copy image url
Խոսք Ներքին Սպորտ 1 տարի առաջ - 11:03 10-05-2022

Մեծ դժվարությամբ հաղթահարեցի ու հասա եզրագծին․ Ironman-ի առաջնությանը մասնակցող դատավոր

Քրիստինե Հովհաննիսյան

Լրագրող

Ինչպես հայտնի է, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանը Արցախի դրոշով մասնակցում է Ironman-ի (Երկաթե մարդը) աշխարհի առաջնությանը։ Oragir.news-ը զրուցել է դատավորի հետ։

- Պարո՛ն Հարությունյան, եթե չեմ սխալվում՝ 2-րդ տարին է՝ մասնակցում եք Ironman-ի աշխարհի առաջնությանը։ Կցանկանայինք իմանալ՝ ի՞նչ մրցույթի եք մասնակցում, ի՞նչ փուլում է այժմ մրցույթը, և ի՞նչ արդյունքներ ունենք։

-Տրիատլոնով (լող, հեծանիվ, վազք) զբաղվելու գայթակղությունը վաղուց կար, սակայն այն փաստացի իրագործեցի 5 տարի առաջ: Սկզբում փոքր տարածություններ, հետո՝ արդեն երկաթե տարածության(3.8կմ լող, 180կմ հեծանիվ 42կմ վազք)։ Հաղթահարման անհաջող առաջին փորձը, հաջորդիվ հաջողություն, և արդեն կարելի է ասել՝ վերջին տարիներին դարձավ հանգստի լավագույն միջոց:

- Մասնակցում եք հաղթելո՞ւ ակնկալիքով, թե՞ մասնակցությունն արդեն հաղթանակ է։

- Կոնկրետ Ironman-ի մրցաշարերին բազմիցս մասնակցել եմ, հաղթահարել, սակայն աշխարհի առաջնությանը մասնակցելու հնարավորությունն ինձ ավելի շատ պատահականության արդյունքում ընձեռվեց։ Մրցույթը կայացավ մայիսի 7-ին ԱՄՆ Յուտա նահանգում։ Նշված մրցաշարերում հաղթում են բացառապես աշխարհում հայտնի մի քանի տասնյակ պրոֆեսիոնալ ատլետները, մնացածիս համար հաղթանակը տարածության հաղթահարումն է, որը 4 անգամ գերազանցում է օլիմպիական ձևը կամ տարածությունը: Պիտի խոստովանեմ, որ մի կերպ, մեծ դժվարությամբ հաղթահարեցի ու հասա եզրագծին. ջրի աստիճանը առավոտյան 6-ին ընդամենը 15 աստիճան էր, հեծանիվի ու վազքի ժամանակ անտանելի, անապատային չոր ու շոգ էր, երևի հարյուրավոր մարդիկ ուղղակի պայքարելով չդիմացան, շտապ օգնությունով մի մասին հեռացրին մրցավազքից: 226կմ հաղթահարելու համար տրված էր մինչև 17ժամ, տեղ հասա 16 ժամ 51 րոպեում, ընդամենը 9 րոպե էր պակաս ձախողելուն: Ամեն դեպքում արդյունքիցս առավել քան գոհ եմ. անվնաս դրոշով հասա ֆինիշին: Պետք է նշեմ, որ Հայաստանից մասնակցում էր նաև Սամվել Մարգարյանը, ով, ինչպես միշտ, հրաշալի մրցեց ու հաղթահարեց ընդամենը շուրջ 12 ժամում:

- Երկու տարի անընդմեջ Արցախի դրոշով եք ներկայանում․ ինչո՞ւ Արցախի դրոշով, ի՞նչ արձագանքներ կան թե՛ մրցույթի մասնակիցների, թե՛ հանդիսատեսի կողմից։

-Միշտ մասնակցել ու փորձել եմ եզրագիծը հատել ազգային դրոշով, կարևորը՝ տեղ հասնելուն պես դրոշը հասցնել վերցնել, արձագանքները բացառապես դրական են, թշնամիների կողմից՝ խուսափողական հայացքներ: Իսկ թե ինչու Արցախի դրոշով, ազգայինն ու պետականն այլընտրանք չունի:

-Մտավախություն չունե՞ք, որ մրցույթին Արցախի դրոշով ներկայանալը կարող է առիթ դառնալ, որ Ձեզ մեղադրեն քաղաքական զսպվածություն չցուցաբերելու մեջ, գուցե նույնիսկ Ձեր նկատմամբ վարույթ հարուցելու հիմք դառնա։ Ի վերջո, Դուք իշխանություների, այսպես ասած, «սրտի դատավորների» ցանկում չկաք։

-Որևէ շրջանակի ու հատկապես իշխանությունների, այդպես ասած, «սրտի դատավորների» ցանկում չլինելը ցանկացած դատավորի համար պատիվ է ու այդպես պետք է լինի: Մտավախությունս եզրագծին դրոշով հասնելն էր, որը փարատվեց: Իսկ ազգային դրոշը ծածանելու հեղինակային իրավունքները բոլոր արժանապատիվ հայերինն է, Հայաստանում հայերի կողմից եթե չխրախուսվի, ապա որևէ վարույթ չի կարող լինել: Իսկ կոնկրետ հարցի նրբությունն ու ենթաքեստը ոչ առաջին անգամ լսելու հանգամանքն ինքնին հաճելի չէ:

- Ձեզ ավելի հարմարավետ եք զգում մարզահուգուտո՞վ, թե՞ դատավորի պատմուճանով:

-Տատիկիս ասած` ամեն ինչ իրա տեղն ու ժամն ունի, կամ ամենը չափի մեջ է գեղեցիկ:

- Պատահե՞լ է, որ դատարանի դահլիճում «երկաթե մարդը» գլուխ բարձրացնի և «մասնակցի» որոշումների կայացմանը։

-Դատավորի գործին որևէ միջամտությունը չի խրախուսվում:

- Երբևէ ստիպված եղե՞լ եք օգտագործել Ձեր ֆիզիկական պատրաստվածությունը՝ արդարության հասնելու համար։ Ավելի հեշտ է արդարություն հաստատել ֆիզիկակա՞ն ուժով, թե՞ օրենքների կիրառմամբ։

-Դատավորի համար պետության ներսում արդարության հասնելու համար միգուցե ոչ հեշտ, բայց լավագույն ճանապարհը կամ եղանակը օրենքների կիրառմամբ արդարադատությունն է, իսկ դրսում արդարության հասնելու համար բոլորս պարտավոր ենք հնարավորինս ու բոլոր առումներով ուժեղ լինել: Կյանքը, ցավոք, վերստին ապացուցում է արտաքին հարաբերություններում «ուժի իրավունքի» գերակայության տեսության ճշմարտացիությունը, ինչը ուսանող ժամանակ երևի թե այդքան էլ չէինք ուզում ընդունելի հանարել: