Երևան +11°
copy image url
Խոսք Ներքին Միտք 2 տարի առաջ - 16:15 30-04-2022

Հայաստանի տիրապետության տակ չկա ոչ մի կտոր հող, որը հայկական չէ․ Գրիգոր Բեգլարյան

Քրիստինե Հովհաննիսյան

Լրագրող

«Հայաստանի տիրապետության տակ չկա ոչ մի կտոր հող, որը հայկական չէ»։ Այս մասին Oragir.news-ի հետ զրույցում ասաց քատեզագիր Գրիգոր Բեգլարյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Հայաստանի տիրապետության տակ կան տարածքներ, որոնք Ադրբեջանին են պատկանում։

Բեգլարյանն ընդգծեց, որ չի ցանկանում անգամ անդրադառնալ Փաշինյանի որևէ հայտարարության, որովհետև դեռ 2020 նոյեմբերի 9-ին հայտարարել է, որ Հայաստանը չունի վարչապետ։

«Ես հիմա էլ եմ կարծում, որ չունենք վարչապետ, ու հիմա շատերի նման պայքարում եմ, որ ունենանք։ Իմ սկզբունքային տեսակետն այն է, որ Հայկական լեռնաշխարհում չկա որևէ կտոր տարածք, որը հայկական չէ։ Ավելին, հայկական տարածքների 9/10 -րդականը գտնվում է օտար տիրապետության տակ, և միայն 1/10-րդականն է հայկական տիրապետության տակ։ Հիմա ազգային ուժերը փորձում են այդ տարածքներն ավելացնել, իսկ դավաճան ուժերը փորձում են դրանք նվազեցնել»։

Անդրադառնալով սահմանազատման գործընթացին՝ նա նշեց, որ այդ հարցով պետք է դիմել ռուսական դեսպանությունը։ Հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում 1920-ական թթ քարտեզների հիման վրա սահմանազատման գործընթացին՝ նա նշեց, որ չկա որևէ քարտեզ, որտեղ Հայաստանում ոչ Հայաստան լինի։

«Մինչդեռ 2018 թ-ին Հայաստանում հաղթել է այն ուժը, որը Լևոն Տեր -Պետրոսյանի ծնածն է, որը հակահայկական է ու կապ չունի հայկական որևէ իրողության հետ։ Այստեղ անգամ մասնագիտական հարց չկա։ Ավելին, ես կարծում եմ, որ հայը հային չպիտի հարցնի, թե արդյո՞ք ադրբեջանական տարածքներ կան Հայաստանի տիրապետության տակ, որովհետև հայը պետք է իմանա, որ ադրբեջանական տարածք բնության մեջ չկա։ Ես դժվարանում եմ բացատրել, թե հիմա ինչ է կատարվում մեր ազգի հետ, որ նման դիսկուրս կա Հայաստանում, և պնդում եմ՝ դեպի Քուռ գնացող բոլոր հողերը հայկական են, որոնք այս պահին Ադրբեջանի տիրապետության տակ են»։