copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 17:25 08-06-2022

Երկու դրվագ ուսապարկերի կյանքից

Մանդատավոր ուսապարկերից մեկին, որը հաստատ Կռիլովի առակներից շատերի հիմնական «հերոսի» բնորդն է եղել նախկինում, մարդիկ ազնվորեն «խոզ» են անվանում։ Ախր շատ նման է։ Իսկ հատկապես «կույր խոզ» կոչականը, օրինակ, նրա ամենադիպուկ բնութագրությունը կարող է համարվել։ Ով գոնե մեկ անգամ լսել ու տեսել է այդ ագահ ու անհագ կենդանուն, նույնիսկ մեծ ցանկության դեպքում չի կարող չհամաձայնել։

Ողջ անհեթեթութունն այն է, որ իրերն իր անունով կոչելը, առարկային ճշգրիտ ու հակիրճ, ճանաչելի ու անշփոթելի բնութագրական տալը մեր երկրում դեռ առկա «ժողովրդավարության բարձրագույն լիգա մտած» սորոսաթուրք ռեժիմը ոչ միայն չի խրախուսում, այլև «հանրորեն վտանգավոր արարք» է որակում։ Եվ հենց այդ աններելի, անհանդուրժելի, իր ծայրահեղ վտանգավորությամբ թրքահաճությունը, դավաճանությունը, հայատյացությունը գերազանցող արարքի համար արդեն երկրորդ մարդուն ու իր կարծիքը ազնվորեն արտահայտող արդեն երկրորդ քաղաքացուն է քրեական մեղադրանք առաջադրում։ Իսկ գուցե իրոք մինչև այսօր այդ մանդատավոր ուսապարկին ոչ ոք հայելի ցույց չի տվել, որևէ մեկը ականջին մտերմաբար չի շշնջացել, որ «իրա քոռ աչքն ա ամեն ինչ ծուռ տեսնում»։

Այնուամենայնիվ, խիստ կասկածելի է, թե տեսած ամբողջ կաղինը միանգամից զխտկող այդ կենդանուն գոնե վերջին չորս տարվա ընթացքում ոչ ոք ու երբեք չի զգուշացրել, որ չի կարելի «խաղ անել ծառի հետ», որ հատկապես առողջության համար է վնասակար բացարձակ անգետ լինել ու ընդհանրապես չգիտակցել, որ անխուսափելիորեն բոլոր ուսապարկերը ինչ-որ պահից անտեր են մնալու, ոչ մեկինը չեն լինելու և ուտիլիզացվելու են։ Ուստի և կասկածները բազմապատկվում են, երբ ճշմարտախոս ու սեփական կարծիքն արտահայտող երկու քաղաքացիներին մեղադրող կողմը ուզում է համոզել, թե «ուտեմ, պառկեմ, գիրանամ» օրակարգով ապրող այդ ապերախտ կենդանին, այդ կախ գլուխ կուզիկը արժանապատվություն ունի։

Յուրաքանյուր խելամիտ մարդ, առավել ևս, երբ այդ մարդը առանց որևէ հեռախոսազանգի կամ կարգադրության արդարադատությանը ծառայող դատավոր կամ դատախազ է, երբեք ինքնակամ չի կարող հավատալ, թե նման վիզ ունեցող թյուրիմացությունը կարող է զգալ, որ ի բնե իր չունեցածը «հրապարակայնորեն ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորել» են։ Կենդակերպերի դասին պատկանող մանդատավոր ուսապարկերի ընտանիքը ցավալիորեն աչքի չի ընկնում բազմազանությամբ։ Փոխարենը աչքի է զարնում սրանց բոլորին հատուկ միատեսակ երջանիկ բթությունը։ Ու գրեթե միշտ սրանց հետ առնչվելու դեպքում գերագույն ջանքեր են պահանջվում, որպեսզի կարողանաս զանազանես, թե այդ ընտանիքում ուսապարկերից ով է հայրը, ով է մայրը կամ ով է պարզապես ընտանիքի բարեկամը։

Հենց այսպիսի անսեռ ու անտարբերանշան, բայց նույնպես մանդատավոր մեկ ուրիշ ուսապարկ օրերս հայտարարել է, թե «հանրային հեռուստաընկերությունն այնքան ազատ է, որ շատ դեմքեր հրաժարվում են մասնակցել կազմակերպված բանավեճին»։ Ա՛յ, լսում ես իներցիայով խոսելու ընդունակութունը դեռ չկորցրած, բայց իր իսկ ասածի իմաստը արդեն ընկալել չկարողացող խամաճիկի խամաճիկին, ու հարցնելու անդիմադրելի ցանկություն է առաջանում․ իսկ դուք հասկանո՞ւմ եք, թե ինչ ապուշություն եք դուրս տալիս։ Թեև անմիջապես էլ հասկանում ես, որ բոլոր սանիտարները գլխավոր գերագույն խամաճիկին են հսկում, ու սրան զսպաշապիկ հագցնող չի եղել։ Սա էլ օգտվել է վերահսկողությունից դուրս մնալու հազվադեպ րոպեներից ու փորձել է դատարկ գլխում հայտնված առաջին իսկ միտքը բարձրաձայն արտասանել։ Ստացվել է ինչպես միշտ, ու բոլոր ուսապարկերի դեպքում է։ Սանիտարներից ու հոգեբույժներից պահանջներ անձամբ ես չունեմ, թեև հենց իրենք են, որ բուժումը կիսատ են թողել ու աչքաթող են արել անվերադարձ ուղեղները հարթեցրած թավշականներին։ Ընդհակառակը, շնորհակալ եմ նրանց, որ ուսապարկերի ճամբարում առկա և ուղեղներում կատարվող խելագարությունների մասին տեղեկանալու հնարավորություններ են երբեմն ստեղծում։ Այլապես մենք երբեք չէինք իմանա առանձնակի խստությամբ ժողովրդից հետևողականորեն թաքցվող թավշյա իրականությունը։

Հիմա պարզվում է, որ Հանրային հեռուստաընկերությունում կազմակերպվող բանավեճերին մասնակցելու հրավեր են ուղարկում, ապա նաև պարտադրում են մասնակցել մանրակրկիտորեն ընտրված, վերահսկելի, թելադրանքին ենթարկվող ու գլխավոր խամաճիկին հաճելի մտքեր արտահայտել պարտավորվող դեմքերի։ Ու անգամ այս իրավիճակում շատերը հրաժարվում են մասնակցել սցենարավորված բանավեճին, քանի որ բոլորը նախ և առաջ նման մի հարց են տալիս. «Իսկ կարելի՞ է ունենալ այլ կարծիք, արտահայտել այլ տեսակետ` բացի նրանից, որը դուք բոլորին պարտադրում եք»։ Եվ ստանում են կտրուկ ո՛չ պատասխանը ու հրաժարվում են, քանի որ ոչ ոք ուղղակի չի ուզում աշխարհով մեկ խայտառակվել՝ հանուն ոչնչի։