Երևան +11°
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 15:31 04-04-2022

Շահումով խաղերի ագրեսիվ գովազդներն իրենց ազդեցությունն են թողնում խաղամոլության խնդրի խորացման վրա. մասնագետներ

Կառավարությունն առաջարկում է սահմանափակել կանխիկ եղանակով և վճարային տերմինալների միջոցով խաղադրույքների կատարումը, իսկ ամիսներ անց նաև՝ էլեկտրոնային դրամապանակների միջոցով օգտահաշիվների լիցքավորումը: Նախատեսվում են սահմանափակումներ նաև շահումով խաղերի գովազդի հետ կապված: Նման քայլերի գնալու պատճառն այն է, որ Հայաստանում խաղադրույքների թիվը մի քանի անգամ աճել է, ինչն անհանգստացնող է: Հրավիրված ասուլիսում ՀՀ առողջապահության նախարարության «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն»-ի տնօրեն Սուրեն Նազինյանը նշեց, որ նման մոտեցումները կարևոր են, իրենց ազդեցությունը կթողնեն կանխարգելման համատեքստում:

«Ամենակարևորը պետք է ուշադրություն դարձնել գովազդին: Ի՞նչ իրավիճակ ունենք. լուրեր կարդալիս, ֆիլմեր դիտելիս, սոցիալական ցանցերում իրադարձություններին հետևելիս շահումով խաղերի ագրեսիվ գովազդն է: Անվերահսկելի գովազդ է դաշտում: Մեր երիտասարդները մեծ մասն անցկացնում են սոցիալական ցանցերում ու խաղերով տարվելու ռիսկը մեծ է: Շատերը պատկերացում չունեն բուքմեյքերական ընկերությունից, բայց այնքան գովազդ է արվում, որ դա չի կարող իր ազդեցությունը չթողնել»,-ասաց Սուրեն Նազինյանը:

ՀՀ առողջապահության նախարարության հոգեբուժության և բժշկական հոգեբանության գծով խորհրդատու Գևորգ Փաշիկյանը նույնպես այն կարծիքին է, շահումով խաղերի գովազդն իր ազդեցությունը թողնում է: Դրանից բացի, ազդող գործոններն են ընտանիքի դաստիարակությունը, շրջապատը: Մեկ անգամ փորձնական խաղում են ու դրանից հետո հավանականությունը մեծանում է, որ կձևավորվի կախվածություն:

Թե Հայաստանում կոնկրետ քանի մարդ ունի պաթոլոգիական կախվածություն խաղերից, դժվար է ասել, քանի որ չկա հետազոտություն: «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն»-ում 2020 թվականին ՀՀ առողջապահության նախարարության աջակցությամբ ներդրվել է սոցիալ հոգեբանական ծառայություն, որի նպատակն էր աջակցություն տրամադրել ինչպես նարկոլոգիական հիվանդություններ ունեցողներին, այնպես էլ խաղերի նկատմամբ պաթոլոգիկ հակումով անձանց: Գևորգ Փաշիկյանի խոսքով՝ ակնհայտ է, որ խնդիրը կա, այն տարածում ունի, սակայն շատերը չեն դիմում մասնագետին:

«Հայաստանում մեր ունեցած շփումները վկայում են, որ խաղամոլության պաթոլոգիկ հակում ունենալու խնդիրը կա, սակայն դիմելիությունը մասնագետներին քիչ է: Հիմնականում դիմում են խնդիր ունեցողների հարազատները խորհուրդ հարցնելու նպատակով: Անձամբ խնդիր ունեցողը հազվադեպ է դիմում: 2020 թվականից մինչ այսօր մեզ մոտ դիմելիություն եղել է 25 անձի հետ կապված: Խաղերի նկատմամբ կախվածություն ունեցողները հիմնականում երիտասարդներ են: Իհարկե, հարազատները երբ դիմում են, մենք աջակցում ենք խորհրդատվությամբ, սակայն ավելի էֆեկտիվ է, երբ անձն է դիմում: Մենք ունենք համապատասխան մասնագետներ, ծառայություններ բուժումը կազմակերպելու համար: Բուժումը կարող է լինել հոգեբանական ծառայությունների, դեղորայքի տեսքով»,- նշեց Գևորգ Փաշիկյանը: Հետազոտությունների հիման վրա կենտրոնը նաև անձին կարող է տալ տեղեկանք, որի հիման վրա բուքմեյքերական կետերը փակում են տվյալ անձի օգտահաշիվը: Կախվածության խնդիր ունեցող երկու քաղաքացի նման տեղեկանքի խնդրանքով դիմել է:

