copy image url
Միտք 2 տարի առաջ - 12:15 11-03-2022

Թուրքիան դեռ երկար է սերտորեն գործակցելու Ռուսաստանի հետ

Ինչպես փետրվարի 24-ին ՌԴ զինված ուժերի կողմից Ուկրաինա ներխուժելուց առաջ, այնպես էլ ռազմագործողության ամբողջ ընթացքում Թուրքիան շարունակում է մեծապես աջակցել Ուկրաինային թե՛ ռազմական, և թե՛ հատկապես դիվանագիտական և քաղաքական ճակատներում՝ իր դիրքորոշումը առաջին հերթին հիմնավորելով տարածքային ամբողջականության սկզբունքի և Ղրիմի թաթարների իրավունքների պաշտպանության անհրաժեշտությամբ: Բայցևայնպես, Ուկրաինային ցուցաբերվող բազմաշերտ օգնությունը թուրքական պետության համար հղի է բազմապիսի վտանգներով և ռազմավարական բացերով: Թուրքիան, լինելով ՆԱՏՕ-ի անդամ երկիր և ունենալով ռազմական դաշինքի կազմում երկրորդ բանակը, բարդ հարաբերություններ ունի կառույցի մի շարք երկրների, բայց, որ առավել կարևոր է, աշխարհում բացարձակ հեգեմոնիայի ձգտող Միացյալ Նահանգների հետ: Ընդ որում, Թուրքիայի համար խնդրահարույց է ոչ թե ամերիկյան պետության հզորացումը, այլ նրա ակտիվացումը Թուրքիայի համար կենսական նշանակություն ունեցող գոտում: Սիրիական ճգնաժամին զուգահեռ Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերությունների վատթարացման առանցքը Միացյալ Նահանգների կողմից Սիրիայի քրդերի զինված խմբավորումներին ցուցաբերվող աջակցությունն է: Թուրքիայում սա ընկալվում է որպես մարտահրավեր թուրքական պետության տարածքային ամբողջականությանը, հետևապես իզուր չէ, որ Վաշինգտոնի կոմից ֆինանսավորվող քրդական զինված խմբերի գործունեությունն Անկարան որակում է ահաբեկչական: Ընդ որում, սա ոչ թե սոսկ պիտակ է, այլ լեգիտիմություն ձեռք բերելու հիմնավորում՝ հակաքրդական պայքարը հակաահաբեկչական ներկայացնելու տեսանկյունից:

Այս համատեքստում Անկարայում հրաշալի են գիտակցում, որ հենց Մոսկվայի հետ սերտ գործակցության արդյունքում հնարավոր դարձավ քրդական երկրորդ ինքնավարության կանխումն ու Սիրիայի հյուսիսում Թուրքիայի համար ծայրաստիճան կարևոր նշանակություն ունեցող անվտանգության գոտու ձևավորումը: Հետևապես, Թուրքիան, կարևորելով և առանձնահատուկ նշանակություն տալով ինչպես թուրք-ամերիկյան, այնպես էլ թուրք-ռուսական հարաբերություններին, ուկրաինական ճգնաժամի ֆոնին փորձում է մանևրել Մոսկվայի և Վաշինգտոնի միջև՝ երկկողմ հարաբերությունները բերելով հավասարակշռված վիճակի: Այս համատեքստում պետք է բացատել նախագահ Էրդողանի առաջարկը՝ Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդների հանդիպումն Անկարայում կազմակերպելու վերաբերյալ, ինչին Կրեմլը, հիմնավոր պատճառներով, դեմ արտահայտվեց, քանի որ Ռուսաստանը հակադրման է գնում ոչ այնքան Ուկրաինայի, որքան Արևմուտքի դեմ՝ մայդանական և հետմայդանական իշխանություններին համարելով արևելասլավոնական եղբայրությանը դավաճանած կոլաբորացիոնիստ։ Մինչդեռ Թուրքիան դեռևս մնում է հավաքական Արևմուտքի անբաժանելի մասը ու ՆԱՏՕ-ի առանցքային խաղացողներից մեկը։

Ուկրաինական ճգնաժամի ֆոնին առաջին հայացքից անկատ է մնացել նաև ռուս-իրանական հարաբերությունների լարումը, որը նոր վակուումով է հղի և որը կարող է լրացվել թուրքական գործոնի ակտիվացմամբ, քանի որ մերձավորարևելյան տարածաշրջանում պատժամիջոցային տևական քաղաքականությունից հետո Իրանի շնչօղակի բացումը մարտահրավեր է Թուրքիայի համար առաջին հերթին՝ տնտեսական, ապա նաև՝ քաղաքական առումով: Համաշխարհային տերությունների հետ Իրանի միջուկային համաձայնագրի վերսկսման շուրջ բանակցությունները փակուղի մտել են Ռուսաստանի կողմից առաջ քաշված պահանջների պատճառով: Իհարկե պահանջներն ուղղված են ԱՄՆ-ին, որպեսզի այդ պատժամիջոցները, որոնց նա բախվում է Ուկրաինայում ռազմագործողության հետևանքով, չվնասեն Թեհրանի հետ առևտրին: Հաշվի առնելով ներկա իրավիճակը, Մոսկվայի կողմից միջուկային գործարքի վերաբերյալ համաձայնագրի ստորագրումը նշանակում է Թեհրանը նվիրել Արևմուտքին՝ մնալով դատարկաձեռն: Այս առումով շահագրգռված է նաև Ադրբեջանը, քանի որ միջուկային համաձայնագրի ստորագրումից հետո Եվրոպան արագ տեմպերով հրաժարվելու է Գազպրոմի ծառայություններից՝ նախապատվությունը տալով Կատարի և Իրանի էներգակիրներին, ինչը նշանակում է, որ Ադրբեջանի բնական վառելիքը լուրջ մրցակիցներից է ունենալու, իսկ գազի գինն իջնելու է: Թուրքիայի մտավախությունն այս առումով «Թուրքական հոսքն» է, քանի որ Անապայի շրջանից Եվրոպական Թուրքիա ձգվող գազատարը թուրքական պետությունը դարձրել է վառելիքաէներգետիկ հանգույց, որտեղից բնական գազը մատակարարվում է դեպի հարավային և հարավարևելյան Եվրոպա: