Ուղիղ եթեր
copy image url
Միտք 2 տարի առաջ - 21:51 17-03-2022

Նա զբաղված է՝ իր «ճշտով» տարածաշրջանային, գուցե և համաշխարհային խաղաղություն հաստատելով

Համաշխարհային պատերազմ է։ Մեր դեպքում՝ նաև տարածաշրջանային։ Եվ այդ իրավիճակում երկիրը կառավարվում է բոլորովին էլ ոչ պատերազմական տրամաբանությամբ։ Տպավորություն է, որ Հայաստանում որևէ այլ խնդիր չկա՝ բացի աղամանի «տեղադրումից»։

Մինչդեռ պատերազմ է, ու տնտեսական արհավիրքի առաջ ենք կանգնած, որ պայմանավորված չէ միայն Ադրբեջանով։ ՀՀ արտաքին առևտրի ավելի քան 30%-ը ՌԴ-ի հետ է։ Մեծ հաշվով՝ Հայաստանի բոլոր կարևորագույն ենթակառուցվածքներն «անցնում են ՌԴ-ով»։ Առաջին անհրաժեշտության որոշ սննդամթերքների ավելի քան 90%-ը ներկրվում է այնտեղից։ Պայմանավորված ՌԴ-ի պատերազմելու գործոնով՝ մեր շուկայում որոշ սննդատեսակների պակասություն կա, գները բարձրանում են, իսկ Կառավարությունն այնպիսի պահվածք է դրսևորում, կարծես դա շուկայի խնդիր է և իրեն չի վերաբերում։ Ով հնարավորություն ունի, սննդի որոշակի քանակ պահեստավորել է, շատերը՝ չէ։ Իսկ սննդամթերքի գները օր օրի աճում են։ Մթերք կա, բայց շատերին արդեն անհասանելի գներով։ Փաշինյանի Կառավարությունն էլ «պարենային անվտանգություն» ասածն այդ կերպ է պատկերացնում։ Իրեն բացարձակ անհաղորդ է պահում, խոսելիս էլ՝ խուճապ ստեղծում։ «Համաշխարհային տնտեսությունում կան գնաճային ցնցումներ, ապագան մշուշոտ է»,-աչքալուսանքի պես ասում է նա։ Եվ ոչ մի խոսք ժողովուրդ-Կառավարություն համատեղ ջանքերով իրավիճակը հաղթահարելու մասին։ Դրանում Փաշինյանի Կառավարությունը ազնիվ է և հասկացնում է, որ «իր վրա հույս չդնենք»։ Այս հարթությունում գոնե նրա խոսքի ու գործի մեջ հակասություն չկա։

Ահավասիկ․ ՀՀ-ի արտահանման մեջ հանքահումքային արտադրանքից հետո գումարային առումով մեծ ծավալ ունեն սպիրտային խմիչքները․ 2021 թ․ արտահանվել է 240-250 մլն դոլարի կոնյակ ու գինի։ Ավելի քան 90%-ն իրացվել ու իրացվում է Ռուսաստանում։ Կոնյակագործ-գինեգործները այս օրերին գրեթե ամենօրյա ռեժիմով ահազանգում են, որ լուրջ խնդիրներ են առաջացել, արտահանումները դադարեցվել են, պետության մակարդակով միջոցառումներ պետք է ձեռնարկվեն, այլապես որոշ ժամանակից ոլորտը, հետևաբար և երկիրը 100 միլիոնավոր դոլարների կորուստներ է ունենալու։ Կառավարությունն անհաղորդ է, «դրա ժամանակը չունի»։

Չնայած Քերոբյանը գյուղացիներին առաջարկում էր մշակել անմշակ հողերը, քանի որ պարենի քչություն է լինելու, նույն ընթացքում Արմավիրում կանաչի մշակող հարյուրավոր, գուցե և հազարավոր տնտեսություններ հայտնվել են փաստի առաջ, քանի որ հայտնի պատճառներով կանաչին չի արտահանվում ՌԴ, տեղում չի իրացվում, և ստիպված են եղածի 5-10%-ը վաճառել տեղացի վերավաճառողներին՝ փունջը 20-30 դրամով, մնացածը թափել։ Այս օրերին նրանք փորձեցին դժգոհության ձայն բարձրացնել, հետո հասկացան, որ անիմաստ է ու «սսկվեցին»։ Եթե կոնյակագործների ձայնը չի անցնում, իրենք ով են, որ դժգոհեն։ Իսկ կոնյակագործներն ու գինեգործները հանրապետության ամենահզոր արտադրական «համայնքն» են, որ ամենաբարձր մակարդակով կարողանում են հարցեր լուծել ու հիմա օրական միլիոնավոր դոլարների կորուստներ են կրում։ Միանշանակ է, որ մոտ ապագայում այստեղ էլ իրավիճակը չի շտկվելու։ Հետևաբար, սեպտեմբերին խաղողի մթերումը խիստ խնդրահարույց է լինելու (միջանկյալ նշենք, որ շատերը անցած տարի հանձնածի դիմաց գումարները դեռ չեն ստացել)։ Լավագույն դեպքում խաղողը գյուղացուց գնելու են կգ-ն 30-60 դրամով։ Չի բացառվում, որ ընդհանրապես մթերում չլինի։ Վիճակը որոշակիորեն կարգավորելու համար Կառավարությունը պետք է ոլորտի ներկայացուցիչների հետ արտակարգ ռեժիմով միջոցառումներ ձեռնարկեր, փորձեր նաև պետական մակարդակով կոնյակի իրացման հետ կապված ռուսների հետ հարցեր լուծել։ Ոչ մի նման բան։ Փաշինյանը թերևս գերադասում է կոնյակագործ-գինեգործներին «լռեցնել», որի պահեստային տարբերակն ունի, քան ռուսների հետ հարցեր լուծել։ Ինչ վերաբերում է խաղողագործներին․ սրանց հարցի լուծումն էլ տվել է դեռ անցած օգոստոսին՝ առաջարկելով ասոցիացիա ձևավորել, դրա միջոցով բանակցել մթերողների հետ, անհրաժեշտության դեպքում էլ աշխատանքային հարցեր բարձրացնել Կառավարության առաջ։ «Իրականում այդքան էլ ճիշտ չէ, երբ Կառավարությունն ասում է այդքանով պետք է մթերեք: Դա խաղողագործների և մթերողների բանակցությունների, շուկայական հարաբերությունների կարգավորման հարց է»: Այնպես որ վաղը նա գյուղացուն ասելու է «ես հարցի լուծման ուղին ցույց տվել եմ, դուք ականջալուր չեք եղել։ Մեղքը ձերն է»։ Հատկապես, որ սրանց «ախտորոշումը» տվել է ի սկզբանե․ «աղքատությունը ձեր ուղեղներում է»։

