Միտք Ներքին 3 տարի առաջ - 12:00 09-06-2022

Կեղծ երեսպաշտությունից մինչեւ քաղաքական անբովանդակություն․ Անահիտ Ավանեսյանի «անկոչ հյուրերը»

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը երկու օր է՝ նորից հանրային քննարկումների տիրույթում է։ Տիկին նախարարը այդպես էլ չհասկացավ, որ իր լավագույն շահը լռելն է, ոչնչից չխոսելը՝ սկսած կորոնայից եւ առողջապահությունից, վերջացրած քաղաքական հայտարարություններով։ «Երբեմն զարմանում եմ մեր ոստիկանների համբերության և նրանց պինդ նյարդերի վրա, նրանք փայլուն ծառայություն են իրականացնում, նաև շնորհակալություն եմ հայտնում նրանց»,- հայտարարեց Անահիտ Ավանեսյանը, իսկ հաջորդ օրն արդեն անկոչ հյուրեր ունեցավ։

Ընդդիմադիր երեք կին պատգամավորները՝ Աննա Մկրտչյանը, Ասպրամ Կրպեյանը եւ Քրիստինե Վարդանյանը «ներխուժեցին» նրա աշխատասենյակ, նախարարի ուղղությամբ շպրտեցին դիահերձարանի հայտնի լուսանկարները, իրենց «սրտի» խոսքը ասացին, նկարահանեցին ողջ ընթացքը եւ հեռացան։ Ավանեսյանը չհասցրեց հասկանալ անգամ՝ ինչ է կատարվում, ովքեր են իր աշխատասենյակում, եւ ի պատիվ իրեն՝ պետք է նկատել, որ այս անորոշության պայմաններում բավականին զուսպ վարք դրսեւորեց։ Հիմա Ավանեսյանի այս հայտարարությունը եւ դրան հաջորդած «ակցիան» ալեկոծել է հայ քաղաքական-հասարակական դաշտը։

Հարց առաջին․ Անահիտ Ավանեսյանի՝ ոստիկաններին ուղղված դիֆերամբներից ինչո՞ւ եք զարմանում, չէ՞ որ իշխանությունը 24 ժամ գովերգում եւ փառաբանում է այդ «սուրբ» ոստիկաններին, այդ ի՞նչ ցնցող, տարբերվող հայտարարություն է արել տիկինը, որ շուրջբոլորը հուզվել են, կարծես որեւէ անսպասելի բան կար։

Երկրորդ՝ Անահիտ Ավանեսյանի զարմիկի մահը 44-օրյա պատերազմի ժամանակ ի՞նչ կապ ունի այս ակցիայի, միջադեպի հետ, որ շարունակ շահարկում են, մանավանդ որ այս պարագայում Ավանեսյանի համար պետք է անընդունելի լինեին իր քաղաքական ղեկավարության քայլերը, պետք է խիստ անձնական, ցավալի լիներ մեր տղաների կորուստը։

Երրորդ՝ առնվազն կեղտոտ մանիպուլյացիա է հայտարարել, թե պատգամավորները հերոսների լուսանկարներն են շպրտել հատակին։ Այո՛, նույնիսկ դիահերձարանի լուսանկարները չարժեր շպրտել, եթե դրա նպատակը նախարարին «քնից» զրկելն էր, նրան մեկ անգամ եւս հիշեցնելը, կարելի էր պարզապես դնել սեղանին, բայց եկեք ընդունենք, որ տղաների մասունքները «պարկերում» պահելու համար ծպտուն չհանողները այսօր հուզվել են լուսանկարները նախարարի ուղղությամբ շպրտելուց։ Ու այս ամենին էլ սեքսիստական ուղղություն են հաղորդել, թե օ՜, ինչպիսի անհանդուրժողականություն միակ կին ղեկավարի նկատմամբ, ձեզ կանացի պահեք եւ այլն։ Սա առնվազն կեղծ երեսպաշտություն է։

Չորրորդ՝ ընդդիմադիր կին պատգամավորներին այսօր մեղադրում են խուլիգանության, պետական շենքեր մտնելու մեջ։ Բայց քննադատողները մոռանում են, որ սա «նիկոլսթայլի» մեջ է տեղավորվում, ընդդիմության այսօր «խուլիգանությունը» այս իշխանությունը արել է 2018թ․-ին, երբ ներխուժում էր ռադիոտուն, ԵՊՀ, երբ Արարատ Միրզոյանը հայտարարում էր, թե «մենք ինչ ուզում, անում ենք, որ շենք ուզում, մտնում ենք»։

Հինգերորդ՝ այս ամեն ինչով հանդերձ՝ ամեն դեպքում այս ակցիայի քաղաքական կոմպոնենտը անհասկանալի է։ Ի՞նչ նպատակով արվեց, ինչո՞ւ արվեց, ինչի՞ հասան։ Տպավորություն է, թե ընդդիմությունը փակուղու առաջ է հայտնվել, անկանոն շարժումներ է անում, ընդ որում՝ առաջին պլանում կանայք են, որովհետեւ տղամարդկանց հետ դաժան հաշվեհարդար կտեսնեին։ Հուսանք՝ հաջորդ ակցիաները ավելի թիրախային կլինեն՝ գրագետ, ճիշտ կազմակերպված, հասուն, նպատակ ունեցող եւ խնդիր լուծող․․․

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
14:37 Հուսախաբված դուրս եկան. դաշնակցականը` խուզարկությունների վերաբերյալ
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից