Ուղիղ եթեր
copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 18:13 12-06-2022

Ազատ մարդը խղճի ցավալի խայթ կզգա

Ոչ ոք չի ժխտում, որ խորհրդային բռնազավթման տարիներին մտավորականների, զինվորականների, 100 հազարավոր անմեղ մարդկանց գնդակահարությունը, աքսորը, հալածանքները մարդկության դեմ հանցագործություն են։ Սակայն ՀՀ-ում պատշաճ մակարդակով չեն հարգում կոմունիզմի զոհերի հիշատակը։ Կորցրե՞լ ենք խիղճը։

«Բռնադատվածների մասին» ՀՀ օրենքն ընդունվել է ՀՀ 1-ին նախագահի օրոք՝ 1994-ին։ ՀՀ 2-րդ նախագահի օրոք՝ 2006-ին, բռնադատվածների հիշատակի օրը՝ հունիսի 14-ը, ներառվել է ազգային օրացույցում։ ՀՀ 3-րդ նախագահի օրոք՝ 2008-ի վերջին, բացվել է բռնադատվածների հիշատակին նվիրված հուշահամալիր։ 2014-ից բարձրաստիճան ոչ մի պաշտոնյա չի այցելում հուշահամալիր։ Ո՞վ կամ ի՞նչն է կաշկանդում հայ մարդուն հարգանքի տուրք մատուցել կոմունիզմի զոհերի հիշատակին, հարգել խորհրդային բռնազավթման տարիներին գնդակահարված մտավորականների, աքսորված սպաների, հալածված հոգևորականների, բռնի տեղահանվածների հիշատակի օրը:

Հունիսի 14-ը նշվում է երբեմնի բախտակից բազմաթիվ երկրներում, նույնիսկ՝ ԱՄՆ-ում: Վրաստանում կառուցված է խորհրդային բռնազավթման տարիների զոհերի հիշատակի թանգարան: Մերձբալթյան պատմաբանները 1940-ականների զանգվածային հալածանքներն այսօր որակում են ցեղասպանություն:

Ապրիլի 24-ը օրացույցի սովորական օր էր մինչև 1965-ը։ Խորհրդային միության և Թուրքիայի միջև եղբայրական հարաբերություններն ու 1921-ի մարտի 16-ի պայմանագիրն արգելում էին խոսել մարդկության դեմ կատարված հանցագործության մասին։ Սառը պատերազմի թեժ շրջանում վերաբերմունքը փոխվեց, Երևանում կառուցվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթող, որը մաքրվում, խնամվում է ոչ միայն ապրիլի 24-ին, այլև տարվա բոլոր օրերին։ Իսկ կոմունիզմի զոհերի հուշահամալիրը չի խնամվում, պաշտոնյաները չեն այցելում, հարգանքի տուրք չեն մատուցում։ Արդարացնու՞մ են խորհրդային բռնաճնշումները։

Ամեն տարի՝ հունիսի 14-ին, բռնադատվածների հիշատակին նվիրված հուշահամալիր են այցելում հարյուրավոր մարդիկ։ Երեխա ժամանակ աքսորվածների մանկական հիշողությունները վառ գույներով են, սարսափելի պատկերները պատմում են ժպիտով, դրանք խառնում մանկության հիշողությունների հետ: Նրանք այսօր տատիկ-պապիկ են դարձել, բայց դեռ սպասում են այն օրվան, երբ ժողովուրդը պատշաճ հարգանք կցուցաբերի կոմունիզմի զոհերի հիշատակի նկատմամբ։ Այդ օրը ազատ մարդը խղճի ցավալի խայթ կզգա, որ տարիներ շարունակ չէր հարգում կոմունիզմի զոհերի հիշատակը, ինչպես սովետահպատակը 50 տարի «մոռացել էր» Հայոց ցեղասպանության մասին։