copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 11:00 15-06-2022

Ո՞րն էր արժանապատիվ ելքը․ կրկին սխալվեցինք

Սերժ Սարգսյանի կողմից ընդդիմության առաջնորդ «կարգված» Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարակում գաղտնազերծեց գործողությունների ծրագիրը։ Ըստ այդմ՝ ընդդիմության մարտավարության փոփոխությունը, ինչպես կանխատեսվում էր, վրանային պայքարը դադարեցնելն է։ Ֆրանսիայի հրապարակից հավաքվում են վրանները, շարժումը այսուհետ ունենալու է կոմիտեներ, ոլորտային հանձնախմբեր, «ինչի շնորհիվ լուծելու են քաղաքական, կազմակերպչական, քարոզչական ուղղություններով կադրային ներուժը ընդլայնելու, կարող նորանոր խմբեր, կարող անհատներ ընդգրկելով շարժումն ավելի ընդլայնելու և շարժմանը նոր ուժ տալու հարցը»։

Հիմա Սաղաթելյանի մյուս մտքերը եւ խոստումները արդեն քչերին են հետաքրքիր, քանի որ նա եւ մյուս ընդդիմադիրները ժամկետներ էին նշում Փաշինյանին հեռացնելու, սակայն, ինչպես ասում են, ժամը ժամից անցավ։ Տրամաբանական էր, որ առանց ծրագրի, ճանապարհային քարտեզի, լիդերի, կոնկրետ անելիքների այս շարժումը երկար չի կարող ձգել։ Պարզ էր նաեւ, որ ընդդիմությունը ինքը կրակն էր ընկել իր նախաձեռնած շարժման ձեռքին եւ արժանապատիվ ելք էր փնտրում մարդկանց «տներով» ուղարկելու։ Չէ՞ որ 40 օրերի ընթացքում, բացառությամբ մի քանի բազահազարանոց հավաքների, այդպես էլ կրիտիկական զանգված չհավաքվեց, որը կստիպեր իշխանությանը հեռանալ։ Երկրորդ՝ այս ընթացքում մարդկանց հետաքրքրությունը, մասնակցությունը շեշտակի չաճեց, փոխարենը աճեց բռնության ենթարկվածների, մեղադրյալների, կալանավորվածների թիվը։ Ավելին՝ մենք տեսանք, որ անգամ հանրային, քաղաքական գործիչներն են հետ քաշվում պայքարից՝ չհավատալով, կասկածելով, ներանձնային խնդիրներ, անհաշտություններ ունենալով։ Երրորդ՝ շարժումը չդարձավ շրջադարձային ոչ միայն առանց ծրագիր եւ լիդեր լինելու պատճառով, այլեւ այն պարզ պատճառով, որ ներսում բազմաթիվ հակասություններ կային, որոնք հաճախ հրապարակային բնույթ էին ստանում։ Չորրորդ՝ շարժումը չկարողացավ հավատացնել մարդկանց, որ եթե իրենք լինեն իշխանության, Արցախը մնալու է հայկական, ասել է թե՝ ինչպես են լուծվելու այն խնդիրները, որոնց հակահայկական լուծումների մեջ մեղադրում են այսօրվա իշխանություններին։ Հինգերորդ՝ շարժման առաջնորդները 40 օր շարունակ մարդկանց հույս, հավատ էին ներարկում, բայց անգամ միջին տրամաչափի մի պաշտոնյա հրաժարական չտվեց, կտրուկ քայլերի չգնացին, շրջափակեցին «երգի հետ կապ չունեցող» շենքեր, Փաշինյանը անարգել Սարյանում գինի խմեց, Կառավարություն եւ խորհրդարան գնաց-եկավ, իսկ առանցաքային հանրահավաքը հրավիրեցին հունիսի 14-ին, երբ հանրության մի ստվար հատված ֆուտբոլ է վայելում, երկրի առաջին դեմքերը՝ վարչապետը եւ ԱԺ նախագահը, առհասարակ երկրում չեն։

Մի խոսքով՝ ընդդիմության չարածները եւ արածները գնահատելու, քննարկելու անհրաժեշտություն այլեւս չկա, դա պատմության անցած էջ է, որը կարելի է թերթել՝ մտածելով, որ ընդդիմադիրները хотели как лучше, а получилось как всегда, բայց ամեն դեպքում ապրելով չփարատված կասկածներով՝ իսկ գուցե չցանկացա՞ն հասնել իշխանափոխության։

Ինչեւէ, իսկ ո՞րն էր արժանապատիվ ելքը։ Արժանապատիվ ելքը՝ ներողություն խնդրել ժողովրդից, որ այս անգամ էլ չհաջողվեց պայքարը, եւ հեռանալ առհավետ, ներողություն խնդրել տված հույսի, խոստումների եւ հիասթափության համար։ Բայց ընդդիմությունը նույնիսկ «վերջին արարում» չկարողացավ ազնիվ լինել, հիասթափեցրեց, նոր հույսեր կերակրեց, նորից խոստացավ եւ հեռացավ։ Իսկ մեզ մնաց այն հին համոզմունքը, որ այս ընդդիմության հետ իշխանությանը հեռացնելու ելք չկա, իշխանափոխությունը պետք է սկսել ընդդիմափոխությունից, այս դեպքում փաստորեն և՛ նորից ենք սխալվում, և՛ կրկին։

Ամենից շատ դիտված

14:40 Շատ գոհ ենք, որ բոլոր ծառերը կտրել են. հարցում՝ 3-րդ մասում
21:16 Կենդանիները քնեցվում են «լեշմանիոզ» հիվանդության անվան տակ. կենդանասեր
08:10 Գեներալները չկան, Փաշինյանը որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը․ Հրապարակ
20:44 Գյուղապետների որդիները չեն մասնակցում վարժական հավաքներին․ արմավիրցի տղաները դժգոհում են
08:17 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար»-ը մեկնաբանելու համար․ Հրապարակ
08:53 Lավ գիտեի, որ «լուծարման» փաստաթուղթը անօրինական է, բայց դա միակ ձևն էր՝ փրկելու իմ հայրենակիցներին
00:30 Ադրբեջանցիները անարգել գալիս են մեր գյուղ՝ իրենց հարազատների գերեզմաններին այցի. Բյուրակնի բնակիչ
23:30 Հայաստանն իր պաշտպանությունը չի հոգացել ո՛չ նախկինում, ո՛չ հիմա. նախկին ԱԱԾ-ականների հայտարարության առթիվ
09:00 Աղքատներն են ընտրում Փաշինյանին, բայց երկիրը վայելում են հարուստները
23:47 Սպասում ենք ԱԺ արտահերթ ընտրություններին. Շմայսի եղբայրը կուսակցություն է հիմնել