Ուղիղ եթեր
copy image url
Միտք 2 տարի առաջ - 12:32 23-02-2022

Ի՞նչ երկնիշ, ամբողջ 240%-ոց աճ ունենք

Վերջին 10-15 տարիներին տուրիզմը մեզանում ամենաարագ աճող ճյուղերից է։ Գուցե ճյուղն է, կամ՝ էր։ Այս ոլորտում աճի տեմպերի անկման առումով միակ բացառությունն արձանագրվել է 2015թ.-ին, պայմանավորված ՌԴ-ում ֆինանսատնտեսական ճգնաժամով: Այդ տարում այցելություններն աննշան չափով նվազել են, որովհետև որպես կանոն, ՀՀ այցելուների 40-45%-ը գալիս են ՌԴ-ից:

2020թ․-ին պայմանավորված կորոնավիրուսով, ոլորտը հայտնվեց ճգնաժամային իրավիճակում։ Այդ ընթացքում աշխարհի բազմաթիվ երկրներ պարբերաբար հորդորում էին իրենց քաղաքացիներին չայցելել այն երկրները, որոնցում կորոնավիրուսի վտանգավորության բարձր աստիճան է։ Ցավալիորեն Հայաստանը գրեթե միշտ այդ ցուցակներում էր: Սակայն միայն կորոնավիրուսը չէր պատճառը։ Պատերազմ էր, որից առաջ ու որի ընթացքում մի շարք երկրներ իրենց քաղաքացիներին կոչ էին անում չայցելել Հայաստան: Ցավոք, պատերազմից ամիսներ անց էլ (դա արդեն 2021թ․-ին էր) ԱՄՆ, Ֆրանսիայի, Լեհաստանի դեսպանատները դեռ նույն կոչով դիմում էին իրենց քաղաքացիներին, խուսափել Հայաստան այցելելուց: Ընդ որում մինչ օրս այդ հայտարարությունները չեն չեղարկվել, ինչը նշանակում է, որ մեր երկիրը դեռ ռիսկային է դրսի քաղաքացու ֆիզիկական գոյության առումով: Այդուհանդերձ, նման հայտարարությունները ուղղակիորեն հարվածում են Հայաստանի հեղինակությանն ու զբոսաշրջային գրավչությանը։ Թերևս նաև դրա արդյունքում է, որ 2021թ․-ին Հայաստան է այցելել ընդամենը 870 հազար զբոսաշրջիկ, որի 30-35%-ը արտերկրի մեր հայրենակիցներն են, արդյունքում բան չի մնա։ Իհարկե, դա բավականին բարձր ցուցանիշ է 2020թ․-ի համեմատությամբ, երբ Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը պայմանավորված վերոնշյալ հանգամանքներով ընդամենը 360 հազար մարդ էր։ Փաստորեն 2021թ․-ին նախորդ տարվա համեմատությամբ զբոսաշրջային այցելությունների ամբողջ 240%-ոց աճ ենք գրանցել։ Ինչն, իհարկե, նախարարի խոստացած 319%-ոց աճը չէ, բայց «լուրջ թիվ» է։ Ստացվում է, որ այցելությունների ֆանտաստիկ՝ 240%-ոց աճ ենք արձանագրել։ Մինչդեռ երբ դիտում ենք 2019թ․-ի այցելությունների ցուցանիշները՝ 1 մլն 984 հազար, ստացվում է, որ 2021թ․-ին Հայաստան է այցելել 2019թ․-ին այցելածների ընդամենը 43․8%-ը։

Այստեղ բավականին հետաքրքիր թվաբանություն է ստացվում, որ բոլորովին կապ չունի կորոնավիրուսի հետ։ 2021թ․-ի առաջին կիսամյակին ՀՀ է այցելել 239 հազար զբոսաշրջիկ, որը 22.2%-ով քիչ է նախորդ՝ կորոնավիրուսային տարվա առաջին կիսամյակում Հայաստան այցելած զբասաշրջիկների թվից և դա այն դեպքում, երբ երկրորդ եռամսյակում ընդհանրապես այցելություն չի եղել։ Նույն տրամաբանությամբ 2020թ.-ի մինչև մարտ ամիսը ներառյալ կորոնավիրուս չկար և կյանքն ընթանում էր բնականոն հունով: Այդուհանդերձ 2019թ. առաջին եռամսյակի համեմատությամբ 2020թ.-ի նույն ժամանակահատվածում այցելուների թիվը 307 հազարով պակասել էր: 2021թ․-ի առաջին երեք ամիսներին, 2020թ․-ի վերջին եռամսյակի համեմատությամբ, համաձայն Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանի, Հայաստան այցելած զբոսաշրջիների թիվը նվազել էր շուրջ 175 000–ով:

Ուշադրության է արժանի նաև այն հանգամանքը, որ Հայաստան այցելող զբոսաշրջիկների ամենամեծ հոսքը, որ գալիս է ՌԴ-ից, վերջին տարիներին կտրուկ նվազել է։ Եթե 2019թ-ին՝ ՌԴ-ից Հայաստան է այցելել 610 695 զբոսաշրջիկ, ապա 2020թ․-ին այդ թիվը կազմել է 137600, իսկ 2021թ․-ին՝ 350500։
Դեպի Հայաստան զբոսաշրջիկների այցելությունների թվով երկրորդ երկիրը Վրաստանն էր, որտեղից 2019թ․-ին ՀՀ է այցելել 344 հազար մարդ, 2021թ․-ին՝ 70․6 հազար։ Երրորդը՝ Իրանը։ 2019թ-ին այստեղից ՀՀ է ժամանել 160 հազար, 2021թ․-ին՝ 91 հազար։
Այդպիսին է դեռ 3-4 տարի առաջ տնտեսության ամենադինամիկ զարգացում ապրող ոլորտի վիճակն այսօր, որի «զարգացման» առումով նախարարը շատ չէ, ընդամենը 80%-ով է սխալվել։ Ընդ որում եթե ամեն ինչ թողնվեր ինքնահոսի, հավանաբար իրանցի պատվաստվողների հաշվին 300%-ոց աճ կգրանցվեր, բայց ինչպես միշտ, կառավարությունը ճիշտ ժամանակին միջամտեց ու իրանցիների հոսքը կտրուկ դադարեց։ Ինչևէ, փաստացի ամբողջ 240%-ոց աճ ունենք, որ ոչ ոք չի կարող ժխտել։

Վարդան Մսրյան