Ներքին 4 տարի առաջ - 16:45 25-04-2022

ԶԼՄ-ների նկատմամբ ճնշումների, բռնությունների ցուցանիշները նվազել են. ԽԱՊԿ

Հայաստանում լրագրողների ու լրատվամիջոցների գործունեության համար 2022 թվականի առաջին եռամսյակը համեմատաբար հանգիստ ժամանակաշրջան է եղել: Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի առաջին եռամսյակի զեկույցի համաձայն՝ նվազել են լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության, ԶԼՄ-ների և դրանց աշխատակիցների նկատմամբ ճնշումների, ԶԼՄ-ների, լրագրողների դեմ ներկայացված դատական գործերի թվերը: Մասնավորապես, 2022 թվականի առաջին եռամսյակում կոմիտեն գրանցել է լրագրողների նկատմամբ ֆիզիկիական բռնությունների 1 դեպք: 2021 թվականի նույն ժամանակահատվածում գրանցվել էր 7 դեպք: ԶԼՄ-ների և դրանց աշխատակիցների նկատմամբ ճնշումների դեպքերը 2022 թվականի առաջին եռամսյակում եղել են 12, իսկ 2021 թվականի առաջին եռամսյակում՝ 20: ԶԼՄ-ների և լրագրողների դեմ ներկայացված դատական գործերի թիվն ընթացիկ տարվա առաջին երեք ամիսներին եղել է 7, իսկ 2021-ի նույն ժամանակահատվածում՝ 10: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը նշեց, որ նման ցուցանիշներ ունենալը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ ընթացիկ տարվա առաջին եռամսյակում երկրում ներքաղաքական առումով համեմատաբար հանգիստ է եղել:

«Մենք մեր բազմամյա դիտարկումների ժամանակ տեսել ենք, որ երբ երկրում սրվում է հասարակական, քաղաքական իրավիճակը, ապա ակտիվանում են նաև ընդդեմ լրագրողների ու լրատվամիջոցների ճնշումները: Երբ երկրում հանդարտ մթնոլորտ է, ապա այդ ճնշումները պակասում են»,-ասաց Աշոտ Մելիքյանը: Նրա խոսքով, ցուցանիշներն առաջին եռամսյակում բավական բարելավվել են, սակայն պետք չէ հանգստանալ, ներքին լարվածություն այնուամենայնիվ կա: Աշոտ Մելիքյանն ընդգծեց, որ թե լրագրողները, թե քաղաքական գործիչները, թե իրենց համախոհները ցանկացած տարաձայնություն, ցանկացած գաղափարական պայքար պետք է եզրափակեն հենց այդ հարթակում և թույլ չտան, որ այդ հարաբերություններում գործը հասնի բռնությունների ու փոխադարձ վիրավորանքների:

Ի տարբերություն լրագրողների, ԶԼՄ-ների նկատմամբ բռնությունների ու ճնշումների ցուցանիշների բարելավմանը, ընթացիկ տարվա առաջին եռամսյակում աճել են տեղեկություն ստանալու և տարածելու իրավունքի խախտումների դեպքերը: Մասնավորապես, եթե 2021 թվականի առաջին եռամսյակում գրանցվել էր նման 15 դեպք, ապա 2022 թվականի նույն ժամանակահտվածում՝ 45 դեպք:

«Այս ցուցանիշը վկայում է այն մասին, որ լրագրողները շատ մեծ դժվարությամբ են ստանում պաշտոնական տեղեկատվություն պետական մարմիններից, բողոքները շարունակում են մեզ հասնել: Մեր մտահոգությունը պետք է հայտնենք այս առումով: Շատ ժամանակ նույնիսկ դա կարող պատճառ հանդիսանալ մեր տեղեկատվական դաշտում ապատեղեկատվության տարածման համար» ,-ասաց Աշոտ Մելիքյանը:

Աշոտ Մելիքյանն իր մտահոգությունը հայտնեց նաև օրենսդրական փոփոխությունների առնչությամբ, մասնավորապես, «ծանր վիրավորանք»-ի քրեականացման, զրպարտության և վիրավորանքի համար նախատեսված դրամական փոխհատուցման վերին շեմի եռապատկման մասին: Նրա խոսքով, խոսքի ազատության անհիմն սահմանափակումներ են առաջացնում նաև «Զանգվածային լրատվության մասին» օրենքում կատարված և դեռ շարունակվող փոփոխությունները, հատկապես, կապված պետական մարմիններում լրագրողների աշխատանքի, նրանց հավատարմագրումը մերժելու կամ այն դադարեցնելու հետ: Հայաստանյան մեդիա փորձագետներից շատերն անհրաժեշտ են համարում այս փոփոխությունների անհապաղ վերանայումը և ընդհանրապես, ԶԼՄ-ներին վերաբերող ամբողջ օրենսդրության բարեփոխումը:

Ամենից շատ դիտված

16:33 Անհամբեր սպասում եմ քեզ տեսնելուն. Արամ Ասատրյան կրտսերի կինը նոր հրապարակում է արել
22:44 Եթե պայմանագիրը միակողմանի խզվի, ՌԴ–ն ՀՀ–ից հատուցում պահանջելու իրավունք կունենա. ռուս նախարարը՝ Փաշինյանի հայտարարության մասին
15:56 Արման Հովհաննիսյանը դստրերի հետ բացառիկ լուսանկար է հրապարակել
22:03 Ցեղասպանության ճանաչումն անվտանգային քաղաքականության հիմնասյուն է. թուրքերը դա շատ լավ են հասկանում, Փաշինյանը՝ ոչ
23:32 Եվրամիությունում այրվել է շուրջ 0,5 միլիոն հեկտար տարածք. Լևոն Ազիզյան
14:47 Ծառուկյանին ասել եմ՝ մուտքը էդ ի՞նչ վիճակ ա, ոնց որ գոմ ըլնի. Փաշինյանը՝ «Արարատցեմենտ»-ի մասին
17:30 Իմ սերս. Վահե Զիրոյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել
19:06 Նոր Հաճնի կամրջի տակ՝ գետի ափին, հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին
20:54 «Այլընտրանք» փնտրում են list.am-ո՞ւմ. Փաշինյանի հայտարարության հետքերով. քաղաքագետ
17:06 Հրապարակվել են այրված Wildberries-ի լոգիստիկ կենտրոնի կադրերը. Զելենսկին հաստատել է հարվածների պատասխանատվությունը

Ձեզ գուցե հետաքրքրի