copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 13:08 02-06-2022

Հունիսի 3-ը ջրբաժան է առաջին հերթին ընդդիմության համար․ ի՞նչ անել և ի՞նչ չանել

Մի քանի օր է՝ քաղաքական-հասարակական շրջանակներում քննարկվում է «Դիմադրություն» շարժման պայքարի ճակատագիրը։ Տպավորություն է, որ ընդդիմադիրներն էլ են լուրջ փակուղու առաջ կանգնած, չգիտեն ինչ անել, ինչպես մարդկանց պահել փողոցում կամ վերադարձնել փողոց, այլեւս citytour-երը եւ «Նիկո՛լ, դավաճան» վանկարկումները, անգամ Արցախի դրոշը այստեղ եւ այնտեղ տեղադրելը «ցնցում» չեն առաջացնում։ Այս պայքարը դարձավ ամենօրյա, շատերի համար՝ արդեն անհետաքրքիր։ Այնպես որ, ռեսթարթի անհրաժեշտություն, իրոք, կա։

Հիմա ընդդիմությունը՝ ի դեմս Իշխան Սաղաթելյանի քանիցս հայտարարել է, որ հունիսի 3-ը ջրբաժան է, իրենք լինելու են խորհրդարանում՝ իրենց օրակարգով հրավիրված արտահերթ նիստին մասնակցելու համար։ Նիստը, սակայն, հնարավոր է՝ չկայանա քվորման պատճառով, քանի որ իշխող քաղաքական մեծամասնությունը չի մասնակցելու դրան։ Իսկ մինչ նիստը «Դիմադրություն» շարժումն ընկել է դռնեդուռ, հանդիպել երկու տասնյակից ավելի արտախորհրդարանական ուժերի հետ և քննարկել Արցախի վերաբերյալ շարժման հրապարակած հայտարարությունը։ «Դիմադրություն» շարժումը, մասնավորապես, հայտարարել էր․ 1. Արցախը երբեք չպետք է լինի Ադրբեջանի կազմում։ 2. Սահմանագծման, սահմանազատման աշխատանքներ չպետք է լինեն այնքան ժամանակ, քանի թշնամու զորքերը գտնվում են ՀՀ տարածքում։ 3. Հայ-թուրքական հարաբերությունները չեն կարող լինել Ցեղասպանության ուրացման հաշվին։

Հիմա ավելի քան մեկուկես ամիս տեւած պայքարից ընդդիմադիր ուժերը եւ գործիչները պետք է հետեւություններ արած լինեին։ Եւ հունիսի 3-ը իսկապես ճակատագրական է լինելու ոչ միայն Հայաստանի եւ Արցախի, այլեւ շարժման առաջնորդ ուժերի եւ գործիչների համար։

Ի՞նչ պետք է անել հունիսի 3-ին։ Առաջին հերթին հրապարակել հույժ գաղտնի պահվող գործողությունների ծրագիրը, ճանապարհային քարտեզը։ Այս ծրագիրը ոչ միայն շարքային քաղաքացիների համար է անհայտ, այլեւ ընդդիմադիր ուժերի, գործիչների, ասել է թե՝ դրան «դոստուպ» ունեն միայն «ընտրյալները»։ Ի դեպ, սա վանում է քաղաքացիներին, որովհետեւ չես կարող անվերջ մասնակցել մի միջոցառման՝ առանց ծրագիրը իմանալու։ Սա վիրավորական է նաեւ շարժմանը սատարող ուժերի եւ գործիչների համար, քանի որ ստացվում է, որ որոշումները կայացվում են «բարձր» մակարդակով՝ մի քանի հոգով, քաղաքական քննարկումների, առաջարկների, մասնակցության, կարծիք հայտնելու համար տեղ չկա։ Ի դեպ, այս գործելաոճով նաեւ իշխանությունն է առաջնորդվում, երբ կարեւորագույն հարցերը քննարկում են «նեղ կրուգով», որոշումները կայացվում են միանձնյա, իսկ թիմը հաճախ անտեղյակ է, հետեւաբար՝ եթե դուք իշխանությունից լավն եք, ինչո՞ւ բաց, հրապարակային գործելաոճ չեք որդեգրում։

