Կրեմլը հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի զրույցի բովանդակության մասին։ Երկու առաջնորդները մարտի 29-ից հետո առաջին անգամ հեռախոսով խոսել են։
Զրույցի ընթացքում Պուտինն ու Մակրոնը շարունակել են «կարծիքներ փոխանակել» Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ, հայտնել է Կրեմլը։
«(Պուտինն) ուշադրություն է հրավիրել ԵՄ անդամ երկրների կողմից Ուկրաինայի ուժայինների ռազմական հանցագործությունների անտեսմանը, Դոնբասի քաղաքների և բնակավայրերի զանգվածային գնդակոծություններին, որոնց հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվում»,- ասվում է Կրեմլի հաղորդագրության մեջ։
Ինչպես հայտարարել է Պուտինը, «Արևմուտքը կարող էր օգնել դադարեցնել այդ վայրագությունները՝ համապատասխան ազդեցություն գործադրելով Կիևի իշխանությունների վրա, ինչպես նաև դադարեցնելով զենքի մատակարարումը Ուկրաինային»:
Զրույցի ընթացքում Պուտինը նաև շնորհավորել է Մակրոնին Ֆրանսիայի նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։