$ 458.98 € 485.74 ₽ 7.81
Փաշինյանը ժամանել է Բրյուսել՝ հանդիպելու Ալիևի և Շարլ Միշելի հետ Մայիսի 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ Ծիծեռնակաբերդի խճուղին փլուզման պատճառով դեռ երկկողմանի փակ է Էդուարդ Վարդանյանը 23-րդ հաղթանակը տարավ խառը մենամարտերում
Երևան +27°
Ներքին Խոսք 1 շաբաթ առաջ - 20:23 13-05-2022

Հայագիտությունը՝ երկրորդական պլանում. ԵՊՀ դասախոսները դժգոհում են հոդվածի համար հավելավճարի կարգից

Քնարիկ Պետրոսյան

Լրագրող

Հայագիտության զարգացումն ունի ազգային ինքնության զարգացման նշանակություն, սակայն կրթական համակարգում կա խնդիր՝ հայագիտությամբ զբաղվողներին ապահովելու անհրաժեշտ մոտիվացիայով՝ ավելի շատ հոդվածներ գրելու համար։ Դասախոսական կազմը բացի աշխատավարձից հնարավորություն ունի գիտական աշխատանքների համար ստանալ հավելավճար, որի համար կա հատուկ սահմանված հավելավճարի կարգ։ Սակայն առաջանում է հարց, թե օրինակ ինչու միջազգային «Սկոպուսում» հոդված տպագրելն արժե 440, 330, 220 հազար դրամ, իսկ ՀՀ գիտական պարբերականում նվազագույնը 20, 30, 60 հազար դրամ է, ինչո՞վ է պայմանավորված, որ հայագիտական հոդված տպագրելը Հայաստանյան պարբերականում ավելի էժան է, քան միջազգային պարբերականում, ինչը կարծես չի նպաստում հայագիտության զարգացմանը ու ստացվում է այնպես, որ միջազգային պարբերականները երկրորդական են համարում հայագիտությունը։

Oragir.news-ը թեմայի վերաբերյալ զրուցեց ԵՊՀ դասախոսի հետ, որը երկար տարիների աշխատակից է, ասաց, որ ԵՊՀ «Տարեգիրք» պարբերականից էլ ուրիշ ոչ մեկի հետ չի համագործակցում. «Տրամաբանորեն կարող եմ ասել, որ իրենք փորձում են թուլացնել մեզանում գիտական աշխատություններ գրելու շահագրգռվածությունը, երկրորդայնացնեն մեր ուսումնական հայագիտական կենտրոնները։ Ամբողջ աշխարհում հայագիտությունը խորը արմատներ ունի, իր նկատմամբ համաշխարհայի մոտեցումը շատ վերամբարձ է։ Նույնիսկ խոշոր գրքերը, օրինակ՝ առասպելաբանության վերաբերյալ, կամ օրինակ՝ պեղումների վերաբերող, հնագիտական թեմաների վերաբերող, աշխատում է շրջանցել հայկական նյութը, չգիտեմ՝ դա ինչով է պայմանավորված։ Պետք է ենթադրել, որ հաճելի չէ, որ ազգն այդքան խորը արմատներ ունի, դրա համար էլ այդպես փորձում են շրջանցել։ Ամբողջ նպատակն այն է, որ երկրորդայնացնեն հայագիտական առարկաների տպագրությունը։ Իմ տարիքը հիմա թույլ չի տալիս, որ ընկնեմ այս կողմ, այն կողմ։ Ծավալուն հոդվածներ ու ուսումնասիրություններ են` 30-40 էջանոց, որոնք հիմնականում վերաբերում են տոմարին, օրինակ՝ այստեղ էլ ասում են, որ դրանք շատ ծավալուն են, երբեմն ինքս ինձ համար եմ անում ուսումնասիրություններ»։

