copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 15:08 27-05-2022

Արդի հիմարության քրոնիկոն

Երկիրն ու ժողովրդին ամենակործան անդունդին հասցրած բարձրագույն կրթություն չունեցող վարչապետին ոչ մի բարոյական ու մտավոր խոչընդոտ չխանգարեց բլթացնել, թե մոշ մշակելու համար անգլերեն է պետք իմանալ։ Նրա նորաթուխ ու տգետ պատգամավորուհին էլ բութ հայացքով օրերս մեկ այլ նման տխմարություն է բլթացրել, թե` «բարձրագույն կրթություն չունենալը ինձ չի խոչընդոտելու որպես ԱԺ պատգամավոր ծառայել ի շահ մեր պետության»։ Դե, անկիրթն ի՞նչ իմանա` ինչ է կրթությունը, անգետն ի՞նչ իմանա` ինչեր չգիտի, հարթ ուղեղով կույր կռապաշտն ի՞նչ իմանա, որ իր կուռքի և մեր պետության շահերը տրամագծորեն տարբեր են, հակասում են, հակոտնյա են։ Վտանգն այն է, որ այս մանդատավոր ordinarius servus-ը ծառայելու է։

Մարդը բանական, մտածող էակ է ու մտածում է ինքնաբերաբար։ Առավել հաճախ` սխալ, երբեմն` ճիշտ, բայց մտածում է միշտ։ Ուստի չմտածող մարդը բացառություն է ու հատուկ ուշադրության է արժանի, քանի որ հատկապես է վտանգավոր։ Սա այն հազվադեպ պատահարն է, երբ խելքը տեղը, մտածելու ընդունակ, բանական էակի բանականությունը անջատում են ու նա դառնում է արհեստականորեն չմտածող, անբանական ու անբնական։ Հիմա մարդուն այս վիճակին բերելու շատ միջոցներ կան՝ սկսած փողից, շարունակած բնական, քիմիական, սինթետիկ հոգեմետ ու թմրացնող միջոցներով, վերջացրած առողջ բանականության նկատմամբ պարբերաբար արձանագրվող անվերապահ հաղթանակներով։

Ինձ երբեմն թվում է, թե Նիկոլը հենց այն հազվադեպ պատահարներից մեկն է, երբ նրան մտածելու հոգսից ազատ զգալու աղետաբեր վիճակին հասցնում են իր ցանկությամբ` կիրառելով միանգամից բոլոր միջոցները։ Այդ երբեմն ինձ թվացող դեպքերում, իհարկե, ոչ միայն խաչակնքում եմ, այլ նաև մտքումս որոշակի խոսքեր եմ կրկնում, բայց համոզվել եմ, որ դրանք մտագարներին խելքի չեն բերում։ Նիկոլի արարքները տեսնելով եմ համոզվել, որ խելագար վիճակի բերված մարդը կարող է անմարդկային, գազանային մղումներ ու վարք դրսևորել և միաժամանակ նմանվել երջանկորեն գազարի մեծ կտոր կրծող ու այլ համեմունքների հետ կաթսայում խաշվող խեցգետնին։ Սա խելքի պակասից չէ, այլ պարզ չիմացության հետևանք է։ Հաճույք ես վայելում տաք ջրի մեջ ու չես էլ մտածում, որ կերակուր ես դառնում ուրիշների համար։

