Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր վաղ առավոտից բերման են ենթարկում, ձերբակալում «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներին։ Պատճառն այն է, որ նրանց 9֊ի նկատմամբ կայացված դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ։ Հիշեցնենք` 2021֊ի փետրվարին առաջին ատյանի դատարանը «Սասնա ծռեր»-ի 9 առանցքային անդամներին մեղավոր ճանաչեց մի շարք հոդվածներով, այդ թվում՝ շենքեր-շինություններ զավթելու համար․ նրանք դատապարտվել են 6-ից 8 տարվա ազատազրկման։
Ամենածանր վճիռը կայացվել էր Սմբատ Բարսեղյանի նկատմամբ․ նա 25 տարվա կալանքի է դատապարտվել երկու ոստիկանների՝ Յուրի Տեփանոսյանի և Արթուր Վանոյանի մահվան համար։ Վճիռը բողոքարկվել էր Վերաքննիչ քրեական դատարան, այնտեղ ոչինչ չէր փոխվել։ Այնուհետեւ պաշտպանական կողմը բողոքարկել էր Վճռաբեկ դատարան, որը գործը ետ է վերադարձրել։
Այսինքն՝ ստացվում է, որ առաջին ատյանի կայացրած որոշումը մտել է օրինական ուժի մեջ, այդ իսկ պատճառով ծռերին այսօր ձերբակալել են։
Oragir.news-ին ծռերին մոտ կանգնած անձանցից մեկը փոխանցեց, որ ոստիկանությունը լուսադեմին՝ ժամը 6֊ին է անցել գործողությունների, թակել է նրանց տան դռներն ու բերման ենթարկել` առանց պատճառ եւ փաստաթուղթ ներկայացնելու։
Պաշտպանները զանգահարել են ՄԻՊ, ոստիկանություն, նույնիսկ ԱԱԾ, սակայն նրանց ոչինչ չեն ասել։ Ավելի ուշ ոստիկանությունից ՄԻՊ֊ին ասել են, թե նրանց խափանման միջոցն է փոխվել։