Երկրորդ, ո՞վ է շարժման լիդերը, մենք լիդեր սիրող ժողովուրդ ենք, լիդերի շուրջ համախմբվող, այնպես որ այս հարցը խիստ էական է շատերի համար՝ աջակցելու կամ չաջակցելու շարժմանը։ Սա այն «սյուրպրիզներից» չէ, որ վերջում հայտնեն եւ ուրախացնեն մասնակիցներին։

Եւ երրորդ, ինչպե՞ս են լուծելու Հայաստանի եւ Արցախի առաջ ծառացած այն բազմաթիվ խնդիրները, որոնց չլուծելու մեջ մեղադրում են իշխանություններին՝ ի դեմս վարչապետ Փաշինյանի։ Այսինքն՝ անվտանգության հարցը ինչպե՞ս են լուծելու, ինչպե՞ս են բանակցելու թշնամիների հետ, թե՞ չեն բանակցելու, իսկ եթե չբանակցեն, արդյո՞ք ռազմական ագրեսիա կիրառելու ռիսկ չկա, բանակը ինչպե՞ս են վերակառուցելու, տնտեսական, սոցիալական վիճակը ինչպե՞ս են փրկելու․․․։

Վերջիվերջո, ամենահեշտը հայտարարելն է, թե «Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում», բայց արդյո՞ք ընդդիմադիր ուժերը պատկերացնում են Արցախը հայկական պահելու ուղին։ Չէ՞ որ փողոց դուրս եկած ժողովուրդը չի պայքարում, որ մի իշխանության փոխարեն մյուս գա Արցախը հանձնի, պայքարում է, որ հայրենիք ունենա՝ խաղաղ եւ բարեկեցիկ։ Իսկ ընդդիմադիր ուժերը պատկերացում ունե՞ն եւ վստա՞հ են, որ կկարողանան այդպիսի հայրենիք ստեղծել հավերժ չհիասթափեցնելով պայքարող քաղաքացիներին։ Այնպես որ, հունիսի 3-ը իսկապես ջրբաժան է լինելու, կարմիր գիծ՝ բոլորիս համար, առաջին հերթին՝ ընդդիմության համար։ Հուսանք՝ ժողովրդին չեն հավաքի հրապարակներում, փողոցներ փակեն, շենքեր շրջափակեն, իսկ վերջում հայտնի սիթքոմի մոտիվներով հայտարարեն, թե «լեգո ենք խաղալու»։

Ամենից շատ դիտված

00:10 Առեղծվածային դեպք՝ Նորատուսի գերեզմաններում. պայթյուն-փլուզում է տեղի ունեցել, կա զոհ. shamshyan.com
13:54 Աննա Հակոբյանին ստորացնում են անմար կրակի մոտ
19:55 Հանրապետության հրապարակից մեկնարկում է ջահերով երթը․ ՈւՂԻՂ
19:22 Լարված իրավիճակ՝ Տավուշում. քաղաքացիները փակում են Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհը. ՈւՂԻՂ
17:30 Հայաստանը փորձում է ձերբազատվել «Զանգեզուրի միջանցք»-ից․ դա անհնար է․ Ալիև
14:57 Ինչո՞ւ եք խոժոռվել, չգիտե՞ք, որ Արցախը Հայաստան է. քաղաքացին՝ Աննա Հակոբյանին
19:41 Ձեզ զգուշացնում եմ, չեմ թողնելու, որ այստեղ ճանապարհ փակվի․ ոստիկանը՝ Բագրատ Սրբազանին
08:42 Հարյուրավոր ոստիկաններ ու ավտոբուսով բերվող «հատուկ» աջակիցներ․ Փաշինյանն այցելում է Ծիծեռնակաբերդ
16:15 Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է առաջին սահմանային սյունը
08:07 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․ Հրապարակ