Երևան +11°
copy image url
Ներքին Միտք 1 շաբաթ առաջ - 10:00 04-05-2024

ՀԽՍՀ սահմանները վերարտադրող ՔՊ-ն հակահայ ծրագրի ջատագո՞վն է

ՔՊ-ական իշխանությունները հաճախ են կրկնում, որ սահմանազատումը նպաստում է ՀՀ անկախությանը, ինքնիշխանությանը։ Ասում են նաև, թե սահմանազատումը ոչ թե անվտանգային ռիսկեր է առաջացնում, այլև ամրապնդում է անվտանգությանը։ Այս ձևակերպումներն անհասկանալի են հանրությանը։ Հետևաբար առաջ է գալիս հանրային կասկած, թե ՔՊ-ն պարզապես ստում է, Ադրբեջանի և նրա դաշնակիցներ Թուրքիայի ու ՌԴ-ի պահանջով տարածքներ է հանձնում, զիջում ռազմավարական նշանակության ճանապարհների վերահսկողությունը։

ՔՊ-ականները չեն կարողանում նաև հանրության համար հասկանալի հիմնավորել, թե ինչու են սահմանազատումն անում ՀԽՍՀ վարչական բաժանման քարտեզներով, հղում անելով 1991-ի ԱՊՀ կազմավորման Ալմաթիի հռչակագրին։ Այստեղ էլ առաջ են գալիս հանրային կասկածներ, թե Նիկոլ Փաշինյանը ԱՊՀ ջատագով է։ Իսկ ավելի հոռետեսները կարծում են, թե ՀԽՍՀ սահմանները վերականգնելով, ՔՊ-ն ակնարկում է, թե ընդառաջ է գնալու միութենական պետության վերականգնման ռուս-բելառուսական ցնորական ծրագրերին։ Ինքնիշխանության ամրացման առումով ի՞նչ նշանակություն ունի հայ-ադրբեջանական սահմանազատումը։ Ու՞մ ձեռքով է 1991-ի քարտեզը դարձել սահմանազատման հիմք։

Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման մասին խոսույթում ակնարկվում է, որ ռուս սահմանապահ զորքերը դուրս են գալու հայ ադրբեջանական սահմանից, որտեղ նրանք տեղակայվել էին 44-օրյա պատերազմից հետո։ Այսպիսով՝ ստեղծում են պատկեր, թե չեզոքացնում են ինքնիշխանության դեմ հարձակումների այն ռիսկերը, որոնք կապվում են ռուսների ներկայության հետ։ Թերևս՝ սրանով են բացատրվում Արևմուտքի ողջույնները սահմանազատման մեկնարկի կապակցությամբ։ Պարզ ասած՝ սահմանազատում են անում, որ ռուսական զորքերին դուրս հրավիրելու լեգիտիմ հիմք ստեղծեն և չեզոքացնեն ՀՀ ինքնիշխանության դեմ ռուսական սպառնալիքը։

Այս տրամաբանության մեջ է տեղավորվում նաև այն, որ իշխանությունները և նրանց քաղաքականությունը պաշտպանողները սահմանազատման դեմ ընդվզողներին ներկայացնում են իբրև ռուսական գործակալներ։ Իբրև թե՝ ռուսներին հայ-ադրբեջանական սահմաններից դուրս հրավիրելու հիմքեր են ստեղծում, իսկ Մոսկվան դրան դիմադրում է ասպարեզ հանելով իր գործակալներին։

Այստեղ ի հայտ է գալիս պարզ հարց։ Եթե ՔՊ-ն իրոք ռուսական զորքերի ներկայությունը ՀՀ-ում սպառնալիք է համարում, ապա ինչու՞ նաև ՀՀ պետական սահմանի թուրքական և իրանական հատվածներից ռուսներին դուրս հրավիրելու մասին հարց չեն բարձրացնում։ Եվ ինչու՞ դուրս չեն հրավիրում Գյումրիում տեղակայված ռազմակայանը։ Թե՞ ռուսական զորքերի ներկայությունը սպառնալիք է միայն հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։

Այսինքն՝ ռուսական զորքերի դուրս բերման վերաբերյալ հատվածական այս մոտեցումը հիմք է տալիս ենթադրելու, որ ՔՊ-ական իշխանության պնդումները, թե սահմանազատումն իրականացվում է ինքնիշխանության ամրացման համար, համոզիչ չեն։ Հակառակը՝ հավելյալ հիմնավորվում է կասկածը, թե սահմանազատումն ինքնիշխանության ամրացման հետ կապ չունի։ Եվ ՔՊ-ն ընդամենը պատրանք է ստեղծում, թե ինքնիշխանության ջատագով է։

Հաջորդ վիճահարույց հարցը վերաբերում է ՀԽՍՀ սահմանները վերարտադրելու հաստատակամությանը։ Ինչու՞ են ՔՊ-ական իշխանություններն ընտրել այդ քարտեզն ու ատամներով պաշտպանում այն։ Հիշեցնենք, որ հայ-ադրբեջանական սահմանազատման ներկայիս հանձնախումբը ձևավորվել է հայ-ռուս-ադրբեջանական եռակողմ հայտարարություն-պայմանավորվածություններով, ներառելով ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի փոխվարչապետներին։ Հանձնախմբում ռուսների ներգրավումը հիմնավորվում էր նրանով, որ ՌԴ-ն ունի հավաստի, ճշգրիտ քարտեզներ, որոնցով կարող են իրականացնել սահմանազատում, սահմանագծումը։ Հանձնախմբի առաջին եռակողմ նիստերը գումարվել են 2022-ի մայիսին։ Ենթադրելի է, որ ՌԴ փոխվարչապետի նախագահությամբ աշխատող այս հանձնախումբն է իր առաջին նիստերում որոշել, որ հայ-ադրբեջանական սահմանազատումը պիտի լինի 1991-ի ՀԽՍՀ վարչական քարտեզով։ Իսկ հաշվի առնելով այն, որ Փաշինյանի գործընկեր և հովանավոր Պուտինը երազում է վերականգնել Խորհրդային միությունը, ապա ենթադրելի է, որ ՌԴ փոխվարչապետի քավորությամբ 1991-ի քարտեզի ընտրությունը նաև հեռահար նպատակ ունի։ Այն է՝ երբ ՌԴ-ն փորձի ՀՀ-ին կրկին բռնակցել վերականգնվող միությանը, ապա հայերի կողմից միությանը բռնակցվող տարածքի հետ կապված դժգոհություն չծագի։ Այսինքն՝ ՀԽՍՀ սահմանները վերարտադրող ՔՊ-ն այս հակահայ ծրագրի ջատագո՞վ է։

Այս հոռետեսական կասկածները փարատելու համար ՔՊ-ական իշխանությունը պարտավոր է հստակեցնել իր արտաքին և անվտանգային հայեցակարգերը, պարզ ներկայացնել ժողովրդին իր արտաքին քաղաքական և անվտանգային տեսլականը, որի մասին Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է արևմտյան գործընկերներին։

Հանրության հետ անկեղծ ու պարզ երկխոսություն վարելու փոխարեն, սակայն, ՔՊ-ական իշխանություններն ընտրել են բռնության ուղին։ Նրանք ոչ թե ներկայացնում են անկախության և ժողովրդավարության պաշտպանությանն ուղղված իրենց առաջիկա անելիքները, այլ հակաժողովրդավարական քայլեր են անում, բռնություն կիրառում հատվածական սահմանազատման և միակողմանի զիջումների դեմ ընդվզող քաղաքացիների, քաղաքական նախաձեռնությունների դեմ։ Այսինքն՝ ժողովրդից գաղտնիքներ պահելն ու նրա դեմ կիրառվող բռնությունն ավելի է խորացնում կասկածը, թե իշխանությունների խորքային մտադրություններն ազգային շահերի, անկախության, ժողովրդավարության հետ հակասություն ունեն, ժողովրդի և պետության ներկայի և ապագայի դեմ են։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

13:21 Դուք հիմար եք, ո՛չ կյանք եք տեսել, ո՛չ՝ համայնք. Բագրատ Սրբազանն՝ իր լուսանկարը տարածողներին
21:06 Արտաշատում կինը ննջասենյակի պահարանից գողացել է 1.2 մլն դրամ, 3.200 դոլար, 20.000 ռուբլի, ոսկյա զարդեր ու խաղադրույք է կատարել. shamshyan.com
18:07 Երևանում փորձել են թալանել «Գուավա» խանութի «բունկերը». հնչել է կրակոց. գողերն ու անվտանգության աշխատակիցները փախել են. shamshyan.com
12:45 Փաշինյանը ստախոս է․ դանիական հեղինակավոր պարբերականը՝ Նիկոլ Փաշինյանի մասին
12:26 Բագրատ Սրբազանը ԵՊՀ-ում բաց դաս է անցկացնում․ ՈւՂԻՂ
11:58 Կարո՞ղ եք ասել՝ ինչի են նիկոլական բոլոր կանայք նույն դեմքով, իրար նման, կարծես կլոններ լինեն
13:46 Յոլյան կենտրոնում բոլորը վախեցած են, նախարարությունը սարսափ է տարածել
14:26 Հերթը Հայաստանի տարածքում գործող հանքավայրերինն է․ ադրբեջանական մամուլը գործի է անցել
19:08 Շատ ցավալի է, որ ԵՊՀ չի լինելու. հարցում
21:48 Թե ինչպես Իսահակյանը կերակրեց ցրտին ու անձևին իրեն հսկող ՊԱԿ աշխատակցին