copy image url
Մշակույթ Ավելին 1 տարի առաջ - 21:12 03-06-2022

Ով Դոստոևսկի, Չարենց չի կարդացել, իրավունք չունի նկարել

Հունիսի 8-ին Մոսկվայի Արևելքի արվեստի պետական ​​թանգարանում կբացվի «Էդմոնդ Պետրոսյան. միստերիաներ Լեռնային Ղարաբաղից» խորագրով ցուցահանդեսը, որտեղ կներկայացվեն նկարչի ավելի քան 60 կտավներ:

Ո՞վ է Էդմոնդ Պետրոսյանը, որին Հայաստանում գրեթե չեն ճանաչում, իսկ Մոսկվայում արդեն բացվում է նրա չորրորդ ցուցահանդեսը։

2019-ին Ստեփանակերտում մահկանացուն կնքած ինքնուս այս նկարչի կտավները ռուսական թանգարանների հավաքածուներում հայտնվել են դեռևս նրա կենդանության օրոք, նրա նկարներն այսօր հաջողությամբ վաճառվում են աճուրդներում և մասնավոր պատկերասրահներում։

Էդմոնդ Պետրոսյանը ծնվել է 1947 թվականին Շուշիում։ Դպրոցն ավարտելուց հետո սովորել է Կրասնոյարսկի կոմունալ ծառայությունների ինստիտուտում, որտեղից վերադարձել է հայրենիք և աշխատել շինանյութի գործարանում։ Այնուհետև տարվել է ֆուտբոլով, խաղացել է ԼՂԻՄ-ի ֆուտբոլի թիմում։ Դասավանդել է քաղաքային մարզադպրոցում։ Այս շրջանում է ձեռք բերել Դիկեն մականունը, որը հետագայում ուղեկցել է նրան իր ողջ կյանքի ընթացքում։

Արցախյան առաջին պատերազմի տարիներին Էդմոնդի հրեա կինը թողել է ընտանիքը և գնացել Իսրայել, իսկ դուստրը բնակություն է հաստատել Կրասնոդարում։ Ժամանակի ընթացքում հայրենիքը լքել են նաև նրա եղբայրներն ու քույրերը։ Էդմոնդ Պետրոսյանը մնացել է Ստեփանակերտում մենակ`իր երկհարկանի մեծ տանը։

Ասում են, որ նրա ոչ այնքան բարեկարգ տունը լի էր գրքերով, նկարներով ու հյուրերով, որոնց համար տանտերը տարբեր պատմություններ էր պատմում` մեջբերելով Վերգիլիոսին, Լուկրեցիոսին, Պրուստին ու Արիստոտելին։

Այս միայնակ, համեստ, թախծոտ աչքերով մարդուն մի օր երազում ինչ-որ մեկն ասում է՝ պետք է նկարես, և ցույց է տալիս նրա ապագա նկարը։ Արդեն քառասունն անց Էդմոնդը առավոտյան արթնանում ու շտապում է թուղթ ու ներկեր գնելու։

Այդ պահից նա սկսում է նկարել մշտապես։ Նկարիչը վստահեցնում էր, որ երազում էր տեսնում սյուժեները, իսկ առավոտյան արթնանալով՝ արագ մատիտով էսքիզներ էր անում, որ չմոռանա, իսկ հետո գունավորում էր։

Նկարիչը հարցազրույցներից մեկում խոստովանում է, որ ինքը ակադեմիական որևէ պատկեր չի կարող ստեղծել։ Նա թղթին ու կտավին փոխանցում է իր տխրությունը, ցավն ու թախիծը. «Պետք է այնպես նկարես, որ փիլիսոփայություն լինի մեջը։ Ով Դոստոևսկի, Չարենց չի կարդացել, իրավունք չունի նկարել»։

Այսպես, ամեն օր Էդմոնդն արթնացել ու ստեղծել է հերթական մի յուրօրինակ աշխատանք։ Առանց մոլբերտի ու առանց հատուկ հարմարությունների և պարագաների նա աշխատել է օր ու գիշեր։

Մի անգամ մոսկվաբնակ նրա ընկերը` Տիգրան Շահրամանյանն այցելել է Էդմոնդին ու օգնության նպատակով մի քանի նկար գնել նկարչից։
Այնուհետև մոսկովյան արվեստաբանները, գալերիստներն ու կոլեկցիոներները միանգամից հետաքրքրվել են նկարչի արվեստով։

Ավելին` 2014 թվականին Մոսկվայի Art-Naive պատկերասրահում բացվել է Էդմոնդ Պետրոսյանի առաջին անհատական ​​ցուցահանդեսը։ Մեկ տարի անց՝ ևս մեկը՝ «Սարերի միջով», Նաիվ արվեստի թանգարանում։ 2017 թվականին «Հուզական անհանգստություններ» ցուցահանդեսը` «Նագոռնայա» պատկերասրահում։ Որոշ գործեր ձեռք են բերել Կոլոմնայի օրգանական մշակույթի թանգարանը և Մոսկվայի Նաիվ արվեստի թանգարանը:
2019 թվականին լույս է տեսել տեղեկատու-գիրք, որտեղ ներկայացված են աշխարհի պրիմիտիվ արվեստի հետևորդ-նկարիչները։ Այստեղ ընդգրկվել է նաև Էդմոնդ Պետրոսյանը։

Իր այս հաջողութուններին Էդմոնդ Պետրոսյանը հետևել է հեռվից` իր հայրենիքից։

2017-ին` մահից երկու տարի առաջ, նա հայտնվել էր հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, որտեղից էլ որոշել էին նրան ուղարկել ծերանոց։ Էդմոնդ Պետրոսյանի դուստրն առաջարկել է հորը գնալ իր հետ ապրելու, սակայն նկարիչը հրաժարվել էր հեռանալ հայրենիքից. «Իմ տեղն այստեղ է, այս տանը»։

Ծերանոցի պատերը շատ արագ ձևավորվել էին Էդմոնդի աշխատանքներով։ Իսկ իր սեփական տան պատին ավելացել էր գրառում. «Տե՛ր, փրկիր այս տունը»։ Էդմոնդ Պետրոսյանը չտեսավ արցախյան երկրորդ պատերազմն ու հայրենիքի կորուստը։ Տունը վաճառվեց 2021-ին։

Հունիսի 8-ից սկսած՝ մեկ ամիս շարունակՄոսկվայի հեղինակավոր Արևելքի արվեստի պետական ​​թանգարանում կցուցադրվեն Էդմոնդ Պետրոսյանի միստիկ նկարները, որտեղ գերակշում են երեք գույն, որոնց բացատրությունը նկարչինն է. «Իմ սիրելի գույներն են դեղինը, կապույտ և սպիտակը: Դեղինն ինձ համար տխրություն է, կապույտը՝ կյանք, իսկ սպիտակը՝ անհայտ ու անորոշ մի բան»։

Ֆոտոշարք