Աշխարհում տնտեսական անկում է, մինչդեռ տնտեսությունը փլուզած Հայաստանում՝ գրեթե երկնիշ աճ
copy image url

Աշխարհում տնտեսական անկում է, մինչդեռ տնտեսությունը փլուզած Հայաստանում՝ գրեթե երկնիշ աճ

Միտք Ներքին 2 տարի առաջ - 13:31 07-05-2022
ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ցուցանիշները հունվար-մարտ ամիսների ընթացքում։ Համաձայն պաշտոնական վիճակագրության՝ 2022թ-ի մարտին նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 6․7%-ով, իսկ առաջին եռամսյակում նախորդ տարվա համապատասխան ժամանակամիջոցի համեմատությամբ՝ ՏԱՑ-ի աճը հասել է 9․6%-ի։

2022թ․-ի մարտին մեկ տարի առաջվա համեմատությամբ արդյունաբերական արտադրանքի աճը կազմել է գրեթե -7%։ Ոլորտը 7 տոկոսանոց անկում է գրանցել։ Այդուհանդերձ, տարվա հունվար-փետրվար ամիսներին արձանագրված աճի շնորհիվ եռամսյակի կտրվածքով արձանագրվել է 3․1%-ոց աճ։
Գյուղատնտեսության ոլորտում եռամսյակային անկումը կազմել է 5․4%։
Մարտ ամսին հանրապետությունում շինարարության ծավալն աճել է ամբողջ 8․2%-ով, մինչդեռ եռամսյակային ցուցանիշներով այդ աճը կազմել է 6․2%։
Առևտուրը մարտին աճել է 6․6%-ով, հունվար-մարտին՝ 7․6%-ով։
Ծառայությունների ծավալն առանց առևտրի՝ գրեթե 26 %-ով մարտ ամսին և 22․2%-ով՝ հունվար-մարտին։ Թերևս այս ոլորտն էլ ապահովել է գրեթե երկնիշ աճը։
Նույն մարտ ամսվա ընթացքում սպառողական գների ինդեքսը աճել է 7․4%-ով, իսկ եռամսյա ցուցանիշը կազմել է 7%-ոց աճ։ Դա այն դեպքում, երբ օրենքով սպառողական գների տարեկան աճը չպետք է գերազանցեր 4%-ի սահմանագիծը։
Էլեկտրաէներգիայի արտադրությունը 6․8%-ով աճել է մարտ ամսին և 16․7%-ով՝ առաջին եռամսյակում։
Արտաքին առևտրաշրջանառությունը մարտին աճել է 15․6%-ով։ Ընդ որում, արտահանումը՝ 4%-ով, իսկ ներմուծումը՝ 22․5%-ով։ Արտաքին առևտրաշրջանառությունը հունվար-մարտ ժամանակային միջակայքում աճել է 38․5%-ով։ Սրանից արտահանումը՝ 26․9%-ով, ներմուծումը՝ 45․6%-ով։
Փաստորեն, տնտեսության ողնաշարը հանդիսացող երկու ճյուղերում՝ արդյունաբերությունում և գյուղատնտեսությունում, ունենք 7 և 5․4%-ոց անկում։ Տնտեսության մեջ մեծ կարևորություն ունեցող և լուրջ քանակությամբ աշխատատեղեր ապահովող շինարարությունում ունենք ավելի քան 8%-ոց աճ մարտ ամսին ու ավելի քան 6%-ոց աճ եռամսյակի կտրվածքով։ Ի՞նչ պատկեր ենք ունենում, երբ ուսումնասիրում ենք շինարարության վիճակի «բացվածքը»։ Պարզվում է, որ անցած տարվա առաջին եռամսյակում հանրապետությունում իրականացված շինարարության ավելի քան 77%-ը տեղի է ունեցել Երևանում։ Շինմոնտաժային աշխատանքների 82․3%-ն է տեղի ունեցել Երևանում, ինչը խիստ տրամաբանական է, քանի որ ամբողջ տնտեսությունը կենտրոնացված է Երևանում։ Այս տարվա առաջին եռամսյակում իրականացված շինարարության ընդամենը 40%-ն է, որ կատարվել է Երևանում, շինմոնտաժային աշխատանքների՝ 43․6%-ը։ Միանգամից, մի քանի ամսվա ընթացքում 30-40%-անոց «շեղումը» մտորելու տեղիք է տալիս։ Ինչի՞ հաշվին գյուղն այդքան ակտիվացավ, որ սկսեց միանգամից լայնածավալ, Երևանին գրեթե կրկնակի գերազանցող շինարարություն անել։
Տնտեսությանը բնութագրող ցուցանիշներից հաջորդ կարևորագույն գործոնը թերևս արտաքին առևտրի վիճակագրությունն է։ Մարտին ունենք արտաքին առևտրաշրջանառության 15%-ոց աճ, հունվար-մարտին՝ 38․5%-ոց։ Բայց երկու դեպքում էլ առևտրի առյուծի բաժինը ներմուծմանն է։ Եթե 2021թ․-ի հունվար-մարտ ժամանակային միջակայքի համեմատությամբ արտահանման ծավալները բացարձակ թվով աճել են 155 մլն դոլարով, ապա ներմուծման ծավալներն աճել են 428 մլն դոլարով։ Փաստացի այս ընթացքում 273 մլն դոլար դուրս ենք տվել, ու դրա վիճակագրությունը, թե այդ գումարի դիմաց կարտոֆիլ, լոլիկ ու վարունգ ենք բերել, թե բարձր տեխնոլոգիական սարքավորումներ, կերևա ընդամենը եկող տարի, երբ արտաքին առևտրի բացվածքը ներկայացվի։ Բայց միայն այն հանգամանքը, որ ներկրումը շեշտակի աճել է արտահանման համեմատությամբ, փաստում է տնտեսության թուլության մասին։

