copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 13:57 28-05-2022

Ինչո՞ւ հետո, երբ հիմա է պետք

Ամսից ավելի է` վաղ առավոտյան շտապ լուրերն եմ կարդում` միակ հույսով, որ որևէ առաջընթաց կգտնեմ «Դիմադրության» շարժման գործողություններում։ Ցավոք, ամեն օր հուսախաբվում եմ, քանի որ ամեն օր նույնն է կրկնվում։ Ինչպես ասում է «Գտնված երազ» մուլտի ծերուկը` ինչ-որ բան սխալ է... շուրջս ոչինչ չի փոխվում, և ես հոգնել եմ։ Այսուամենայնիվ, շարունակում եմ հետևել լրահոսին ու ամեն օր զգում եմ, որ դառնում եմ Գոդոյին սպասողներից մեկը, ամեն օրը նորից հիշեցնում է որևէ փոփոխության հույսով անվերջ ու ակնդետ ապագային նայողների հուսահատեցնող պատկերը. մարդը մոլորաքայլ զբոսնում է, մտամոլոր կանգ է առնում ու անորոշ հայացքը հառում հեռվին։ Րոպեներ անց նրա կողքին են հայտնվում ևս մի քանիսը ու սևեռուն նայում նույն ուղղությամբ։ Մեկ ժամ անց մեկ ուրիշ մոլորաքայլ անցորդ է մոտենում հավաքված հոծ ամբոխին ու հարցնում է առաջին պատահածին.
– Ի՞նչ է այստեղ կատարվում։
Հայացքը հորիզոնից չկտրելով` պատահական դիտորդը վստահեցնում է.
– Այստեղ բացարձակորեն ոչինչ չի կատարվում, բայց ամեն մեկն ուզում է անձամբ համոզվել։

Համոզմունք դարձող տպավորություն է առաջանում, որ ընդդիմությունը պատահաբար է հայտնվել հրապարակում։ Եվ ոչ թե ինչ-որ բան փոխելու ծրագիր կամ մտադրություն ունի, այլ հազր տղու տատմոր նման ինքն էլ է անհաբեր սպասում, թե երբ է ինչ-որ բան փոխվելու։ Հետզհետե հիմնավորվող կարծիք է ձևավորվում, որ «Դիմադրության» շարժումը ոչ թե Նիկոլի թրքական նկրտումներին ընդդիմացող ժողովրդին համախմբելու, փողոցում և հրապարակում «կրիտիկական» զանգված բևեռելու, թրքահաճո ռեժիմը տապալող «կրիտական» ալիք առաջացնելու և այն առաջնորդելու խնդիրն է լուծում, այլ մտածում է, թե «կրիտիկական» իրավիճակն ինքնաբերաբար է առաջանալու։ Եթե իրոք այդպես է, ուրեմն արդեն հիմա երկիրն ու ժողովուրդը կրիտիկական վիճակում են։ Եթե այդպես է, ուրեմն ընդդիմությունը պետք է փոխվի, «Դիմադրության» շարժումն ինքն իրեն պետք է բացասի, չխանգարի ու պայքարի ղեկը թողնի նրանց, ովքեր գիտեն` ինչ անել, ու կարող են դա անել։

Հիմա ընդդիմության հաղթանակը, Նիկոլին ու թավշյա թրքական ռեժիմը տապալելը, զարգացումների առկա ընթացքը փոխելը կենսականորեն կարևոր են, խիստ անհրաժեշտություն։ Բանն այն է, որ ընդդիմության պարտությունը կբազմապատկի Նիկոլի մնալու վտանգը, չի լինի թրքանալուն խոչընդոտող ներքին ուժ, ժողովուրդը կզրկվի հայեցի հեռանկարից։ Իսկ միայն արտաքին որևէ ուժի բարեխնամությանը ապավինելը ամենացանկալի տարբերակը չէ։

