Սերժ Սարգսյանից գցվածները եւ Ռոբերտ Քոչարյանին գցածները․ գնում եք պառլամենտ, որ ինչ անեք
copy image url

Սերժ Սարգսյանից գցվածները եւ Ռոբերտ Քոչարյանին գցածները․ գնում եք պառլամենտ, որ ինչ անեք

Միտք Ներքին 2 տարի առաջ - 20:04 22-06-2022
Եւ այսպես, «Հայրենիք» կուսակցության ղեկավար, Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հայտարարեց մանդատը վայր դնելու իր որոշման մասին՝ հիմնավորելով, որ խորհրդարանում անելիք չկա։ Իրավացի է Վանեցյանը, իսկապես՝ գնան պառլամենտ, որ ինչ անեն։ Շատ անտրամաբանական կլիներ, եթե Վանեցյանը վայր չդներ մանդատը, հատկապես երբ ապրիլի 17-ին սկսած իր նստացույցի ժամանակ քանիցս հայտարարել է այդ մասին։

Վանեցյանն իր այս քայլով «վատ դրության» մեջ դրեց մյուս ընդդիմադիրներին, ովքեր պետք է պատասխանեն ամենապարզ հարցին՝ գնում եք խորհրդարան, որ ինչ անեք, մի տարի գնացիք, ինչ արիք, արդյոք կարողացաք այդ մանդատով կասեցնել այս իշխանությունների կործանարար գործունեությունը և երկիրն աղետից դուրս բերել։

Հիմա ի՞նչ է ստացվում խորհրդարանական ընդդիմության դաշտում։ Ստացվում է, որ ընտրություններին Վանեցյանը ահռելի ֆինանսական ռեսուրսներ է ծախսել, մասնակցել, ինչի արդյունքում խորհրդարանում են հայտնվել ՀՀԿ-ականները։ Այսինքն՝ դաշինքի խմբակցության մեջ Վանեցյանի հետ ոչ մեկը կապ չունի։ Դաշինքի 4 անդամներից 4-ը ՀՀԿ-ից են, Վանեցյանի փոխարեն մանդատ կստանա մեկ այլ ՀՀԿ-ական՝ Մարտուն Գրիգորյանը, դաշինքից դուրս եկավ Իշխան Զաքարյանը՝ հազարավոր քաղաքական տերեր փոխած «չօրենսդիրը»։ Խմբակցության անդամ է նաեւ նախկին լրագրող, «Ժողովուրդ» թերթի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյանը, ով նախորդ ընտրություններին մասնակցում էր Փաշինյանի թիմի հետ։ Ի դեպ, Թովմասյանը ավելի վաղ առաջարկել էր մանդատները վայր դնել, սակայն զարմանալիորեն առաջինը ինքը մանդատը վայր չէր դրել եւ օրինակ չէր ծառայել մյուսների համար, հիմա էլ դեռ մտածում է՝ վայր դնել մանդատը, թե ոչ։ Չի բացառվում, որ «հանրային պահանջի, պարտավորության» անվան տակ այդպես էլ մանդատը վայր չդնի, ավելին՝ հաջորդ ընտրությանը մասնակցի ընտրվելու ավելի մեծ շանսեր ունեցող ուժի ցուցակով։ Հանուն արդարության նկատենք նաեւ, որ այս խմբակցության եզակի գործունյա պատգամավորներից է Թովմասյանը, ով գոնե հարցեր է հնչեցնում, ելույթներ ունենում, խնդիրներ բարձրաձայնում։

Հիմա ՊՈՒ-ի հետ ամեն ինչ պարզ է, Վանեցյանն էլ երեւի իր համար եզրահանգումներ արել է, ինչպես հայտնի առակում էր ասվում՝ «արջը քո ականջին ի՞նչ շշնջաց», մի՞թե չշշնջաց, որ Սերժ Սարգսյանի հետ ճանապարհ չգնաս, կհամալրես «ՍՍ-ից հերթական գցվածների» շարքը։

