Ուղիղ եթեր
copy image url
Միտք 2 տարի առաջ - 17:53 26-02-2022

Մեր կողմից իրենց ամենալավ պատասխանը աքաղաղի հանգիստ «ծուղրուղուն» է. Արցախի արձագանքը Խրամորթի դեպքին

Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղում երեկ՝ փետրվարի 25-ին, միջադեպ է տեղի ունեցել: Ադրբեջանցիները գյուղացիներին բարձրախոսով հորդորել են լքել գյուղը, ընդ որում՝ հայերենով:
Oragir.news-ը դեպքի վերաբերյալ կապ հաստատեց Արցախի Հանրապետության պետական կառույցների ներկայացուցիչների հետ՝ հարցնելով, թե ի՞նչ իրավիճակ է այժմ Ասկերանում, և ի՞նչ են ձեռնարկում պատկան մարմինները։

Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Ռուսլան Իսրայելյանը մեզ հետ զրույցում ասաց, որ դեպքի մասին տեղյակ է, սակայն որևէ տեղեկատվություն տալ չի կարող, քանի որ Արցախում չէ ու շատ տեղեկացված չէ. «Ցանկացած սադրանքի պետք է համարժեք պատասխան տալ, իսկ մենք ճնշումներին չենք ենթարկվելու, ու վերջ»։ Մեր հարցին՝ տեղյա՞կ է արդյոք, թե պատկան մարմիններն ի՞նչ քայլեր են ձեռնարկում, ասաց, որ ավելի տեղեկատվության չի տիրապետում։
Արցախի ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այժմ Արցախում է ու գիտի երեկ տեղի ունեցած դեպքի մասին, սակայն հավելեց. «Ճիշտ կլինի, որ պատկան մարմիններից հարցնեք, ես որևէ տեղեկատվության չեմ տիրապետում»։

Արցախի Հանրապետության նախագահի՝ Անվտանգային և տեղահանվածների գծով ներկայացուցիչ Վահան Բադասյանն Oragir.news-ի հետ զրույցում ասաց, որ այս դեպքն իրենց խուճապի չի մատնում, քանի որ գտնվում են այնպիսի վիճակում, որ ադրբեջանցիներն ուզում են իրենց «քշել». «Մենք էլ ուզում ենք այստեղ ապրել, ճի՞շտ է. հիմա իրենք պետք է ամեն ինչ անեն, որ քշեն, մենք էլ պետք է ամեն ինչ անենք, որ այստեղ ապրենք. այս պայքարն է այժմ։ Փոքրից մինչև մեծ՝ այստեղ բոլորը գիտեն իրենց գործը ու հանգիստ անում են, իսկ իրենք առավոտից երեկո թող գոռգոռան»։

Բադասյանն ասաց նաև, որ գյուղը լքելու գյուղացիներին ուղղված բարձրախոսով հորդորը ադրբեջանցիները սկսել են դեռևս 5-6 օր առաջ, ու քանի որ նրանք բոլոր տեղերին հնարավորություն չունեն մոտենալու՝ այդտեղ են մոտեցել։ «Իրենք, իհարկե, տեղեկատվական դաշտում էլ այնպես են անելու, որ վախենանք։ Ինձ համար էլ է սա անսովոր, որևէ բան չէին անում, հետո մեկ էլ տեսանք, որ ամեն օր են խոսում, չեն կրակում, պարզապես հայերեն հայտարարություններ են անում. է, թող հայտարարե՛ն»։

Մեր այն հարցին, թե պատկան մարմիններն ի՞նչ են ձեռնարկում դեպքի առնչությամբ, պատասխանեց. «Այսինքն՝ ի՞նչ պետք է անեն: Նրանք հո չե՞ն կրակում, որ մենք էլ պատասխան կրակ տանք, չեն հրթիռակոծում, որ մենք էլ հրթիռակոծենք, իրենք անում են մի բան, որի հակառակն անելը միայն հորդորելն է մեր քաղաքացիներին, որ հանգստանան, բանի դեղ չդնեն ազերիներին։ Էլի են նման դեպքեր եղել, բայց հիմա սա դարձել է սովորական։ Ես հորդորում եմ, որ ՀՀ-ում էլ խուճապի չմատնվեն, մենք հանգիստ ենք նայում այս ամենին, հանգիստ չէինք լինի այն ժամանակ, եթե ինչ-որ գործողություն լիներ, որը կսպառնար մարդկանց կյանքին, աշխատանքին և այլն։ Իրենք որ բարձրախոսով խոսում են, տեսնում են, որ աքաղաղը հանգիստ «ծուղրուղու» է կանչում. դա մեր կողմից իրենց ամենալավ պատասխանն է»։

Քնարիկ Պետրոսյան