Ընդդիմադիրները ակցիա են իրականացնում նախագահական նստավայրի մոտ
copy image url

Ընդդիմադիրները ակցիա են իրականացնում նախագահական նստավայրի մոտ

Ներքին 2 տարի առաջ - 10:33 20-05-2022
Ընդդիմությունը շարունակում է իր բողոքի ակցիաները։ Ակցիայի մասնակիցները Ֆրանսիայի հրապարակում են հավաքվել առավոտյան՝ ժամը 9:30-ից՝ շարժվելու դեպի նախագահական նաստավայր։

Բաղրամյան պողոտայում, սակայն, հանդիպելով մեծ թվով ոստիկանական պատի, նրանք մի պահ կանգ առան, սակայն ոստիկանները միջանցք թողեցին ընդդիմադիրների համար՝ շարժվելու դեպի նախագահական նստավայր՝ Բաղրամյան 26:

Ընդդիմադիրների առաջին շարքում են «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները։ Նրանք, «Առանց թուրքի Հայաստան» վանկարկելով, շարժվում են դեպի Բաղրամյան 26: Ակցիայի մասնակիցների ձեռքին կան «Նիկո՛լ, դավաճան» գրություններով պաստառներ։ Այս պահին նրանք արդեն նախագահական շենքի դիմաց են։

Հավելենք, որ Լիտվայի նախագահը, ով ժամանել է Հայաստան, այս պահին Բաղրամյան 26-ում է։ Հանդիպում է նախատեսված Լիտվայի և Հայաստանի նախագահների միջև։ Ցուցարարները ականատես են եղել, թե ինչպես է Լիտվայի նախագահը մտնում նստավայր։ Այս քայլով նրանք ուզում են իրենց բողոքի ձայնը փոխանցել նաև նրան։ Նախօրեին ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանն էլ հայտարարել էր, որ նամակով դիմել են Լիտվայի նախագահին՝ խնդրելով հանդիպել ընդդիմության ներկայացուցիչների հետ։ Նա նաև հավելել էր, որ Հայաստանում կան միջազգային պատվիրակություններ, որոնք իրենց ձայնը պետք է լսեն։