Հուսանք՝ արդեն խորհրդարանից դուրս Վանեցյանը կկարողանա զբաղվել կուսակցաշինական գործունեությամբ, ստեղծել առողջ ուժ, հավաքել մարդկանց գաղափարների շուրջ, ոչ թե փողի քսակի եւ ակտիվորեն մասնակցել քաղաքական գործընթացների։ Ինչ վերաբերում է մյուս ընդդիմադիր դաշինքին՝ «Հայաստան» խմբակցությանը, այստեղ բոլորը պինդ-պինդ գրկել են մանդատները, վայր դնելու մտադրություն, քննարկում անգամ չկա, միայն Արթուր Ղազինյանն է հնարավոր՝ վայր դնի իր մանդատը։ Իսկ ինչու վայր դնեն մանդատները, ՀՅԴ-ն, օրինակ, իր՝ պատմական մաքսիմումի ժամանակաշրջանն է ապրում, երբեք այս կուսակցությունը 10 հոգի պատգամավոր չի ունեցել, կամ մի՞թե «Վերածնվող Հայաստանը» այնքան պիտի վերածնվեր, որ հայտնվեր խորհրդարանում, կամ անկուսակցական պատգամավորները՝ չնչին բացառությամբ, ինչպե՞ս պետք է հայտնվեին խորհրդարանում։ Հետեւաբար՝ հայտնվել են, պետք է վայելել՝ իհարկե «կապիտուլյանտ իշխանությանը հեռացնելու սոուսի ներքո»։

Եւ ամենեւին էլ էական չէ, որ դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը կարող է ճիշտ է համարում մանդատները վայր դնելը եւ սահմանադրական ճգնաժամ ստեղծելը, ավելին՝ չի բացառվում, որ Քոչարյանի կողմից ուղղակի «հրահանգ-պահանջի» դեպքում ոչ բոլորը դրան ենթարկվեն՝ մոռանալով, թե ում ռեսուրսով եւ պաստառով եկան խորհրդարան։

Մի խոսքով՝ այս խմբակցությանն էլ պայմանանականորեն կարելի է անվանել «Քոչարյանին գցածները»։ Եւ, այսպես, մեր խորհրդարանական ծանր հրետանին՝ մեկը երկրորդ նախագահին գցածները, մյուսը՝ երրորդ նախագահի գցելու շնորհիվ հայտնվածները, շարունակում են իրենց օրնիբուն նվիրական պայքարը իշխանափոխության համար։

Ամենից շատ դիտված

12:45 Շտապօգնության վարորդի աչքը կպել է, քնել է. տեսագրությունը կա. նոր մանրամասներ՝ ողբերգական ավտովթարից․ news.am
20:41 Բարև, «ՖԻՆՔԱ», ցտեսություն, վարկային պատմություն. Վիլեն Գաբրիելյանը «ճոճվում է» վարկերից
08:10 Ինչ սցենարներ են սպասվում Գյումրիում․ Հրապարակ
12:26 Վթարից մահացած շտապօգնության բժիշկն ամրակապված չի եղել. Հայկ Կոստանյան
08:52 Երկրաշարժ` Ադրբեջանում. այն զգացվել է նաև Հայաստանում
13:50 ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սահակյանը ավտովթարի օրը ալկոհոլ կամ թմրանյութ օգտագործած չի եղել
21:15 Ժամը երեքից հետո Կրասարում կյանք չկա. տեսանյութ
13:40 Երկաթգծի թունելի հիմքերը բացվել են, ամրացում չլինի՝ Հայաստանը կմնա առանց երկաթգծի. ալավերդցի  
20:30 Այն ի՞նչն է, ի՞նչը, ծնվել է Մեծ Բրիտանիայում, մեծացել է Բրազիլիայում, վախճանվել է ՀՀ-ում․ հարցեր՝ ՀՖՖ նախագահին
18:20 Ռուբեն Վարդանյանը իր համառ ու համարձակ քայլով օրինակ է ծառայել անգամ ադրբեջանցի քաղբանտարկյալների համար. նրանք հացադուլ են սկսել