Երևան +21°
Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 21:23 19-03-2023

Երբ գիշերը գա, մտեք ձեր հոգու սենյակը և խոսեցեք ձեր խղճի հետ․ եղե՞լ եք այնքան անձնազոհ, որքան Արամը

Անհնար է պատկերացնել հայոց պետականաստեղծման գործընթացը, մոխիրների միջից վերածնված Հայաստանի առաջին հանրապետության ծնունդը առանց Արամ Մանուկյանի հիշատակման։ Նրան, իրավամբ, համարում են Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիրը։

Արամ Մանուկյանը խոհուն պետական և քաղաքական գործիչ էր։ Նա բարեբախտության նվերն էր հայ ժողովրդին, որն ընծայվեց մեզ մեր պատմության ամենաբարդ ժամանակաշրջանում։

Պատմության քառուղիներով երկար քայլած հայ ժողովուրդը 20-րդ դարասկզբին ծնկել էր հոգնությունից ու տառապանքից․ նրան գերմարդկային մի սխրանք էր պետք՝ նորից ոտքի ելնելու ու ապրելու համար։
Հայ ժողովրդի կորացած մեջքը շտկողներից մեկը եղավ Արամ Մանուկյանը։

1875 թ․ այս օրն է ծնվել խորագետ հայորդին։




Ճակատագիրն Արամին ամենատարբեր ափեր նետեց․ նա ապրեց ու պայքարեց ամենատարբեր վարչակարգերում․ պայքարեց ցարիզմի հայահալած քաղաքականության դեմ, կռիվ տվեց համիդյան ջարդարար ոհմակների դեմ, հավատաց մի պահ երիտթուրքերին՝ խաբված նրանց եղբայրության ու հավասարության կոչերից, բայց կրկին զարթնեց նրա մեջ խորագետ գործիչը, հավաքեց ուժերն ու եղեգան փողից ծնունդ տվեց հայոց պետականությանը։

Արևմտյան Հայաստանում ծավալած գործունեության առաջին իսկ տարիներից Արամն իրեն դրսևորեց որպես հետևողական, կազմակերպչական մեծ ջիղ ունեցող գործիչ։

Նրա ղեկավարությամբ իրականացված քայլերի շնորհիվ ՀՅԴ Վասպուրականի կառույցը դարձավ ամենամարտունակ ու հեղինակավոր կազմակերպությունը Արևմտյան Հայաստանում, իսկ ինքը կարճ ժամանակում ձեռք բերեց մեծ հեղինակություն և ժողովրդի կողմից արժանացավ «փաշա» տիտղոսի։

1908 թ․ երիտթուրքական հեղաշրջումից հետո Արամն արտահայտվեց նրանց հետ համագործակցելու կուսակցական գծի օգտին, սակայն երբ պարզ դարձավ, որ նրանք էլ շարունակում են նախկին վարչակարգի հայաջինջ քաղաքականությունը, Արամ Մանուկյանն ամեն կերպ փորձեց Վանի հայությանը փրկել զրկանքներից և ջարդերից, իսկ երբ բանակցությունների միջոցով այլևս անհնար դարձավ կանխել աղետը, նա կազմակերպեց 1915 թ․ Վանի ինքնապաշտպանական մարտերը։

«Մեր կացությունը հուսահատական է այն ատեն, որ ընտրելու միայն մեկ բան կմնար մեզի համար․ կա՛մ անձնատուր ըլլալ ու թողուլ, որ խողխողեն մեզ իբր ոչխար, կա՛մ մեռնիլ զենքը ձեռքներիս կռվելով»,- նկատել է նա։



Վանի ինքնապաշտպանական մարտերի շնորհիվ շուրջ 150․000 վասպուրականցիներ փրկվեցին անխուսափելի կոտորածից, սակայն, ցավոք, առջևում դեռ սպասվում էր մեծ հուսահատություն։

