copy image url
Ներքին Խոսք 1 տարի առաջ - 16:23 14-06-2022

Ինձ այդ նախարարությունը ընդհանրապես չի հետաքրքրում․ արտիստները՝ ժողովրդական և վաստակավոր արտիստի կոչումների չեղարկման մասին

Լիլիթ Հարությունյան

Լրագրող

«Ինձ այդ նախարարությունը ընդհանրապես չի հետաքրքրում»։ Այս մասին oragir.news-ի հետ զրույցում ասաց Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը՝ պատասխանելով մեր այն դիտարկմանը, որ ԿԳՄՍ նախարարությունը մտադիր է չեղարկել ժողովրդական և վաստակավոր արտիստի կոչումները։

Հիշեցնենք՝ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը «ՀՀ պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախաձեռնությամբ է հանդես եկել, համաձայն որի՝ նախատեսվում է չեղարկել ժողովրդական և վաստակավոր արտիստի կոչումները։ «Նշյալ պատվավոր կոչումների չեղարկումը պայմանավորված է մի շարք պատճառներով։ Մասնավորապես, որևէ արվեստագետի կամ մշակութային գործչի ժողովրդական լինելը չի կարող սահմանվել այս կամ այն փորձագիտական խմբի հայեցողությամբ: Չկան ժողովրդականության չափման օբյեկտիվ չափանիշներ և «ժողովրդական» կոչումն ունի զուտ բարոյական նշանակություն, արտացոլում է ստեղծագործողի ժողովրդականությունն ու հանրային ճանաչելիությունը, ինչը չի կարող վավերացվել որևէ մարմնի կողմից»,- ասված է հիմնավորման մեջ։

Մեր այն հարցին, թե ինչպես կմեկնաբանի այս որոշումը, ըստ նրա՝ ինչի են ուզում դրանով հասնել, Թոխատյանն ասաց. «Ես բան չունեմ ասելու, ես այդ նախարարության հետ որևէ կապ չունեմ, իրենց որոշումների հետ որևէ կապ չունեմ ու չեմ հասկանում՝ իրենք ինչով են զբաղված։ Ես այդ նախարարության հետ կապ չունեմ, նույն հաճույքով դուք հիմա կարող եք ինձ գյուղատնտեսությունից և արդյունաբերությունից հարց տալ»։

Oragir.news-ը այս թեմայի շուրջ զրուցեց նաև Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանի հետ, ով, անդրադառնալով ԿԳՄՍ նախարարության «ՀՀ պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելուն, ասաց. «Ես ժողովրդական արտիստ եմ, ամբողջ կյանքս ծառայել եմ, և երբևէ մտքովս չի անցել, որ նման կոչման կարժանանամ, բայց երբ արժանացա, ես շատ շոյվեցի։ Այսինքն՝ մարդը շոյվում է, երբ իր հայրենիքը իրեն գնահատում է․ ես այս կարծիքին եմ։ Ես այդ որոշման ճիշտ ու սխալը չեմ կարող ասել, բայց նորից եմ ասում՝ մարդ շոյվում է, երբ իր հայրենիքը, իր պետությունը իր վաստակը գնահատում է»,- ասաց Պողոսյանը։

Իսկ մեր այն դիտարկմանը, որ նախարարությունը այդ կոչումների չեղարկման համար որպես պատճառ է վկայակոչում նաև այն, որ որևէ արվեստագետի կամ մշակութային գործչի ժողովրդական լինելը չի կարող սահմանվել այս կամ այն փորձագիտական խմբի հայեցողությամբ, Պողոսյանը պատասխանեց. «Այսքան տարիներ հանձնաժողով էլ է եղել, չափանիշ էլ է եղել, ես մշակույթի մարդ եմ, և ես ձեզ պատասխանեցի»։

Ձեզ գուցե հետաքրքրի