Երեկ «Հայաստան» դաշինքը մասնավորապես հայտարարեց, թե ինչ է անելու հետո. «Համաժողովրդական պայքարի հաղթանակից հետո կձևավորվի Ազգային համաձայնության ժամանակավոր կառավարություն, որի կազմում չի լինելու որևէ օդիոզ դեմք։ Հիմնովին բարեփոխվելու է կառավարման համակարգը, ներգրավվելու են բարձրակարգ մասնագետներ, ովքեր աշխատասիրությամբ, պետականամետ մտածողությամբ նպաստելու են երկրի զարգացմանը, տնտեսության վերականգնմանը»։ Այո՛, սա ցանկալին է, սա այն է, ինչ ուզում է ժողովուրդը։ Իսկ ինչո՞ւ սա անել հետո, երբ ժողովուրդն ուզում է հիմա։

Այս ամենը ու էլի շատ բաներ պետք է անել անհապաղ։ Հիմա է պետք ժողովրդին ցույց տալ, թե ինչ եք կարող անել ու ինչպես, ովքեր են ձեր բարձրակարգ, աշխատասեր, պետականամետ մտածողությամբ մասնագետները։ Ի՞նչն է խանգարում հիմա ձևավորել Ազգային համաձայնության ժամանակավոր կառավարություն, ստանձնել երկրի ու ազգի փրկության պարտավորությունը։

Համոզմունք դարձող կածիքներ են վաղուց շրջանառվում, որ ընդդիմությունը համերաշխ չէ, պառակտված է, գաղափարների դեֆիցիտ ունի, չգիտի՝ ինչ անի, ինչպես Նիկոլից ու թավշյա ռեժիմից զզվող ժողովրդին, գիտակից քաղաքացիներին հանի միասնական պայքարի։ Համոզված եմ, որ հիմա այս ամենն անելու լավագույն երաշխիքը Ազգային համաձայնության ժամանակավոր կառավարություն ձևավորելն է։ Եթե այն իրոք ստանա ժողովրդի վստահությունը, կարողանա արտահայտել ազգի շահերն ու սպասումները, ապա կրիտիկական իրավիճակը ստեղծված կլինի։ Հենց լինի իրոք Ազգային համաձայնության ժամանակավոր կառավարություն, նույնիսկ Նիկոլին անվերապահ ծառայող գլխավոր դատախազը նրան ձերբակալելու հրաման կտա, ու Նիկոլի հրահանգները հլու-հնազանդ կատարող ամենաօրինազանց դատավորն անգամ արդարադատություն կիրականացնի ու արդարացի դատավճիռ կկայացնի։

Ամենից շատ դիտված

08:00 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. Ժողովուրդ
14:11 Շենգավիթի քննչական բաժնում քաղաքացու են խոշտանգել․ փաստաբան
22:57 Որն է ռուսական կոնտինգենտի՝ Արցախից հեռանալու իրական պատճառը
21:19 ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանը զբաղված է հարազատներին աշխատանքի տեղավորելով
17:49 Բրյուսովն այլևս թրենդի մեջ չէ, իսկ Գյուրջինյան Դավիթն անչափ զգայուն է թրենդի նկատմամբ
17:40 Մեզ սպառնում են, որ կսպանեն, իրենց սուրն աջ էլ է կտրում, ձախ էլ. Գյումրիի բնակիչն ահազանգում է
16:12 Վարդենիսում անչափահաս աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարած 74-ամյա և 66-ամյա անձինք կալանավորվել են. shamshyan.com
09:03 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ Հրապարակ
22:22 Ադրբեջանում մտավախություն կա, որ Ռուբեն Վարդանյանը Նոբելյան մրցանակ կստանա
21:44 Մի՞թե չի մտածում՝ Փաշինյանից հետո կյանք կա. Բրյուսովի նախկին պրոռեկտորը՝ Գյուրջինյանի առաջարկի մասին

Ձեզ գուցե հետաքրքրի