Ուղիղ եթեր
Արցախը՝ վերածնվող ամրոց
copy image url

Արցախը՝ վերածնվող ամրոց

Ներքին 3 տարի առաջ - 10:55 07-03-2022

«Արար» հիմնադրամի Խորհրդի նախագահ Ավետիք Չալաբյանն իր Ֆեյսբուքյան էջում գրում է․

«ԱՐՑԱԽԸ՝ ՎԵՐԱԾՆՎՈՂ ԱՄՐՈՑ
Հանգստյան օրերին ԱՐԱՐ Հիմնադրամի մեր թիմով գտնվում էինք Արցախում, որտեղ վերջին մի քանի ամիսների ընթացքում, Արցախի Անվտանգության Խորհրդի հետ համագործակցելով, մեր հիմնադրամը մի շարք նոր ծրագրեր է իրականացնում։
Մեր ծրագրերի նպատակն է արդիականացնել Արցախի Հանրապետության անվտանգության համակարգը, և դասեր առնելով անցած պատերազմի դառը փորձից, այն լավագույնս պատրաստել ապագայի նոր մարտահրավերներին։ Սա բարդագույն խնդիր է, հաշվի առնելով մեր կրած վիթխարի կորուստները, ծայրահեղ անբարենպաստ դիրքային փոփոխությունները, թշնամու կողմից ճանապարհների վերահսկողությունը և օդային գերակայությունը, սակայն սա բացարձակ անհրաժեշտ է, եթե մենք ցանկանում ենք, որպեսզի Արցախը մնա անմատչելի հայկական ամրոց, և այնտեղ բնակվող մեր քույրերն ու եղբայրները իրենց պաշտպանված և անվտանգ զգան։ Ուրախությամբ պետք է նշեմ, որ ամեն մի նոր այցելությունն Արցախ ցույց է տալիս, որ մարդիկ այնտեղ աստիճանաբար թոթափում են պարտության ծանր բեռը, ինքնակազմակերպվում և ոտքի են կանգնում, իսկ մեր և նմանատիպ այլ ծրագրերն էլ լրացուցիչ խթան են, որպեսզի այդ ամենն արագանա և ավելի հստակ ուղեգիծ ստանա։
Մեր ծրագրերի մեծ մասը, հաշվի առնելով դրանց բնույթը, բնականաբար չեն հանրայնացվում, սակայն դրանցից մեկի մասին այսօր կարող եմ ընդհանուր գծերով պատմել։ Անցած պատերազմի արդյունքում, թեև Արցախը կորցրեց իր տարածքների մեծ մասը, նրա շփման գիծը թշնամու հետ ոչ միայն չնվազեց, այլև ընդհանուր առմամբ նույնիսկ երկարել է, այժմ այն անցնում է այնպիսի տեղանքով, որտեղ երբևիցե մարտական ենթակառուցվածք չի եղել, դրա զգալի մասը բարձր լեռներ են։ Ավանդական ճանապարհով ամենուրեք մարտական դիրքեր տեղակայելը հսկայական մարդկային ռեսուրսներ է պահանջում, սակայն ընդհանրապես չվերահսկելն էլ հղի է թշնամու դիվերսիոն խմբերի ներթափանցմամբ և կորուստներով։ Այստեղ մեզ օգնության է գալիս ժամանակակից տեխնոլոգիան։ Մեր Հիմնադրամի մասնագետների կողմից վերջին շրջանում մշակվել են տեսադիտարկման ավտոնոմ համակարգեր, որնք ընդունակ են աշխատել առավել հեռավոր հատվածներում, առանց մարդու միջամտության, և արդյունավետ վերահսկել ընդարձակ տարածքներ։ Սա հնարավորություն է տալիս դժվարամատչելի դիրքերից հանել մեր զինծառայողներին, միևնույն ժամանակ առանց թուլացնելու մեր տարածքների պահպանության արդյունավետությունը։Այսօր մեր Հիմնադրամի աջակցությամբ այդպիսի տեսադիտարկման սարքավորումներ են տեղադրվում Արցախյան առաջնագծի տարբեր նոր հատվածներում։ Դրանցից մեկն էլ այսօր օգնում է Խրամորթ գյուղի մեր դիրքապահներին, որոնք գտնվում են թշնամու դիրքերին դեմ հանդիման, և ամենօրյա ռեժիմով դիմագրավում են նրա սադրանքներին։
Ժամանակի ընթացքում, նման համակարգեր կհայտնվեն բազմաթիվ այլ վայրերում, և կդառնան հուսալի աչքեր՝ դիտարկելու թշնամու շարժը և խափանելու նրա սադրանքները։ Նույն կերպ, մեր և նմանատիպ այլ ծրագրերը, իրար լրացնելով, աստիճանաբար ավելի անվտանգ և պաշտպանված կդարձնեն Արցախը, և թույլ կտան մարդկանց այնտեղ ապրել լիաթոք կյանքով և շենացնել իրենց հայրենի երկիրը։ Ուստի, լիցքավորված և լավատես վերադառնալով Արցախից, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, որոնք այսօր իրենց ջանքերով ոտքի են կանգնեցնում մեր հայկական ամրոց Արցախը, նաև բոլոր նրանց, ովքեր գիտակցելով դրա կարևորությունը, օգնում են նրան գործով, նյութական միջոցներով, իրենց ներկայությամբ և բարի կամքով։ Աստված պահապան մեր անկոտրում ազգին, և նրա ամրոց Արցախին»։

Ամենից շատ դիտված

22:22 Հավանականությունը մեծ է, որ փոքրիկին գողացել են․ Մարմարիկում չեն դադարում փնտրել 2-ամյա Տիգրանին
13:32 Եթե կիրակի ընտրություն լիներ, ո՞ր ուժին կքվեարկեին քաղաքացիները․ ՔՊ-ի քվեարկողների թիվը պակասել է
14:41 2 տարեկան Տիգրանին որոնում են նաև ԱԹՍ-ներ կիրառելով
18:54 Երևանում երբեք չեմ տեսել նման խայտառակություն. սա բացարձակ ապացույց է տգետ գործելաոճի. Յուզբաշյան
20:35 Սովետական անսարք տիեզերանավը կարող է ընկնել Թուրքիայի և Ադրբեջանի վրա
15:50 Էջմիածնի սրտում ձուկ եմ բռնում, պարոն Փաշինյան, արի՝ տամ, տար ու կեր․ քաղաքացին՝ վարչապետին
18:22 Դեբեդի վարարման վտանգը դեռ կա․ ջրհեղեղից 1 տարի անց էլ տուն վերադառնալն անհնարին է
17:45 Մարզային հիվանդանոցները վերցնում են, որ ՔՊ-ին ձայներ բերեն․ ԱՆ որոշման հետքերով 
21:14 Ադրբեջանին նոր տարածքներ հանձնելու համար կառավարությունը գաղտնի կետով որոշում է ընդունել
14:20 ԿԳՄՍՆ-ում չգիտեն, որ ԲՊՀ-ում դեկանի ԺՊ-ն ուսանողներին ստիպում է «սեղան գցել»