Պետությունը պետք է միջամտի. եթե «Միկոյան 64»-ի խնդիրը չլուծվի, այլ կառուցապատողներ էլ «կսնանկանան»
copy image url

Պետությունը պետք է միջամտի. եթե «Միկոյան 64»-ի խնդիրը չլուծվի, այլ կառուցապատողներ էլ «կսնանկանան»

Ներքին Խոսք 3 օր առաջ - 14:30 15-04-2025

Դավիթ Գույումջյան

Լրագրող

«‎Ստեղծված իրավիճակի մեղավորը գործադիր և օրենսդիր իշխանություններն են, որովհետև Քաղաքացիական օրենսգրքով նախատեսված գնման իրավունքի ինստիտուտն անկատար է՝ ի սկզբանե։ Եթե ճիշտ եմ հիշում, այս ինստիտուտը ներմուծվել է Քաղաքացիական օրենսգիրք 2017 թվականին, դրա թերությունների վերաբերյալ մենք բազմիցս մտահոգություններ ենք հայտնել, մասնավորապես՝ գնման իրավունքի պայմանագրով, երբ կառուցապատողը գնորդին բնակարան է վաճառում, ավելի շուտ՝ չի վաճառում, պարտավորվում է փոխանցման ակտով փոխանցել, այդ պայմանագրում է կառուցապատողը ուժեղ կողմն է, գնորդը՝ ֆիզիկական անձը, թույլ կողմը, և գնորդները չեն պատկերացնում, թե ինչ պայմանագիր են ստորագրում»,- Oragir.News-ի հետ զրույցում այս մասին նշեց փաստաբան Վարդազդատ Հարությունյանը՝ անդրադառնալով Միկոյան 64 շենքի շուրջ ստեղծված իրավիճակին, որտեղ բնակարաններ գնած անձինք երեկ կառավարության դիմաց բողոքի ակցիա էին իրականանցնում։

Այս շենքի ապագա բնակիչները դեռևս 2022 թվականին պետք է իրենց սեփականության վկայականները ստանային, բայց կառուցապատողն ավարտական ակտը ստանալուց հետո սնանկացավ ու իրենք մնացին առանց սեփականության վկայականների։ Քաղաքացիները կարծում են, որ սնանկության գործընթացը կեղծ է, կառուցապատողն այդպիսով ազատվում է պետությանն ունեցած միլիարդների հասնող պարտքերից, իրենց էլ թողնում է առանց սեփականության վկայականների: Ստեղծված իրավիճակում բանկը բնակիչներին առաջարկել է վճարել կառուցապատողի պարտքը և գույքը գրավից հանել, 1 քառակուսի մետրի համար 216 հազար դրամ, ինչը բնակիչները կտրականապես անընդունելի են համարում։ Նրանք նաև պահանջում են վերադարձնել իրենց գնած 4000 քառակուսի մետր հողատարածքը, որը նախագծով նախատեսված է բակային ու կանաչապատ տարածքի համար:

Վարազդատ Հարությունյանը շեշտում է՝ արդյունքում ստեղծվել է մի իրավիճակ, երբ կառուցապատողը գնման իրավունքով վաճառել է շենքում առկա բնակարանները և միևնույն ժամանակ շենքի հողամասը գրավադրել է, որպեսզի շինարարության համար վարկ վերցնի։ Նա նշեց՝ երբ շենքը պատրաստ է եղել շահագործման, անբարեխիղճ կառուցապատողն այդ ընթացքում իր վարկն ամբողջությամբ չի մարել, կամ առհասարակ չի մարել, վարկատու կազմակերպությունն էլ հետամուտ չի եղել, որ կառուցապատողն իր վարկը մարի.

«‎Փոխանցման ակտը կնքելիս բանկը հայտվում է և գնորդին տեղեկացնում է՝ այն բնակարանը, որը դու գնել ես և հիմա փոխանցման ակտով պետք է փոխանցվի քեզ, օրենքի ուժով (խի՞ օրենքի ուժով, որովհետև գրավադրված հողամասի վրա օրենքի ուժով համարվում է գրավադրված-Վ.Հ.) իմ գրավն է, ու որպեսզի դու քո բնակարանից չզրկվես, արի և կառուցապատողի փոխարեն ինձ փող տուր։ Այս իրավիճակը հնարավոր էր լուծել միայն օրենսդրական փոփոխություններով, որը չի արվել։ Այս կառուցապատողն առաջին սնանկ կառուցապատողը չի, նմանատիպ խնդիր վերջին տարիներին էլի է եղել, որի ժամանակ համապատասխան մեսիջներն ուղարկվել էին գործադիր և օրենսդիր մարմիններին, սակայն վերջիններս անգործության են մատնված եղել ու համապատասխան օրենսդրական փոփոխություններ չեն իրականացրել գնման իրավունքի ինստիտուտում»։

