Ուղիղ եթեր
copy image url
Միտք 2 տարի առաջ - 21:40 15-04-2022

Չկա մարգարե յուր հայրենիքում…

Չէ՛, ինչ ուզում եք ասեք, թյուր է ձևավորված կարծիքը, թե մենք օտարասեր, օտարամեծար ժողովուրդ ենք, ու «մերն» ու «մերոնց» ամենևին գնահատել չգիտենք: Այո՛, չգիտեք, կառարկեն «գործի գիտակները», հավելելով՝ հակառակ դեպքում, ապագային վերաբերող կանխատեսումների սիրահարները, օրինակ, Միշել Նոստրադամուսին, Վանգային, հանրային շրջանակներում առավելապես իբրև Եփրեմվերդի հայտնի Էփիմերտեին վկայաբերելու փոխարեն, անտեսելով խիստ հայակական՝ «Գնա մեռի, արի սիրեմ» պատվիրանը, արժանվույնս կգնահատեին մեր մարգարեներին, մեր օրերում ապրող, մեր ժամանակակիցը հանդիսացող «դելփյան պատգամաբերներին… Բայց սա իրականության հետ աղերս իսկ չունի, կասի աթերոսկլերոզով չտառապող, ոչ հեռու անցյալի «անցքերը» մտապահած ընդդիմախոսն ու կհակադարձի՝ «Անդրանիկ Նիկողոսյան անուն- ազգանունը ձեզ ինչ-որ բան հուշո՞ւմ է: Չէ՞… Իհարկե, դուք միայն այլոց մտաբերեք, ապագային վերաբերող նրանց կասկածելի գուշակությունները վկայաբերեք՝ մոռանալով ռուսաստանաբնակ մեր ազգակցի «ոսկերչականին մոտ» կանխատեսումները, որոնք մերձիմոտ են իրականություն դառնալուն…»:

ԱՊՀ երիտասարդական միության ինչ-որ կառույց ներկայացնող այս երիտասարդի կողմից տարիներ առաջ արված՝ «Հայաստանը պիտի մտնի Ռուսաստանի կազմի մեջ» կանխատեսմանը «քուանշեց» միայն՝ այն օրերին իր անկախ վիճակից մեծապես օգտվող պատգամավոր Էդմոն Մարուքյանը, ավելին՝ նա ոչ միայն «քուանշեց», այլև ԱԺ նախագահին առաջարկեց Անդրանիկ Նիկողոսյանին զրկել 2013 թ․ հոկտեմբերին ստացած՝ ՀՀ ԱԺ բարձրագույն պարգև հանդիսացող պատվո մեդալից, քանի որ նման դիրքորոշում ունեցող և գաղափարներ տարածող գործիչն իրավունք չունի կրելու Հայաստանի Հանրապետության օրենսդիր մարմնի պատվո մեդալը, որովհետև նա, դեմ լինելով Հայաստանի անկախությանը, քարոզում է գաղափարներ, որոնք դեմ են Սահմանադրության 1-ին հոդվածում ամրագրված՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, մեր երկրի տարածքային ամբողջականությանն ու ազգային շահերին: Ի տարբերություն նրա՝ Հայաստանի անկախության դեմ հանդես եկող այս գործչին «Համագործակցության ամրապնդման» համար հուշամեդալով պարգևատրեց ՀՀ նախկին ոստիկանապետը, իսկ Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ, ավելի «շռայլ» գտնվելով, մերօրյա «մարգարեին» պարգևատրեց Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով… Էլ գնահատելը ո՞նց է լինում, հը՞… Ու դա արեցին մեծագույն սիրով ու ակնածանքով, քանի որ «մարգարեի» կանխատեսումը «ջուր էր խմում նրանց սրտից»…

Լավ, չգտնվեցի՞ն էլի մարդիկ, ովքեր Էդմոն Մարուքյանի նման պրովոկացիոն կորակեին հայոց պետականության արժանապատվության նման նսեմացումը․ կհարցնեն շատերը: Ո՛չ, չգտնվեցին, դրա դեմ խոսք իսկ չհնչեց անգամ Սահմանադրությունը գրողների, Մայր օրենքը կյանքի կոչողների շուրթերից…

Իսկ դա կասկածի տակ էր առնում գրեթե ամեն ինչ…Օրեր առաջ քաղաքապետարանի մոտ անտես փայտիկի հրահանգով «Пусть всегда будет солнце» երգին ձայնակցող «կամավորների երգչախումբը», մի քանի օր անց էլ՝ «Ազատության» հրապարակում հավաքված, անկախության ձեռքը կրակն ընկածների բազմահազարանոց հանրահավաքը վկա…

Հ. Գ. – Իսկ Էդմոն Մարուքյա՞նը… Հետո ի՞նչ արեց ու ինչի՞ հասավ նա․ թերևս հարցնեն իրերի ընթացքին ուշի-ուշով չհետևածները: Թո՛ւ, թո՛ւ, թո՛ւ, Էդմոն Մարուքյանի մոտ ամեն ինչ կարգին է, նրա մոտ առաջացած նյարդային ցնցումներն ավելի չխորացան ու նա այժմ ՀՀ դեսպանն է արտերկում…