Ուղիղ եթեր
copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 17:12 16-06-2022

Հստակ գծված ջրբաժանից հետո

Երկրի տարածքը անընդմիջում թշնամուն հանձնող ու ժողովրդին մեթոդաբար դեգրադացնող բռնակալական ռեժիմի դեմ սեզոնային ընդմիջումներով պայքարելու մարտավարությունը, իհարկե ու անկասկած, ոչ մի արդյունքի չէր կարող բերել։ Այն պետք է փոխվեր անհրաժեշտորեն ու հիմա հետևողականորեն փոխվում է։ Նաև նոր ռազմավարություն է որդեգրվում։ Վրանները հրապարակներից հանելը հենց դրա հաստատումն է. այլևս պետք չեն պայքարի շարունակականությունը ցուցադրելի դարձնող շինվածքներ ու այլ հաստատումներ, քանի որ պայքարն արդեն անկասելի ու տեսանելիորեն շարունակական է։

Լաոն արդեն արթնացել է, և ոչ միայն հրապարակում ու փողոցում ահարկու հնչող մարտակոչից ու քունը, թմբիրը վանող վտանգի գիտակցումից, այլ նաև դրածո ռեժիմի ճամբարում առաջացած խուճապի ու տանգնապի աղաղակներից և Հայաստանը թուրքին հանձնելու ու հայ ժողովրդին թրքահպատակ դարձնելու աճապարանքի աղմուկից։ Լաոն արդեն զգոն է ու էլ չի ուզում, որ իրեն խաբեն։ Այո՛, արդեն արթուններից ոչ բոլորն են հրապարակում, բայց նրանք այլևս պասիվ մեծամասնություն չեն, պետությունում կատարվողի ու երկրի ճակատագրի նկատմամբ երեկվա չքվեարկող անտարբերները չեն, ռեժիմի նեխող ճահճում իրենց տեղը որոնող կրավորականները չեն։ Արդեն ժողովրդի գերակշիռ ու որոշիչ մեծամասնությունը ուշադիր, աչալուրջ, զգաստ է, իրազեկորեն հետաքրքրվում է երկրի կյանքով ու զարգացումների ընթացքով և գիտակցում է, որ սորոսաթուրք ռեժիմի ծրագրում կա միայն մեկ` իրենից խլված Հայրենիքում թրքահպատակ ստրուկի պես ապրելու ապագա։

Թավշյա ռեժիմի բռնապետի պատկերացրած ապագայում, այո,՛ կարող են լինել խաղաղություն ու կայունություն, բայց դա անվերապահորեն լինելու է գերեզմանային, մեռելային խաղաղություն ու կայունություն։ Հիմա այդպիսի կայունություն ու խաղաղություն է տիրում, օրինակ, Ջուղայում, որտեղ թուրքերը կազմակերպված ու անպատիժ բնաջնջեցին հայկական բոլոր խաչքարերը։ Հիմա, իրոք, մեր կյանքի բոլոր բնագավառներում ու ոլորտներում բացարձակ, խորքային, հիմնավոր ճգնաժամ է։ Եթե համակարգային ճգնաժամի մեջ արտաքին կառավարման իներցիայով գոյատևող խամաճիկ իշխանութունը, «մահվան վախն աչքերում», տոտալ հոգեվարք է ապրում, ապա ընդդիմադիր ճամբարում ուժերի նոր վերադասավորումներ, ծրագրային վերափոխումներ են կատարվում։ Դիմադրության ու անհնազանդության շարժումը կազմակերպական նոր բովանդակություն, էություն ու բնույթ է ստանում։

Ինչպես օրերս հայտարարվեց, «գծվել է հստակ ջրբաժան» և անփոփոխ մնացած «Նիկոլին հեռացնելու ենք հաստատ» նպատակը փորձ է արվելու իրագործել ոչ հեղափոխական տարբերակով։ Այո՛, դիմադրության շարժումը չի ուզում հեղափոխություն անել, քանի որ իր երկրում ոչ ոք հեղափոխություն չի անում, քանի որ հեղափոխություն նախ և առաջ նշանակում է երկրում ամեն ինչ «մինչև հիմքերը քանդել» հետո նոր աշխարհ կառուցելու երբեք չիրագործվող տեսլականով։ Ընդդիմությունը իշխանափոխություն է ուզում անել անհանազանդության դրսևորումներով, վատթարը լավով փոխել է ուզում` առանց երկիրը քանդելու ու առանց զոհերի։ Ժամանակն ու հանգամանքներն անխուսափելիորեն կմտցնեն իրենց ճշգրտումները ընդդիմադիր պայքարի օրակարգում, եթե նման անհրաժեշտություններ առաջանան։

Մինչդեռ հոգեվարքի մեջ դեգերող ինֆանտների ռեժիմն ու իրենց պաշտելի առաջնորդը այս իրավիճակից դուրս գալու երկու հնարավորություն են տեսնում ու դիտարկում այսօր՝ ևս մեկ արտահերթ ընտրություններ կամ Իլհամի ու Թայիփի հետ պայմանավորված ևս մեկ պատերազմ։ Երկու «լուծումներն» էլ դավաճանական են ու հղի են ներքին, քաղաքացիական բախումներով ու ընդհարումներով։ Իսկ եթե դարձյալ մեր ներքին գործերը կառավարեն կամ ուղղորդեն արտաքին ուժերը, ապա մեզ անխուսափելիորեն սպառնում է արդեն գոյություն չունեցող եվրոպական ամենամեծ պետության` Ուկրաինայի, ուղղակիորեն Ռումինիային կցվելու երազը փայփայող Մոլդովայի, արևմուտքից թրքացող ու արևելքից ադրբեջանականացող Վրաստանի նման գոյացությունների ճակատագիրը։ Եթե դա թույլ տրվի, ապա կնշանակի, որ թավշյա հեղաշրջումը ծառայել է պատվիրատուների նպատակին, ու իրենց դրածոն կարողացել է կատարել իր ստանձնած առաջադրանքը։

Ձեզ գուցե հետաքրքրի