Երևան +17°
copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 22:07 23-06-2022

Տարածաշրջանը «նայողը» մենք ենք

Ինչպես Փաշինյանին չի բավարարում տեղական մանր-մունր խնդիրներով զբաղվելը, և նա ձգտում է առնվազն տարածաշրջանային խնդիրներ լուծել, խաղաղություն հաստատելու, խաղաղության դարաշրջան բացելու առումով, այնպես էլ էկոնոմիկայի նախարարին չի բավարարում տնտեսության այս կամ այն նեղ ոլորտով զբաղվելը։ Քերոբյանն էլ, եթե ոչ գլոբալ, համաշխարհային, գոնե տարածաշրջանային զարգացումներում իր ու իր թիմի ուղղորդիչ դերն է հետաքրքրում։ Ահավասիկ․ անդրադառնալով Լարսի անցակետում տիրող իրավիճակին՝ նա ասում է, որ փորձում են հնարավորիս արագ շտկել իրավիճակը, «իսկ մեր համար իրավիճակի շտկելը հնարավորինս արագ Վրաստանում հերթերի բացակայությունը ապահովելն է»։ Ըստ նրա, որոշ տնտեսվարողներ Լարսի անցակետի հետ կապված խնդիրը ընդունում են որպես իրենց բիզնեսի բաղկացուցիչ մաս։ Դա նրանց բիզնես պլաններում ներդրված ռիսկ է, մինչդեռ «Էկոնոմիկայի նախարարությունն ու կառավարությունը չեն համակերպվում այդ ռիսկի գոյության հետ և ամեն ինչ անում են, որ այդ ռիսկը գոյություն չունենա»։

Որպեսզի նման ռիսկ գոյություն չունենա, բացառվի, պետք է պրն․ Քերոբյանն ու իր թիմը համաշխարհային զարգացումները ռուս-ուկրաինական պատերազմի տեսքով, «կարգավորեն» այնպես ու այնքան արագ, որ հատկապես թուրքական գյուղմթերքով բարձված մեքենաները ՌԴ մտնեն ոչ թե Լարսի անցակետով, այլ Եվրոպայի տարածքից։ Մյուս կողմից էլ կա՛մ Լարսի ճանապարհը հիմնովին վերակառուցվի, կա՛մ սրանայլընտրանքային մեկ այլ ճանապարհ էլ կառուցվի։ Ցավոք, պրն Քերոբյանը փակագծերը չի բացում, որ հասկանալի լինի, թե ինքն ու իր Կառավարությունը որ տարբերակով են այս հարցը լուծելու։ Քերոբյանը չի խոսում հայկական բեռների համար կանաչ՝ անհերթ գոտի ստանալու, չի խոսում որպես ԵԱՏՄ անդամ երկրի արտոնություններ պահանջելու մասին, խոսում է իրենց գործունեության շնորհիվ Վրաստանում կիլոմետրանոց հերթերը վերացնելու մասին։ Փաշինյանը «Ադրբեջանի ու Թուրքիայի հարցերն էր լուծում՝ սրանց ստիպելով ենթարկվել իր խաղաղության դարաշրջանի դարակազմիկ փիլիսոփայությանը», «Քերոբյանն էլ Վրաստանն է «վերցնում իր ձեռքը», ճանապարհների, սահմանային անցակետերում ու մաքսակետերում ներքին կարգ ու կանոն հաստատելու առումով։ Փաստորեն ստացվում է, որ տարածաշրջանը «նայողը» մենք ենք։

Գրեթե նույն «կարգավորողի» մոտեցումն է լաստանավի տարբերակում․ եվրոպական ընկերությունների ՌԴ-ի նկատմամբ կիրառած սանկացիաների պարագայում մերոնք հասել են նրան, որ աշխարհի խոշորագույն հոլանդական նավային ընկերությունը ՌԴ-ի նկատմամբ կիրառած պատժամիջոցների ֆոնին մերոնց ճնշմանը տեղի է տվել ու հիմա Քերոբյանն ու ՀՀ Կառավարությունը րոպե առ րոպե սպասում են սրա համաձայնությանը, որ չի կարող չլինել(ըստ պրն Քերոբյանի), որից հետո ծիրանով բարձած ֆուռերը լաստանավով կահասնեն ՌԴ։ Այս ու նմանատիպ հարցերում, մերոնք իրենց տարերքի մեջ են։ Մինչդեռ նույն Քերոբյանը նախօրեին ՀՀ բնական կերհանդակների` արոտավայրերի և խոտհարքների կայուն կառավարմանն ուղղված ծրագրերի համակարգման հարթակի նախաձեռնությամբ, աշխատանքային այցով մեկնել էր Սյունիքի մարզի Ակներ, Վերիշեն և Խոտ գյուղեր՝ ծանոթանալու արոտների կայուն կառավարման գործընթացի արդյունավետությանը, արոտների կայուն կառավարման համար անհրաժեշտ գործիքակազմին, համայնքներում առկա կառավարման պլանների օգտագործման հաճախականությանը և տարիների ընթացքում «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից իրականացվող «Անասնապահության զարգանում Հայաստանի հարավում», «Անասնապահության զարգացում Հայաստանի հարավ-հյուսիս» ծրագրի, ինչպես նաև «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» երկրորդ ծրագրի շրջանակներում ստեղծված ենթակառուցվածքներին (այս խուճուճ հաղորդագրությունը էկոնոմիկայի նախարարությանն է)։ Քանի որ ծրագիրն ինքնին անհասկանալի է թերևս նաև նախարարի համար, վերջինս այդպես էլ ծրագրի հետ կապված և ընդհանրապես Սյունիքի մարզի խոտհարքների օգտագործման հնարավորությունների, այստեղի գյուղատնտեսության, մասնավորապես անասնապահության հետ կապված որևէ հարց չի քննարկել բնակիչների հետ։ Չի հասկացվում նաև թե այդ անհասկանալի ծրագիրը ինչու է իրականացվել Գորիսին կպած գյուղերում և ոչ անմիջապես սահմանամերձ գոտում, որտեղից հաճախ կենդանիներն անցնում են գետն ու հայտնվում ազերիների մոտ, որ երբեմն ռուս զինվորների միջնորդությամբ ետ են բերվում, ավելի հաճախ՝ ոչ էլ բերվում են։

Ու քանի որ պրն․ Քերոբյանը եկել հասել էր Սյունիք, հընթացս գյուղացիներից հետաքրքրվել է, թե որքանով են գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրերը հասանելի գյուղացիներին, ծրագրերի կիրառելիությունը և նպատակահարմարությունը ինչպիսին է։ Թերևս այն միակը, որ արվել է սահմանամերձ այս մարզի համար։ Ընդամենն այդքանը։

Տարածված հաղորդագրությունից իսկ հասկանալի է դառնում, որ կառավարությունը Սյունիքի, որպես ճակատը պահող մարզի համար մշակած ու իրականացվող ռազմավարություն չունի, այլև թեկուզ ծրագրերի մակարդակով տնտեսության, գյուղատնտեսության առումով ոչինչ չի անում։ Քերոբյանն ու իր ղեկավարը թերևս հաշվում են, որ թուրք–ադրբեջանական միջանցքի բացումը ամենամեծ ներդրումը կլինի այս տարածաշրջանի ու երկրի համար ու չեն ուզում «մանր-մունր ծրագրերի» վրա ժամանակ կորցնել։ Այդ թվում և անվտանգային։ Իրենցը գլոբալ, առնվազն տարածաշրջանային խնդիրներն են։