Նույնն է լինելու ծիրանի, դեղձի, կեռասի պարագայում։ ՌԴ միջին խավի գնողունակությունը շեշտակիորեն ընկնելու է։ Հետևաբար հատկապես բարձրարժեք միրգ քիչ են գնելու։ Մյուս կողմից էլ եթե նախկինում ռուսական շուկայում ծիրանը իրացվում էր միջինում 120-170 ռուբլով, որ բալանսավորված գին էր, հիմա նախ դա ռուսի համար թանկ է, մյուս կողմից կազմում է 500-600 դրամ, որ գյուղացուն վճարածի ու տեղափոխման ծախսերն են։ Արտահանողին ոչին չի մնում։ Եթե փորձեցին գյուղացուց ավելի էժան գնել, գյուղացուն ոչինչ չի մնալու։ Բայց դա էլ չէ հիմնական խնդիրը․ հարցն արտահանելն ու իրացնելն է, որ միջինում արտահանվելիք 40-50 հազար տոննան միայն Սպայկայի ու մի քանի տասնյակ անհատների վրա թողնելը, գնողունակության նման անկման պայմաններում, միանշանակ ձախողում է։ Պետք է պետական կամ գոնե օլիգարխների մակարդակով ռուսական խոշոր սուպերմարկետների ցանցերի հետ «որոշակի համաձայնությունների» գալ։ Բայց Կառավարությունը «ճառ ասի, թե զանգ կախի»։

Մասնագետները ահազանգում են, որ խիստ երաշտային տարի է լինելու (չխաբվեք վերջին օրերի տեղումներին)։ Ըստ նրանց՝ նախկինների օրոք նման դեպքերում արդեն հունվարից արտակարգ ռեժիմով աշխատող հանձնախումբ էր ստեղծվում, հակաերաշտային նախապատրաստական աշխատանքներ էին իրականցնում, դրենաժների վրա պոմպեր էին տեղադրում, ջրի սակավության դեպքում դրենաժների ջուրը մղելով ոռոգման նպատակով։ Չաշխատող պոմպակայաններն էին վերագործարկվում և բազում նման միջոցառումներ իրականացվում։ «Հիմա այդ ուղղությամբ բացարձակապես ոչինչ չի արվում և դա տրամաբանական է, որովհետև համակարգում մասնագետ չի մնացել, որ հուշի, թե ինչ պետք է անել»։

Բայց այս առումով էլ Կառավարությունը խնդիր չունի, քանի որ Փաշինյանը բազմիցս է գյուղացուն առաջարկել անցնել կաթիլային ոռոգման, քանդել անապագա հին, տրադիցիոն այգիները, ու հիմնել ինտենսիվ այգիներ։ Այս պարագայում էլ գյուղացին ականաջալուր չի եղել առաջնորդին, հետևաբար արժանիորեն տուժելու է։ Այստեղ էլ Փաշինյանը ճիշտ է։
Ու քանի որ նա միշտ ճիշտ է, հիմա զբաղված է իր «ճշտով» տարածաշրջանային, գուցե նաև համաշխարհային խաղաղություն հաստատելու գործով։




Ամենից շատ դիտված

00:10 Առեղծվածային դեպք՝ Նորատուսի գերեզմաններում. պայթյուն-փլուզում է տեղի ունեցել, կա զոհ. shamshyan.com
15:50 Իրավիճակը Ոսկեպարում և Կիրանցում․ ՈւՂԻՂ
19:55 Հանրապետության հրապարակից մեկնարկում է ջահերով երթը․ ՈւՂԻՂ
19:22 Լարված իրավիճակ՝ Տավուշում. քաղաքացիները փակում են Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհը. ՈւՂԻՂ
17:30 Հայաստանը փորձում է ձերբազատվել «Զանգեզուրի միջանցք»-ից․ դա անհնար է․ Ալիև
19:41 Ձեզ զգուշացնում եմ, չեմ թողնելու, որ այստեղ ճանապարհ փակվի․ ոստիկանը՝ Բագրատ Սրբազանին
08:42 Հարյուրավոր ոստիկաններ ու ավտոբուսով բերվող «հատուկ» աջակիցներ․ Փաշինյանն այցելում է Ծիծեռնակաբերդ
13:23 Լարված իրավիճակ` Երևան-Սևան ճանապարհին. քաղաքացիները փակել են այն. ՈւՂԻՂ
16:15 Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է առաջին սահմանային սյունը
00:00 Շուրջ 10 հոգի բերման է ենթարկվել․ գնդապետ Մախսուդյանը հիվանդանոցում է․ Բագրատ Սրբազան