Երևան +13°
Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 08:46 15-03-2022

Աշխարհաքաղաքական տեկտոնիկ տեղաշարժերը Հարավային Կովկասի պրիզմայով. Փաստ

«Փաստ»օրաթերթը գրում է․

Ուկրաինայի շուրջ հակամարտության սրման հետևանքով աշխարհում ակտիվ խմորումներ են տեղի ունենում, որոնց արդյունքում թևակոխում ենք գլոբալ աշխարհաքաղաքական փոփոխությունների ժամանակաշրջան, ինչն էական ազդեցություն է ունենալու նաև մեր տարածաշրջանի վրա։ Նախ՝ պետք է սպասել, որ Ուկրաինայում ընթացող ռազմական գործողություների հետևանքով Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները էական տեղաշարժեր են առաջացնելու համաշխարհային տնտեսության մեջ, որը վերջին տասնամյակներում ավելի փոխկապակցված է դարձել։ Առաջին հերթին դա վերաբերում է պարենամթերքի շուկային։

Ուկրաինան և Ռուսաստանը հացահատիկային և ձեթային մշակաբույսերի արտադրական և մատակարարման շղթայում առանցքային տեղ են զբաղեցնում, և դրանց խափանումներն ու արտահանման սահմանափակումներն էական ազդեցություն կունենան մի շարք երկրների պարենային անվտանգության մակարդակի վրա։ Դրա ազդեցությունը նախևառաջ կզգա մոտ հիսուն երկիր, որոնք իրենց հացահատիկի 30 %-ից ավելին ստանում են Ռուսաստանից և Ուկրաինայից։ Եվ այդ երկրներից շատերը աֆրիկյան ու ասիական քիչ զարգացած պետություններ են, որոնք պարենային դեֆիցիտ ունեն։ Մյուս կողմից էլ՝ Ռուսաստանը համաշխարհային տնտեսության համար կարևորագույն մետաղների ու այլ հումքատեսակների արտահանող է։ Իսկ ռուսական տնտեսության նկատմամբ պատժամիջոցների սահմանումը նշանակում է, որ այդ մետաղների ու հումքատեսակների գների էական աճ է նկատվելու։ Միաժամանակ, այդ նյութերից պատրաստված ապրանքներն ավելի թանկ գներով են հայտնվելու միջազգային շուկայում։

Դրան զուգահեռ, ուկրաինական ճգնաժամի սրումը ենթադրում է էներգակիրների գների բարձրացում, ինչն էլ համատարած թանկացումների պատճառ է դառնալու։ Ստացվում է, որ ամենաշատը տուժելու են հասարակ սպառողները, մարդկանց կյանքն ավելի թանկ է դառնալու, աղքատության մակարդակն աճելու է։ Իսկ սոցիալական լարվածության մեծացումը կարող է պատճառ դառնալ նաև աշխարհի այլ մասերում կոնֆլիկտների բռնկման համար։ Պետք է նաև հաշվի առնել, որ Արևմուտքի սահմանափակումները ՌԴ-ին մղելու են խորացնել գործակցությունը Չինաստանի հետ։ Արդյունքում միջազգային արենայում կարող է մեծանալ վերջինիս քաղաքական և տնտեսական կշիռը։ Առանց այն էլ տարբեր արևմտյան վերլուծաբանների շրջանում տեսակետներ են շրջանառվում, որ ՌԴ-ի դեմ սահմանափակումների արդյունքում չինական տնտեսական հնարավորություններն ավելի են մեծանալու, իսկ հաշվի առնելով Չինաստանի արագ աճող տնտեսական պոտենցիալը՝ այդ երկիրն ապագայում կարող է լուրջ մարտահրավեր նետել Արևմուտքին։

Ինչ վերաբերում է մեր տարածաշրջանին, ապա ՌԴ-ի դեմ տնտեսական ճնշումները լրացուցիչ հնարավորություններ են բացում Թուրքիայի համար՝ Հարավային Կովկասում ամրապնդվելու և վերջնականապես հաստատվելու հարցում։ Իսկ Արևմուտքը, բնականաբար, շահագրգռված կլինի, որ Թուրքիան դուրս մղի Ռուսաստանին մեր տարածաշրջանից։ Օրինակ՝ Թուրքիան կարող է փորձել նաև տնտեսապես ներխուժել մեր տարածաշրջան՝ դուրս մղելով ռուսական բիզնեսին։ Այդ դեպքում Թուրքիան տնտեսական էքսպանսիա կիրականացնի ՀՀ-ում՝ սկսելով մեր երկրի «աջարացումը», և թելադրողի դերում հանդես կգա։ Մյուս կողմից՝ բացառված չէ, որ որոշ ժամանակ անց ՀՀ-ն ևս տնտեսական հարվածի տակ հայտնվի՝ հաշվի առնելով, որ մեր տնտեսությունը բազմաթիվ թելերով կապված է Ռուսաստանի տնտեսության հետ։

Օրինակ՝ ինչ-որ պահի մեզանից կարող են պահանջել ևս հետևել Արևմուտքի սահմանափակումներին, այլապես ՀՀ-ն ևս կհայտնվի պատժամիջոցների տակ։ Ուստի Հայաստանի դիվանագիտական քայլերի հիմնական տրամաբանությունը պետք է լինի նման սցենարի բացառումը։ Մի քիչ ֆանտաստիկ է հնչում, սակայն անհրաժեշտ աշխատանք տանելու արդյունքում հնարավոր է ունենալ մի վիճակ, որ ՀՀ-ն դառնա ռուսական բիզնեսն արևմտյան աշխարհին կապող օղակներից մեկը։ Օրինակ՝ ռուսական կապիտալը սահմանափակումների ճնշումը թուլացնելու համար ԵԱՏՄ-ի գոտում Հայաստանի տնտեսական նշանակությունը դիտարկի տնտեսական գործունեությունը շարունակելու կարևորագույն հարթակ։ Բայց ՀՀ իշխանությունները, կարծես, ձեռքները ծալել, նստել են, «խաղաղության դարաշրջան» են կառուցում ու չեն գիտակցում, որ մեզ նոր մարտահրավերներ են սպասվում՝ այդ թվում՝ տնտեսական։ Իսկ երբ հարվածի տակ հայտնվենք, արդեն ուշ կլինի քայլեր ձեռնարկելը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Ձեզ գուցե հետաքրքրի