Ինչո՞ւ են մարդիկ խաղում, որն է գլխավոր շարժառիթը: Մասնագետի խոսքով՝ խաղամոլության հիմնական շարժառիթներից է հեշտությամբ գումար աշխատելը:

«Շատերը խաղում են՝ մտածելով, որ հեշտ տարբերակով գումար կաշխատեն, սակայն չեն մտածում, որ խաղերը կազմակերպիչները դրանք կազմակերպում են, որ իրենք հարստանան, ոչ թե խաղացողները: Շատ են դեպքերը, որ ազատ ժամանակ խաղում են, փորձում են, ու ժամանակի ընթացքում կախվածություն են ձեռք բերում»,-ասաց Գևորգ Փաշիկյանը:

Ե՞րբ անձը կամ նրա հարազատները հասկանան, որ առկա է կախվածություն: Մասնագետների բնորոշմամբ՝ պաթոլոգիկ հակման մասին խոսվում է այն մասին, երբ անձը շատ հաճախակի տրվում է խաղերին: Դրան զուգահեռ նեղանում են սոցիալական կապերը, օրվա ընթացքում իր մտածմունքների մեջ գերակշռում են խաղերը:

«Առաջին ցայտուն նշանը անձի մեկուսացումն է, հետաքրքրությունների շրջանակը նեղանում է, իրավիճակն ազդում է ուսման, աշխատանքի վրա, ուշադրություն չի դարձնում իր առօրյային, անտեսում է իր արտաքին տեսքը, ամբողջ օրը փակված է իր սենյակում: Առօրյա զրույցում նա կտրված է, անընդհատ զբաղված է հեռախոսով: Այս ամենը խոսում է կախվածություն ունենալու մասին՝ կլինեն շահումով խաղերը, թե այլ խաղերը»,-ասաց Սուրեն Նազինյանը:

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «Գովազդի մասին» օրենքում համապատասխան փոփոխությունների նախագիծը, ոը նախատեսվում է արգելել ինտերնետային շահումով խաղերի, տոտալիզատորների գովազդը: Օրենքով կարգավորումներն ուժի մեջ կմտնեն այս տարվա ընթացքում:

Ամենից շատ դիտված

09:31 Գյումրիում տան հրդեհից հետո ննջասենյակում հայտնաբերվել են 3 և 5 տարեկան երեխաների՝ այրվածքներով ու ծխահարված մարմինները․ shamshyan.com
07:52 Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. Փաստ
12:34 Ադրբեջանը քանդել է օկուպացված Ստեփանակերտի հերոսների պանթեnնը
13:46 Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Սուրենյան
10:00 ՀԽՍՀ սահմանները վերարտադրող ՔՊ-ն հակահայ ծրագրի ջատագո՞վն է
14:00 Գիտական ֆանտաստիկա․ Փաշինյանի համոզմամբ՝ ՀՀ-ից արտագաղթն «ուրիշ պատճառներ» ունի
13:10 Տավուշում իմ սարքած դիրքերն են քանդում ու հանձնում․ մեծ ցավ եմ ապրում․ Լևոն Երանոսյան․ Հրապարակ
20:54 Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթի շարքերը ստվարանում են. ՈւՂԻՂ
09:52 ՊՆ-ից վստահեցնում են՝ Ադրբեջանի ԶՈՒ-ն Տավուշի ուղղությամբ կրակ չի բացել հայկական դիրքերի ուղղությամբ
15:28 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հայտարարությունը՝ Կիրանցից