Ըստ ամենայնի՝ Աստված մարդկությանն առավել արդարացիորեն բաժանել է միայն խելքը։ Ոչ ոք չի բողոքում իր խելքի պակասից, նույնիսկ` Նիկոլը։ Նա ինքն էլ, համոզված եմ, կհաստատի, որ խելքի պակաս չի զգում և Աստծուց ոչ մի բողոք չունի իր խելքի պաշարի առումով։ Այսուամենայնիվ, անխտիր բոլորը գիտեն, որ մարդկանցից ոմանք մյուսներից առավել խելացի են։ Սա նշանակում է, որ Աստված ամեն մեկին տարբեր չափի կամ քանակի է խելք տվել, այսինքն` միանգամայն արդարացի և գթասիրտ է եղել։ Հիմարներին, օրինակ, Նա ճիշտ այնքան է խելք տվել, որ նրանք չգիտակցեն սեփական սակավամտությունը ու չվշտանան։ Եվ Նա գիտի՝ խելքի պակասից չէ, որ հիմար են, այլ հիմար են, քանի որ հիմար են։ Հիմար են, այսինքն՝ իրենց ունեցած քիչ կամ շատ խելքը գործածել, օգտագործել չգիտեն։ Սրանց մոտ սեփական ուղեղն անջատվում, ու հիշողությունը կորչում է՝ ըստ ցանկության, ու ապրում են ուրիշի խելքով։ Այսպես իրենց համար ապահովում են կուշտ ուտելու ու հանգիստ քնելու պայմանները, ինչն էլ սրանց համոզում է, որ իրենք խելացի են։

Խելացիներին Աստված անհամեմատ շատ խելք է տալիս, որ իրենք իրենց ուղեղով ապրեն, չտրվեն ուտելու ու քնելու բնազդն անասնաբար բավարարելու կրքերին, իրենց պահանջները հոգան բարոյապես ու խելամտորեն, չափի որոշակի զգացումով ու ինքնասահմանափակումներով։ Այսինքն՝ իրենց խելքը գործածեն, օգտագործեն, մտածեն սեփական ուղեղով, ապրեն սեփական հայեցողությամբ ու հիշեն` ինչու են ապրում։ Աստված գիտի իր արած գործերը։ Գիտի Նա, որ միայն խելք ունեցողը` խելացին, կարող է ամեն օր այնքան խելք «կորցնել», որքան ունեն բոլոր հիմարները միասին, բայց իր խելքը գլուխը պահի։ Նաև Նա ճշգրիտ գիտի, որ խելացին երբեմն խելքը «կորցնում» է, որ խելագարվի և նոր ու խելացի բան անի, նորացնի ու լավացնի աշխարհը։

Մեզ հիմա մնում է հուսալ, որ մեր ժողովրդին նոր ու լավ աշխարհ կառուցել խոստացող ընդդիմությունը խելացիների համախումբ է ու սեփական խելքով կգործի։ Կդադարի ինքն իրեն գովաբանել ու բավարարվել ամեն օր նույն բանն անելով, անիմաստ ու անարդյունք կրկնվելով, նոր ոչինչ չանելով, վճռական ոչինչ չձեռնարկելով։ Մինչդեռ հիմա Նիկոլի խելագարությունը անգամ ինքնաբուխ պետք է ցնցում առաջացրած լիներ, աննախադեպ հզորության ու թավշա իշխանությունը խորտակող ալիք դարձած լիներ։ Իսկ այսպես շարունակելու դեպքում Հայաստանն ու հայությունն են խորտակվելու թուրքի հեղելիք արյան մեջ, թրքական բարոյական ու հոգևոր խավարում։

Ցավոք, հիմարները նույնքան շատ են խելացիներից, որքան որ հիմարի խելքը քիչ է խելոքինի ունեցածից։ Հիմար մեծամասնությունը սակավաթիվ խելոքներին միշտ է խելագար համարել։ Խելոքների կառուցելիք նոր ու լավ աշխարհում ինչպես հիմարները, այնպես էլ նորն ու լավն ունենալու համար այսօր անհրաժեշտը չանող խելոքները սոված ու անքուն են լինելու։ Ուստի խիստ կասկածում եմ, որ Նիկոլը վաղը նույն համոզումով հաստատի, թե խելքի պակասի պատճառով որևէ բողոք չունի Աստծոց, երբ շուտով «Նիկոլի թիվն» ավարտվի, և ինքը դարձյալ սոված ու անքուն դառնա։ Պաշտոնն ու իշխանությունն էլ հո խելք չե՞ն, որ չունենաս ու չզգաս, որ չունես։

Ամենից շատ դիտված