1915 թ․ մայիսի 5-ին Արարատյան կամավորական գնդի հեծելազորը դաշնակցական Խեչոյի և Դալի Ղազարի հրամանատարությամբ մտավ Վան, իսկ հաջորդ օրը Վան հասան կամավորական գնդերի հրամանատարներ Դրոն, Քեռին, Վարդանը, նաև ռուսական բանակի Բայազետան զորաջոկատի հրամանատար, գեներալ Ա․ Նիկոլաևը, որին էլ Արամը վանեցիների անունից հանդիսավորությամբ հանձնեց քաղաքի բանալիները։ Հաջորդ օրը՝ մայիսի 7-ին, Արամ Մանուկյանը նշանակվեց Վանի նահանգապետ։ Սակայն կարճ տևեց հայ ժողովրդի ցնծությունը․ Կովկասյան բանակի 4-րդ կորպուսի նահանջի հետևանքով հուլիսի 18-ին Վան-Վասպուրականի հայությունը հարկադրաբար բռնեց գաղթի ուղին։

Օրակարգում էր գոնե Արևելյան Հայաստանը թուրքական ներխուժումից ու նոր կոտորածներից պաշտպանելու հարցը․ 1917 թ․ դեկտեմբերին Թիֆլիսի Հայոց Ազգային և Հայ զինվորական խորհուրդները Արամ Մանուկյանին արտակարգ լիազորություններով գործուղեցին Երևանի նահանգ։ Արամ Մանուկյանը գերմարդկային ճիգեր գործադրեց՝ հայությանը սպառնացող նոր ողբերգությունը կանխելու համար։

Երևանի Հայոց Ազգային խորհրդում ունեցած իր ելույթում Արամ Մանուկյանը շեշտեց․ «Ամեն ոք իր մասին է մտածում։ Իր երկրի սահմաններից դուրս եթե նայող կա, նայում է միայն հանուն իր շահի։ Հայերով ոչ ոք չի հետաքրքրվում՝ շոշափելի օգնություն հասցնելու մտքով։ Դրա հակառակը․ կա դավադրական վերաբերմունք։ Մենակ ենք և պետք է ապավինենք միայն մեր ուժերին՝ թե՛ ճակատը պաշտպանելու և թե՛ երկրի ներսը կարգ հաստատելու համար»։




Արամը ցուցաբերեց նախանձելի համառություն, երկաթյա կամք, արտակարգ կազմակերպչական ունակություններ և հետևողականություն՝ ժողովրդի գիտակցության մեջ սեփական ուժերին ապավինելու գաղափարն ամրապնդելու և թշնամու դեմ համազգային շարժում կազմակերպելու համար։

Սարիղամիշի, Կարսի, Ալեքսադրապոլի անկումից հետո գերմարդկային ճիգով հայ ժողովուրդը բռունցքվեց․ «․․․․ ոչ մի նահանջ ոչ մի գծի վրա։ Նահանջ Երևանից՝ կնշանակե խաչ քաշել մեր ամբողջ գործունեության և մեր ապագա քաղաքական մուրազներու վրա, բոլորդ պիտի մնաք և մեռնիք»,- պահանջեց Մանուկյանը։


Մայիսյան հերոսամարտերը, որոնց կազմակերպմանն Արամ Մանուկյանը ունեցավ առաջնակարգ դերակատարություն, փրկեցին հայ ժողովրդին վերջնական բնաջնջումից և հնարավոր դարձրին Հայաստանի անկախությունը։



ՀՀ կառավարության մեջ Արամ Մանուկյանին վստահվեց Ներքին գործերի նախարարությունը։ Դժբախտաբար նրան վիճակված չէր երկար ապրել։

Ժողովրդի հետ ամենաօրյա շփումների մեջ գտնվող գործիչը 1918 թ․ դեկտեմբերին վարակվեց հանրապետությունում մոլեգնող բծավոր տիֆով և 1919 թ․ հունվարի 29-ին կնքեց իր մահկանացուն։ Նրա հուղարկավորությունը վերածվեց համաժողովրդական սուգի։



Նրա թաղմանը Նիկոլ Աղբալյանն իր ելույթում նշեց․ «․․․․Երբ գիշերը գա, մտեք ձեր հոգու սենյակը և խոսեցեք ձեր խղճի հետ և ասեք՝ արդյո՞ք աշխատել եք հայ ժողովրդի համար, ինչպես Արամը, եղե՞լ եք այնքան անձազոհ, որքան Արամը, տվե՞լ եք ձեր ամբողջ կյանքը հայ ժողովրդին, ինչպես Արամը»։


Ամենից շատ դիտված