copy image url
Ներքին 1 տարի առաջ - 10:50 11-05-2022

Սոս Ջանիբեկյանը այդ աշխատանքի դիմաց ստանում է վարձատրություն. Արսեն Բաբայան

Հայտնի դերասան Սոս Ջանիբեկյանի հետ տեղի ունեցածը, անկախ այն հանգամանքից, որ հենց Սոսի կողմից սադրանքի մասին արդեն խոսել եմ, աներկբա դատապարտելի է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Բաբայանը:

Նա նշել է. «Առիթ ունեցել ենք մեր դիրքորոշումն այդ դեպքի առթիվ հայտնելու, որը հենված է օրինականության սկզբունքի պահպանման և ֆիզիկական հաշվեհարդարի բացառման սյուներին:
Բայց մի մանիպուլյատիվ հանգամանք կա, որն այս իշխանությունը կիրառում է: Նրանք փորձում են Սոսին դարձնել հայրենապաշտ ու Արցախը սիրող մի գործչի, որն, իբր, մեծ բարեգործական ծրագիր է իրականացնում Արցախի բնակչության համար:
Ինչի՞ մասին է խոսքը։

Բարեգործական այդ ծրագիրը կոչվում է «100 Տուն Արցախում»: Սակայն այս նախագծում Սոսը, պարզվում է, սովորական վարձու աշխատող է: Այսինքն Սոսը որևէ կերպ, իր այդ գործունեությամբ, ոչ միայն որևէ բարեգործություն չի անում, այլ միանգամայն հակառակը, Սոսն իր անձնական բարեկեցությունն է ապահովում այդ նախագծին մասնակցելով: Այլ կերպ ասած՝ իրական բարեգործներն իրենց անձնական միջոցներից մաս են հատկացնում, որպեսզի Արցախում 100 տուն հատկացվի դրա կարիքն ունեցողներին, իսկ Սոսը հենց այդ միջոցներից ստանում է աշխատավարձ և իր անձնական միջոցներն ավելացնում:
Ընդ որում առանձնահատուկ ընգծում եմ, որ սրանով Սոսին որևէ կերպ չեմ քննադատում, չեմ մեղադրում, նրա կատարած աշխատանքը չեմ արժեզրկում: Նա իր աշխատանքն է կատարում, որի դիմաց էլ ստանում է վարձատրություն: Բայց ակնհայտ է, որ նրան այդ աշխատանքով պայմանավորված բարեգործ կամ մեծ հայրենասեր դարձնելը սոսկ մանիպուլյատիվ հնարք է, որն այս իշխանությունն անում է հնարավոր ամեն քայլին:

Ի դեպ, սա նույնն է, թե Համահայկական հիմնադրամի տնօրենին վերագրենք մեծ բարեգործի դերը, մինչդեռ բոլորս գիտենք, որ նա ընդամենը կառավարում է մեծ բարեգործների հանգանակած գումարները: Դրա համար ստանում է բարձր աշխատավարձ և այդպիսով բարելավում է իր անձնական միջոցները»։

Հիշեցնենք, որ մայիսի 4-ին քաղաքական ընդդիմության երթի մասնակից մի խումբ անձինք, նկատելով փողոցով միայնակ քայլող Սոս Ջանիբեկյանին, վանկարկել են անպարկեշտ արտահայտություններ, իրենց դիտավորյալ գործողություններով կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, որի ընթացքում երթի մասնակիցներից մեկը ձեռքին եղած առարկայով բռնություն է գործադրել դերասանի նկատմամբ:
Դերասան Սոս Ջանիբեկյանի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել։