Երևան +21°
copy image url
Միտք 2 տարի առաջ - 16:22 31-03-2022

Հարավային Կովկասի խաղաղության հարցը մտնում է ԵԽ օրակարգ

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ապրիլի 6-ին Բրյուսելում համատեղ հանդիպում կանցկացնի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Ի՞նչ կարելի է ակնկալել այս հանդիպումից։

Նախընթաց շրջանում ՀՀ իշխանությունները Եվրոպային մի քանի ակնարկներ են ուղղել՝ Արցախի խնդրի կարգավորման, հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի հարցում միջազգային հանրության ներգրավման վերաբերյալ։ Վերջին ուղերձը եղավ Փառուխից հետո։ ՀՀ Անվտանգության խորհրդի նիստում վարչապետը ուղիղ տեքստով նշեց, որ նոր պատերազմի վտանգ կա։ Այնուհետև կարևոր համարեց լարվածության թուլացման համար միջազգային մեխանիզմների կիրառումը։

Փորձագետների կարծիքով՝ այսօր խնդիրն այն մեխանիզմների մասին չէ, որոնք քննարկվել և մասամբ ընդունվել են 2016-ի Ապրիլյան պատերազմից հետո Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում։ Այս անգամ խոսքը անվտանգության միջազգային երաշխիքների մասին է։ Մոտավորապես այնպիսի երաշխիքների, որոնց մասին նշել է ուկրաինացի բանագնացը ուկրաինա-ռուսական բանակցությունների վերջին փուլի ժամանակ։ ՀՀ իշխանությունները ակնարկում են, որ Արցախում խաղաղության պահպանման և Արցախի խնդրի կարգավորման հարցերում կարևոր են համարում ոչ միայն ՌԴ-ի, այլև Եվրոպայի և ԱՄՆ-ի մասնակցությունը որպես երաշխավոր։ Այս թափանցիկ ակնարկներից հետո ԵԽ ղեկավար Շառլ Միշելը Փաշինյանին և Ալիևին հրավիրում է Բրյուսել։

Անցած օրերին եվրոպական լրատվամիջոցները սկսեցին խոսել Հարավային Կովկասի ազատության և խաղաղության մասին։ Ուկրաինա-ռուսական պատերազմը մտավախություն է ներշնչում, որ Հարավային Կովկասի ազատության և խաղաղության հարցը նույնպես կարող է անցնել պատերազմի միջով։ Եվ եվրոպական մեգա գործիչների ջանքերը, ենթադրաբար, ուղղվելու են, որ այս խնդիրը լուծվի առանց պատերազմի, առանց ուկրաինական աղետալի պատմությունը կրկնելու։

Եթե Եվրոպայից բաց ակնարկում են Հարավային Կովկասի հարցն առանց պատերազմի կարգավորելու հնարավորության մասին, ապա ենթադրելի է, որ արդեն կա փոխըմբռնում Հարավային Կովկասի երկրների, Հարավային Կովկասի երկրների և Ռուսաստանի, Հարավային Կովկասի երկրների և Թուրքիայի միջև։ Այսինքն՝ ռուս-թուրքական «3+3» նախագիծն արդեն չկա կամ մեծ մասամբ չկա։ Փոխարենը քննարկման է դրվում Հարավային Կովկասի երկրների անվտանգության երաշխավորման հարցը Եվրոպայի և ԱՄՆ-ի ուղղակի ներգրավմամբ։

Ի դեպ՝ այսօր Արցախում իրադրության մասին Արցախի տեղեկատվական շտաբի հաղորդագրության մեջ առաջին անգամ ռուս խաղաղապահների մասին խոսք չկա։