Բարձրագույն դատական խորհրդի նախագահ (լիազորությունները ժամանակավորապես կասեցված են) Ռուբեն Վարդազարյանն այսօր հրավիրված ասուլիսին հրապարակեց սկանդալային
ձայնագրություն` ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանի հետ ունեցած զրույցից։ Զրույցը տեղի է ունեցել նախորդ տարվա փետրվարի 20-ին։
Ձայնագրությունից պարզ է դառնում, որ Ջհանգիրյանը Վարդազարյանին ստիպում է հրաժարական տալ, ապա ասում, որ իր «վզին դրել են», որ Վարդազարյանը պետք է հեռանա։
Սկանդալային ձայնագրությունը հրապարակելուց անցել է մի քանի ժամ։ Մենք Վարդազարյանից հետաքրքրվեցինք` այս ընթացքում Ջհանգիրյանը, ԲԴԽ-ից կամ այլ պաշտոնատար անձ իր հետ փորձե՞լ է կապ հաստատել, ասաց` ոչ ոք իր հետ կապ չի հաստատել։ ԲԴԽ-ից էլ հետաքրքրվեցինք, թե ինչպիսի՞ն է Ջհանգիրյանի արձագանքն այդ ձայնագրությանը, պատասխանեցին. «Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատարը հացի սեղանի շուրջ տեղի ունեցած մասնավոր զրույցի մանրամասները չի մեկնաբանում: Տեղեկացնում ենք նաև, որ ձայնագրությունը կատարվել է առանց պարոն Գ. Ջհանգիրյանի իմացության»։