Իսկ պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Միքայել Մալխասյանն Oragir.news-ի հետ զրույցում ասաց, որ ԵՊՀ «Բանբեր Երևանի համալսարանի» գիտական պարբերականն այլևս չի ունենալու հայագիտական սերիա. «Հունվարից հանել են, դա բացատրել են նրանով, որ կա հայագիտության հարցերավ պարբերական։ Գիտխորհրդի մակարդակով քննարկել ու որոշել են, որ դա ընդհանրապես չպետք է լինի ։ «Բանբերը» հասարակական գիտությունների համար է, իսկ ԵՊՀ-ն դա պատճառաբանում է նրանով, որ հայագետները ձգտեն դեպի արտերկիր, միջազգային շուկայում ներկայանան, մրցունակ դառնան իբր, անգլերեն հոդվածներ գրեն, ու իրենց թվում է, թե խնդիրը նյութական մասի մեջ է, բայց հարցն այստեղ նյութական չէ։ Աշխարհում չկա մի հայագիտական կամ բյուզանդագիտական հանդես, որը կարող լինի ֆիզիկայի կամ մաթեմատիկայի բնագավառի պես դաշտ ապահովի, որ առաջնային պարբերականներում հրապարակվի, այն պրակտիկորեն անգամ անհնար է։ Այնքան որ ցուցանիշի համար լավ բաներ ունենանք, բայց իրականում դրանից գիտությունը չի զարգանում, իրականում չեն դնում նշաձող, որ ասեն եկեք այս մեկ տարում կամ վեց ամսում հասեք այս չափորոշիչներին։ Դրան հասնելու համար պետք է հստակ ճանապարհ ձևավորել, որ օրինակ ասպիրանտն ասպիրանտուրայում ոչ թե վեց էջանոց ռեֆերատ հանձնի, կամ պատճենի չգիտենք որտեղից, այլ տարիներով պատրաստվի դրան։

Մալխասյանի կարծիքով՝ հայագիտական առարկաները նույնական չեն IT ոլորտի հետ։ Օրինակ՝ եթե IT ոլորտի մարդը երկրորդ կուրսից աշխատանքն է ունենում ու այդ աշխատանքն իրեն բավականին մրցունակ է դարձնում հայաստանյան շուկայում, ապա երկրորդ կուրսեցի պատմաբանը կամ արևելագետն այդքան հնարավորություն չունի։

«Ոլորտի պատասխանատուերը հիմնականում բնագետներ են, ու դա միայն ԵՊՀ-ից չէ, դա ընդհանուր քաղաքականություն է, և մենք ինչ-որ արևմտյան թրենդների ազդեցության տակ ենք, ընդ որում՝ բնական գիտությունների թրենդի, իսկ մենք պետք է ամեն ոլորտին հարմարեցնենք մեր պահանջները, չպետք է ունիվերսալ մոտեցումներ լինեն, մի պնդում կա, օրինակ, որ ասում են մենագրություն պետք չէ գրել, որն աշխարհում տարածված երևույթ է, իսկ ո՞վ ասաց դա, ասում են, որ հոդվածներով է գիտությունը զարգանում, ի՞նչ տիեզերական ճշմարտություններ են, ո՞ վ ասաց, որ հասարական գիտությունը պետք է մենագրություն չունենա, դա ևս միջոց է գիտության զարգացման համար, բայց իրականում պետք է այնպես անեն, որ որակը բարձրանա, ոչ թե ասեն, որ դա մեզ պետք չէ, ոչ թե ասեն, որ դա ավելորդ ծախս է, տպելն է թանկ։ Ոլորտի պատասխանատուն եթե պատմաբան է, օրինակ, չպիտի խնդրին նայի զուտ պատմագիտական տեսանկյունից, նա պետք է խնդրին նայի բոլոր կողմերից, գիտության առանձնահատկության տեսանկյունից։ Վերջերս Ռուսաստանի համալսարաններից մեկում քննարկում էր, և շատ պարզ հարց տրվեց, թե դրսում՝ արևմտյան պարբեականներում, տպված գիտական արդյունքը որքանո՞վ է նպաստել ՌԴ զարգացմանը, որտեղ է ներդրվել , թե՞ օգտագործել են արևմտյան գիտության զարգացման վրա։ Հիմա այդ հարցն անգամ մեր դեպքում հնարավոր չէ տալ հայագիտության հետ կապված, որովհետև արդյունքը չի դրվելու արդյունաբերության, բարձր տեխնոլոգիաների զարգացման մեջ»։