էդվարդ Ջեյմսը։

Դալինիր հետ բերել էր «Նարցիսի կերպարանափոխությունները» (1937 թ.) կտավը՝ հոգեվերլուծաբանին իր պարանոյիկ-քննադատական ​​մեթոդը ներկայացնելու հույսով։ Սակայն,նկարչի հավակնությունները չեն բավարարվել։ Երկխոսությանը խանգարելեն լեզվական խնդիրը, Ֆրոյդի հիվանդությունը, ինչպես նաև խլությունը։



«Եթե մենք հանդիպեինք ավելի վաղ, կամ մեկից ավելի անգամ, արվեստի վերաբերյալ իմ որոշ հայացքներ կարող էին փոխվել: Իսկ պարանոյիկ-քննադատական ​​մեթոդս նրա համար նոր հեռանկարներ կբացեր»,- վստահ էր Դալին։

Հանդիպման ընթացքում նկարիչը մատիտով արագ ճեպանկար է արել։ Նա Զիգմունդ Ֆրոյդի դիմանկարը ստեղծել է բարակ գծերով՝ մանրակրկիտ վերարտադրելով դիմագծերը։

Հանդիպումից հետո նկարիչը Ստեֆան Ցվայգին խնդրել է դիմանկարը ցույց տալ հոգեվերլուծաբանին։ Սակայն գրողը չի համարձակվել՝ պատճառաբանելով, որ գծանկարում հստակ զգացվում էր մահվան շունչը։



Ցվայգը չէր սխալվել. այս գծանկարից մեկ տարի անց՝ 1939-ին, Ֆրոյդը մահացավ։

Պետք է ասել, որ այս հանդիպումից ոչ միայն հիացած ու ազդված էր Դալին, այլ նաև Ֆրոյդը։ Նկարչի անհատականությունը մեծ տպավորություն է գործել հոգեվերլուծաբանի վրա, որը նույնիսկ վերանայելէ իր վերաբերմունքը սյուրռեալիզմի հանդեպ։
Հանդիպման հաջորդ օրը` 1938-ի հուլիսի 20-ին, Ֆրոյդը Ցվայգին ուղղված նամակում գրել է. «Ես իսկապես պետք է շնորհակալություն հայտնեմ Ձեզ` երեկվա այցելուների համար: Ինձ իրենց հովանավոր ընտրած սյուրռեալիստներին ես հակված էի համարել բացարձակապես հիվանդ։ Այնուամենայնիվ, երիտասարդ իսպանացին իր անկեղծ, մոլեռանդ հայացքով և անհերքելի վարպետությամբ ինձ համոզեց վերանայել իմ կարծիքը։ Իսկապես հետաքրքիր կլիներ վերլուծական ուսումնասիրություն իրականացնել, թե ինչպես են նրանք հասել նման պատկերների»։

Սա լավագույն գնահատականն էր Սալվադոր Դալիի համար։

Ի դեպ, մեծ սյուրռեալիստի հանդիպումը իր կուռքի հետ բեկումնային էր․ սրանով ավարտվեց Դալիի խիստ ֆրոյդական շրջանը։

Ամենից շատ դիտված

00:10 Առեղծվածային դեպք՝ Նորատուսի գերեզմաններում. պայթյուն-փլուզում է տեղի ունեցել, կա զոհ. shamshyan.com
15:50 Իրավիճակը Ոսկեպարում և Կիրանցում․ ՈւՂԻՂ
19:55 Հանրապետության հրապարակից մեկնարկում է ջահերով երթը․ ՈւՂԻՂ
19:22 Լարված իրավիճակ՝ Տավուշում. քաղաքացիները փակում են Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհը. ՈւՂԻՂ
17:30 Հայաստանը փորձում է ձերբազատվել «Զանգեզուրի միջանցք»-ից․ դա անհնար է․ Ալիև
19:41 Ձեզ զգուշացնում եմ, չեմ թողնելու, որ այստեղ ճանապարհ փակվի․ ոստիկանը՝ Բագրատ Սրբազանին
08:42 Հարյուրավոր ոստիկաններ ու ավտոբուսով բերվող «հատուկ» աջակիցներ․ Փաշինյանն այցելում է Ծիծեռնակաբերդ
16:15 Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է առաջին սահմանային սյունը
08:07 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․ Հրապարակ
00:00 Շուրջ 10 հոգի բերման է ենթարկվել․ գնդապետ Մախսուդյանը հիվանդանոցում է․ Բագրատ Սրբազան