copy image url
Միտք 1 տարի առաջ - 22:58 16-04-2022

Ոչ ոք նրա վրա քար չի նետում

Արցախի ազատության ջատագովը գիտի, որ Արցախի հարցը կարգավորվելու է Հարավային Կովկասի ազատության և խաղաղության հարցի հետ՝ փաթեթով։ Կա 2 տարբերակ՝ ռուս-թուրքական և արևմտյան-եվրոպական։ Հարավային Կովկասում իր ազդեցությունը վերականգնել փորձող ՌԴ-ն և Թուրքիան այլ կերպ են պատկերացնում Հարավային Կովկասի ապագան, ԱՄՆ-ն ու Եվրոպան՝ այլ։ Ռուս-թուրքական նկրտումները մեծ մասամբ հայտնի են և քննարկվում են։ Իսկ Արևմուտքի նախագիծը չի քննարկվում նույնիսկ քաղաքական և քաղաքագիտական հարթակներում։ Եթե ուկրաինա-ռուսական պատերազմում ՌԴ պարտվի, ինչը հավանական է, ապա դուրս կգա Վրաստանից, Հայաստանից, Արցախից, և կիրականանա Արևմուտքի նախագիծը։ Ի դեպ՝ ապրիլի 8-ին Բրյուսելում Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպմանը քննարկվել է արևմտյան նախագիծը։ Իսկ մի քանի օր անց՝ ապրիլի 19-ին, Մոսկվայում քննարկվելու է ռուսական նախագիծը։

Մեր հասարակության մի փոքրիկ հատվածը ցանկանում է, որ ուկրաինա-ռուսական պատերազմում հաղթի ՌԴ-ն։ Նրանք չեն ուզում լսել ՌԴ հավանական պարտության հավանականության մասին։ Եթե նրանց ասում ես, որ հնարավոր է ՌԴ-ն պարտվի, իսկ ՌԴ ներկայիս նախագահը դատվի Հաագայի դատարանում, ապա նրանք վրդովվում են ու քար փնտրում, որ տան գլխիդ։ Այդպես նրանք պաշտպանում են իրենց ցանկությունը, ապացուցում, որ ՌԴ հաղթանակի անկեղծ ջատագով են։ Ավելին՝ հորինում են ֆանտաստիկ սցենարներ, թե կոնկրետ ինչպես, ինչ ուժերով, դիվանագիտական ինչ ջանքերով և ինչ ժամկետում է հաղթելու ՌԴ-ն։

Մեր հասարակություն մեծ մասը ցանկանում է, որ Արցախն անկախ լինի կամ միանա Հայաստանին։ Երբ նրանց ասում ես, որ հնարավոր է Արցախը հանձնվի Ադրբեջանին, ապա նրանք հայհոյում են իշխանություններին, որ այդպիսի բան են անելու։ Երբ ասում ես, որ հնարավոր է Արցախն անցնի ՌԴ ուղղահայաց ենթակայության տակ, ապա նրանք ո՛չ վրդովվում են, ո՛չ էլ տխրում։ Ավելին՝ ՌԴ-ի հետ ուղղահայաց հարաբերության մասին հրապարակավ խոսում է Արցախի ներկայիս նախագահը։ Եվ ոչ ոք նրա վրա քար չի նետում։ Քաղաքական գործիչներն ու քաղաքագետները հրապարակավ քննարկում են, թե ներկայիս իշխանություններն ինչպես են հանձնում Արցախը։ Արդեն քննարկում են, թե ինչ է լինելու, երբ Արցախը հանձնվի Ադրբեջանին կամ Ռուսաստանին։ Նրանց ուղղությամբ էլ ոչ ոք քար չի նետում։ Գործիչներ կան, որոնք, արևմտյան նախագծի մասին մանրամասներ չիմանալով, նույնիսկ՝ եղած տեղեկատվությունը չվերլուծելով, ենթադրում են, որ ՀՀ-ն մերժելու է այն և ընտրելու է ռուսական նախագիծը՝ Նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայի անշեղ իրականացումը։

Այս հակապետական խոսույթը մեզ ոչ մի տեղ է տանում։ Արցախի ազատության ջատագով քաղաքական ուժերը, ընդառաջ գնալով մեր հասարակության մեծ մասի ցանկությանը, պիտի ներկայացնեն իրենց տեսլականները, թե ինչպես են պատկերացնում Արցախի հարցի հայանպաստ կարգավորումը, գծեն ճանապարհային քարտեզներ, նշեն, թե քաղաքական-դիվանագիտական-ռազմական ինչ քայլերով կիրականանա մեր ժողովրդի բաղձանքը, այնուհետև՝ բանավեճ կազմակերպեն, թե Հարավային Կովկասի ազատության և խաղաղության փաթեթով Արցախի հարցի կարգավորման 2 տարբերակներից ո՞րն է առավել իրականանալի։ Այսպիսով՝ քաղաքական ուժերը իրականությանը համարժեք վարք կդրսևորեն և իրական ուղերձներ կհաղորդեն հանրությանը, նրան ազատելով ապաքաղաքական-հակապետական-դավաճանական ու ոչ մի տեղ տանող խոսույթից։