Հետևաբար, պաշտոնապես ներկայացվում է գրեթե երկնիշի հասնող տնտեսական աճ, բայց անգամ մակերեսային դիտարկումներից իսկ լրջագույն կասկածներ են առաջանում։ Իսկ եթե հաշվի ենք առնում նաև այն հանգամանքը, թե ով է ղեկավարում վիճակագրության կոմիտեն, որին Նիկոլը բազմիցս մեղադրել է թվանկարչության ու կեղծարարության մեջ, ու նաև այն, որ ինքը՝ նույն Նիկոլը, բոլորովին հեռու չէ սուտ խոսելուց ու կեղծելուց (ավելին, դա նրա տարերքն է), ապա այս վիճակագրությունը որևէ հավատ չի ներշնչում։ Հատկապես որ այս օրերին ամբողջ աշխարհում, պայմանավորված հայտնի պատճառներով, տնտեսական լուրջ անկումներ են գրանցվում, աճի տեմպերի էական դանդաղում, ու հանկարծ տնտեսությունը լիովին փլուզած Հայաստանում գրեթե երկնիշ աճ է արձանագրվում։ Պարզապես, դա Նիկոլին հիմա շատ է պետք։

Ամենից շատ դիտված

19:33 «Դոկտոր Ավոյան»-ում բուժառուի ատամնաշարը սխալ են բուժել և լնդերը վնասել են
22:00 8 անշարժ գույք, մեքենա, 10 մլն-անոց գնում, խոշոր նվիրատվություններ, 60․9 մլն եկամուտ․ «կոկորդիլոսագետ» Գարիկ Սարգսյանի ունեցվածքը
23:46 Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է, այն արդեն ճաքել է․ Մեսրոպ Առաքելյան
19:21 44-օրյայի հերոսի հայրը՝ Գարիկ Գալեյանը, այժմ ապօրինի անազատության մեջ է
19:00 ՔՊ-ական պատգամավորը մանիպուլացնում է․ ինչ է պատասխանել Քոչարյանը Էրդողանին
19:17 «Յան տվեք ինձնից»․ Սամվել Ալեքսանյանը՝ լրագրողին
08:30 Ինչ է սպասվում հազարավոր դիմորդներին․ ԿԳՄՍՆ-ի խայտառակությունը․ Հրապարակ
22:51 Անփող ուզում չենք, գոնե քիչ էժան պարարտանյութ, սերմացու ու վառելիք տան. օձունցի հողագործ
22:30 Ասել են` կիսվեք, չեն կիսվել, խլում են. հարցում` սուրճի կետերի փակման մասին
08:01 Շուրջ 50 հազար ԱՄՆ դոլար արժեցած «դարի հաղթանակը»` պատուհաս Կառավարության համար. Ժողովուրդ