Երևան +17°
copy image url
Միտք 2 տարի առաջ - 20:22 22-04-2022

Եվ այդ մեկը դու ես...

Հե՜ե՜ե՜յ, աո՜ւո՜ւ... Ո՞վ կա այդտեղ, դուք կա՞ք, դուք մեզ լսո՞ւմ եք... Չէ՛, իզուր մի փնտրեք, նրանք ձեզ չեն կարող լսել, քանի որ նրանք այստեղ չեն, նրանք... բացակայում են... Նրանց կա՛մ գերեզմաններում, կա՛մ էլ կնունքի, նշանդրեքի ու մատաղօրհնեքի արարողություններին կարող եք բռնացնել... Հայ կղերականների մասին է խոսքը:

Միայն թե անկեղծ. Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնից՝ Սուրբ Զատկից ու մնացած տաղավար տոներից բացի, վերջին անգամ համայն հայության հովվապետ Ն.Ս.Օ.Տ.Տ.-ի ձայնը, ժողովրդին ուղղված նրա սրտի խոսքը լսած կա՞ք: Դժվարանում եք, չէ՞, մտաբերել: Դժվարանում եք, քանի որ չի եղել... Հետաքրքիր է, Վեհափառ հայրապետը Արցախ աշխարհի խուճապային տրամադրություններ դրսևորող, փրկվելու համար անգամ սատանայի ողորմածությանն արժանանալու պատրաստ ժողովրդին ասելիք չունի՞... Հայրապետի գոտեպնդող, հույս ու հավատ սերմանող խոսքին սպասելիս շատերի աչքն արդեն ջուր է կտրել...

Էլ երբ, եթե ոչ հիմա, էլ ով, եթե ոչ Դուք, արգո՛ Կաթողիկոս, պիտի տեր կանգնեիք մոլորյալների Ձեր հոտին, նրանց հասցնեիք Քրիստոսի ամոքիչ, հավատի ամրակայմանը նպաստող խոսքը: Դուք կամ Ձեր ծառայակիցները պիտի շարունակաբար զրուցեիք աշխարհաքաղաքական խառնակ ժամանակներում պատերազմի վերսկսման մշտական վտանգից ընկճված, սոցիալ-կենցաղային ստվարացող հոգսերից կքած մարդկանց հետ: Շատ բան չէ, սրտի խոսք ասեիք, գոտեպնդեիք, սեփական ուժերի հանդեպ հավատ ներշնչեիք, հորդորեիք մնալ նախնյաց Սուրբ հողում, համոզեիք չդառնալ գաղթական: Գնայիք օդանավակայան, «դարձի» բերեիք տունուտեղը բանկերին «պահ տված», քոչը կապած, պարտք արած գումարով Հայաստանից ամեն գնով ճողոպրել փորձող մարդկանց, դատարկվող գյուղերի բնակչությանը: Ծանոթանայիք անասելի տխուր վիճակագրությանը, տեղեկանայիք, որ Հայաստանում կան գյուղական համայնքներ, որոնց բնակիչների տները, կայքն ու ունեցվածքն ամբողջությամբ գրավադրման տակ են: Գոնե մեկ անգամ մեծահարուստներին հորդորեիք ահռելի միջոցները ոչ թե նյութի, վիթխարահասակ արձանների, այլ մարդկանց վրա ծախսել կամ, ասենք, հող-հայրենիի պաշտպանության նպատակին ծառայեցնել:

Հուսամ՝ Դուք էլ գիտեք, որ ոչ թե 30, 80, 180-մետրանոց արձաններն են մեր երկիրը պաշտպանելու, այլ նաև Ձեր գործուն ջանքերով Փրկչի խոսքն ընկալած, կյանքը հայրենիքին նվիրաբերելու պատրաստ պարզ ու հասարակ մարդիկ, հազար հոգս ու դարդ ունեցող մեր հայրենակիցները: Թեպետ, ասում են, Դուք էլ մասշտաբային «գլուխգործոցների» հանդեպ «անտարբեր» չեք, որ վեհարանում ոչ թե, ասենք, տիֆով հիվանդ որբերի ու սովյալների հոգսը հոգած,սպիտակ դրոշ պարզած «կրետի բունը» մտած Հովհաննես Թումանյանի, այլ Մայր Աթոռին կլորիկ գումար «նվիրաբերած» կալուգացի մեծահարուստ Սամվել Կարապետյանի «ղալամով քաշած» մեծադիր պատկերն է կախված: Այս մասին չէի խոսի, չէի հիշատակի, եթե դա միայն Ձեր գործը լիներ:

Դուք պատասխանատու եք համայն հայության համար, նաև Դուք եք նրա հարատևության երաշխավորը: Աստված մի արասցե, եթե թշնամու հրոսակները հասնեն Էջմիածին, կամ, ասենք, տխրահռչակ «Բայրաքթարները» նշանառության տակ առնեն աթոռանիստը՝ վեհարանում պահվող գանձերն, օրինակ, ունակ լինելո՞ւ են կանխել վերահաս վտանգը...

Իրապես իմաստուն, իրապես հայրենասեր մեկը առանց վարանելու, ի սեր Հայաստանի փրկության կզոհաբերեր ամեն ինչ, այդ թվում նաև հիշատակածս գանձերը՝ այդ կերպ օրինակ դառնալով մյուսներին: Այդ ժամանակ միայն մեր ազգակիցների կորսված հավատը կվերականգնվեր, այդ օրինակը կդառնար ընդօրինակելի, այդ ժամանակ անհնարին կլիներ հայոց ոգին ընկճել: Հասկացեք, էլի, մեր ազգը սպասում է զորքի առջևից գնացող իր թագավորին...