Վարազդատ Հարությունյանի գնահատմամբ՝ մեղավոր է նաև բանկը, որովհետև, իր ենթադրությամբ, թույլ է տվել, որ կառուցապատողը հատուկ հաշվին առկա դրամական միջոցները տնօրինի՝ առանց պահաջելով, որ դրանցով մարվի բանկից վերցված վարկը։ Ըստ նրա՝ բանկը դա արել է այն ակնկալիքով, որ հողամասն ու շենքն ամբողջությամբ գրավադրված են, և եթե կառուցապատողը վարկը չմարի, ապա իրենք կշարժվեն բնակարանները իրացնելու և բռնագանձում տարածելու ճանապարհով։ «‎Այսինքն՝ բանկը նույնպես իր բիզնես գործունեությունն իրականացնում է խոցելի դարձած գնորդների հաշվին։ Երրորդ մեղավորն էլ կառուցապատողն է, որ իր ֆինանսական հոսքերը ճիշտ չի կառավարել ու նման իրավիճակում է հայտնվել։ Կառուցապատողն էլ փաստորեն ի հաշիվ պայմանագրի թույլ կողմի՝ գնորդների սեփականության իրավունքի է փորձում իր խնդիրները լուծել։ Այս 4 մասնակից ունեցող իրավահարաբերություններում՝ պետություն, բանկ, կառուցապատող և գնորդ, առավել խոցելի վիճակում հենց գնորդն է, որին ո՛չ կառուցապատողն է օժանդակել, ո՛չ էլ բանկն ու պետությունը»,- կարծում է նա։

Oragir.News-ի հարցին՝ բնակիչների իրավունքների պաշտպանությունն ի՞նչ ճանապարհով պետք է իրականացվի՝ Վարազդատ Հարությունյանը պատասխանեց՝ այս պահին որոշակի իրավական լուծումներ կան, որոնց մասին կխոսեն արդեն գնորդների փաստաբանները։ Նա նկատեց՝ գործը քննության փուլում է՝ սնանկության վարույթի շրջանակներում, իսկ ինքը՝ որպես փաստաբան ներգրավված չէ դրանում։

«Գլոբալ համակարգային լուծումը, որի մասին խոսում էր Բաբկեն Թունյանը՝ բողոքի ակցիայի ժամանակ, որ հարցը վարչապետի հսկողության ներքո է, և դա համակարգային խնդիր է, դրա համար էլ պետք է լուծում գտնել, այո՛, պետությունը շատ արագ և օպերատիվ ներգրավվի։ Չի բացառվում, որ նոր կառուցապատողներ էլ կգտնվեն, որոնք սնանկ կճանաչվեն։ Մեկ-երկու այսպիսի դեպք և վիճակը կարող է արդեն անվերահսկելի դառնա»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

15:30 Սամվել Ալեքսանյանի ազգականի ՍՊԸ-ում ոտքը վնասած աշխատակցին տարել են «Աստղիկ» ԲԿ, ապա աշխատավարձից պահել են
17:02 Վթարի է ենթարկվել ԱԺ պատգամավոր Արմեն Ռուստամյանին սպասարկող Toyota Prado-ն․ mediahub.am
15:15 Վարդան Ղուկասյանը կձերբակալվի՞․ «մեր Սարիկ»-ը սպառնում է
13:15 Նոր, հզոր զենք. փակում եք աչքերը, և էսկալացիա ու պատերազմ չեն լինում 
22:00 8 անշարժ գույք, մեքենա, 10 մլն-անոց գնում, խոշոր նվիրատվություններ, 60․9 մլն եկամուտ․ «կոկորդիլոսագետ» Գարիկ Սարգսյանի ունեցվածքը
19:33 «Դոկտոր Ավոյան»-ում բուժառուի ատամնաշարը սխալ են բուժել և լնդերը վնասել են
17:15 Փնթի որոշում․ պիկ ժամերին տրանսպորտում անհնար է 1 րոպեում QR վավերացնել
23:46 Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է, այն արդեն ճաքել է․ Մեսրոպ Առաքելյան
12:52 Ավտոբուսի վարորդը ստիպողաբար իջեցրել է ուղևորին՝ կամաց վարելու կոչի համար. Արմենակ Դանիելյան
12:27 Գոռգոռոցներ, լեզվակռիվ՝ Արցախի ներկայացուցչության դիմաց․ ինչ է կատարվում