Երևան +12°
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 21:48 02-03-2022

Կոնկրետ ի՞նչ քայլեր են ձեռնարկվում Ուկրաինայում գտնվող մեր հայրենակիցներին աջակցելու ուղղությամբ․ Արծվիկ Մինասյանը՝ Արարատ Միրզոյանին

«Հայաստան» դաշինքից պատգամավոր Արծվիկ Մինասյանը այսօրվա խորհրդարանական հարցուպատասխանի ժամանակ արտգործնախարար Արարատ Միրզոյանին ասաց, որ Ուկրաինայի շուրջ ստեղծված վիճակով պայմանավորված՝ բազմաթիվ հայ ընտանիքներ, ՀՀ քաղաքացիներ կանգնած են ծանր վիճակի առաջ, և չափազանց կարևոր է, որ ՀՀ-ն, ոչ միայն սահմանադրական կարգավորումներից ելնելով, այլ ուղղակիորեն ներգրավվի այս խնդրի լուծման մեջ։ Մինասյանը շեշտեց, որ Ուկրաինայի հայերի մի մասը ուզում է Հայաստան վերադառնալ, սակայն տարբեր խնդիրների պատճառով չի ստացվում։ Պատգամավորը փորձեց իմանալ, թե կոնկրետ ինչ քայլեր են արվում այս ուղղությամբ։ Թեև մի շարք քաղաքացիներ անգամ Ռումինիայի, Լեհաստանի սահմաններն են անցել, բայց դեռ գտնվում են ծանր վիճակում, և նրանց՝ Հայաստան տեղափոխելը անհրաժեշտություն է։ Ըստ տաբեր ինֆորմացիաների՝ ՀՀ պաշտոնական ներկայացուցիչներից կապ չեն հաստատում մեր հայրենակիցների հետ։

Արարատ Միրզոյանը նշեց, որ անհրաժեշտ բոլոր աշխատանքները կազմակերպված են․ «Մինչ այսօր մեր դեսպանատունը ողջ կազմով շարունակում էր աշխատել։ Սա եզակի դեսպանատուն է, որ շարունակում էր մնալ Կիևում, աշխատել և օգտակար լինել մեր քաղաքացիներին։ Շուրջ 1500 զանգ են ստացել։ Այս պատճառով միգուցե զանգել են, և կապ հաստատել չի ստացվել։ Դրա համար Երևանում՝ ԱԳՆ-ում, թեժ գիծ է սահմանվել և՛ էլեկտրոնային փոստի միջոցով, և՛ հեռախոսով։ Եթե չի ստացվում, հետո մեր աշխատակիցներն են կապ հաստատում քաղաքացիների հետ և տրամադրում խորհրդատվություն։ Նաև մենք բանակցել և պայմանավորվել ենք Արևմտյան կողմից Ուկրաինային սահմանակից բոլոր երկրների հետ ՝ Լեհաստան, Սլովակիա, Ռումինիա, Մոլդովա և նույնիսկ Հունգարիա։ Որտեղ ունենք դեսպանություներ, մայրաքաղաքներից դիվանագետներ են գործուղվել Ուկրաինայի հետ սահմանամերձ մի քանի քաղաքներ, այդ բոլոր դիվանագետների խնդիրն է աջակցել սահմանը հատող ՀՀ քաղաքացիներին»։

Միանասյանը ճշտեց, թե կոնկրետ ինչպիսի աջակցության մասին է խոսքը․ «Միայն խորհրդատվության ձևով է իրականանում աջակցություն, թե՞ նաև նյութական, տեղափոխման, որովհետև ահազանգերի մի մասը վերաբերում է նրան, որ մարդիկ ուղղակի կորցրել են իրենց հնարավորությունները և անհրաժեշտ է առարկայական, նյութական, տեղափոխման հետ կապված աջակցություն ցուցաբերել հատկապես այն ընտանիքներին, որտեղ կան նաև մանկահասակ երեխաներ, որոնք անպայման ուզում են ՀՀ վերադառնալ»։

«Կան քաղաքացիներ, որոնք կորցրել են իրենց անձնական թղթերը, նրանց հյուպատոսական ծառայություններ են մատուցվում, կան քաղաքացիներ, որոնց օգնել ենք տեղափոխման հարցերում։ Այս պահին եթե ունենք պայմանական մի քանի հարյուր հազար հայրենակից, նրանց բոլորի տեղափոխման հարցերը ՀՀ-ն կդժվարանա իր վրա վերցնել»,- նշեց Միրզոյանը։