Ապարանի քաղաքապետ Կարեն Եղիազարյանը ամբաստանյալի աթոռին է։
Oragir.news-ը տեղեկացավ, որ այս տարի քրեական գործ է հարուցվել, որի շրջանակում մեղադրանք է առաջադրվել Ապարանի քաղաքապետին։ Գործը նախորդ ամսից դատարանում է և քննվում է Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդգար Կարապետյանի վարույթում։ Գործի մասին տեղեկություն մենք ստացանք «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից. «Կարեն Եղիազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով Ապարան համայնքի ղեկավար՝ պաշտոնատար անձ, մշտապես իրականացնելով կազմակերպական-տնօրինչական և վարչատնտեսական գործառույթներ, ապօրինի մասնակցել է ձեռնարկատիրական գործունեության, շահադիտական և անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով՝ այլ անձանց օժանդակությամբ, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ յուրացման եղանակով կատարել է իրեն վստահված զգալի չափերով ուրիշի գույքի հափշտակություն, ինչպես նաև՝ կատարել է պաշտոնեական կեղծիքներ»։
Նշենք, որ Եղիազարյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրված ստորագրություն՝ չհեռանալու մասին։