copy image url
Միտք 1 տարի առաջ - 12:43 27-04-2022

Երկնիշ անկման համար անհրաժեշտ և բավարար բոլոր հիմքերը ստեղծվել են

ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները 2022թ․ հունվար-մարտ ժամանակահատվածի համար։ Համաձայն պաշտոնական վիճակագրության, այս ժամանակամիջոցում, գյուղատնտեսության համախառն արտադրանքը նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատութամբ 5․4% անկում է արձանագրել։ Սա ոլորտի գրեթե չորսամյա անընդմեջ անկումների շարքից է։ Քանի որ հունվար-մարտ ժամանակային միջակայքը հատկապես բուսաբուծության առումով ամենապասիվ փուլն է, ներկայացնենք անկումային տվյալները նաև տարվա կտրվածքով։
2021թ․-ին տարվա ամփոփ ցուցանիշներով գյուղատնտեսության ոլորտում գրանցվել է 1․1% անկում (հունվար-մարտ ամիսներին ևս անկումը եղել է 1%)։ 2020թ․-ը բացառություն է, որ հաստատում է օրինաչափությունը։ Տարվա կտրվածքով արձանագրվել է 1․4%-ոց աճ (հունվար-մարտին այն 4․5% էր)։ 2019թ․-ին գյուղատնտեսության ոլորտում անկումը եղել է 4․2%, տարվա առաջին եռամսյակում՝ 0․2%։ 2018թ․-ին՝ ամբողջ 7․6%։ Մինչդեռ առաջին եռամսյակին, երբ Փաշինյանը չէր վարչապետը, ոլորտում գրանցվել է 2․2% աճ։
Որպես վերջին մտքի հիմնավորում, որ 2018թ․-ի 7․6%-ոց անկումը Փաշինյանի շնորհիվ է տեղի ունեցել, հիշեցնեմ, որ նախարարությունը փակվելուց, հաշված օրերի ընթացքում փլուզելուց զատ (ինչի մասին բազմիցս գրվել է), օգոստոսին Փաշինյանը արգելեց ոռոգման համար Սևանից ջուր բաց թողնել, ինչի արդյունքում մի շարք տարածաշրջաններում այգիները չորացան։ Որոշ գնահատականներով դրա արդյունքում ոլորտին հասցված վնասը կազմում էր 7 մլրդ դրամ, որոշ մասնագետների հաշվարկներով էլ՝ մի քանի տասնյակ միլիարդ։
Պարզ թվաբանությամբ 2018-2021 թվականներին գյուղատնտեսության ոլորտում արձանագրվել է 11.5% անկում և այսօրվա մեր գյուղատնտեսությունը մնացել է մոտավորապես 2015թ․-ի ցուցանիշների մակարդակում։ Եվ դրանում օբյեկտիվ որևէ գործոն չկա, հիմնականում իրականացված ապաշնորհ քաղաքականության արդյունք է, որ այս տարի վատ առումով թերևս աննախադեպ դրսևորումներ է ունենալու։ Ընթացիկ զարգացումները տանում են նրան, որ եթե ամեն ինչ այդպես շարունակվի (մոտեցումներից երևում է, որ ոչինչ չի փոխվելու), ապա 2022թ․-ը գյուղատնտեսության ոլորտում կփակենք երկնիշ, մինչև 12-15% անկմամբ։ Ոլորտում երկնիշ անկումը միանշանակ «երաշխավորված» է, որովհետև դրա համար անհրաժեշտ և բավարար բոլոր նախադրյալները ստեղծվել են։ Պարզապես, եթե այդ օրերին Փաշինյանը եղավ իշխանության, վիճակագրությունը ամենալկտի ձևով կեղծվելու է։
Ապրիլի 14-ին Արարատի մարզում -6 աստիճան ջերմաստիճան է գրանցվել, չնայած որ պաշտոնական հաղորդագրություններում խոսվում էր ընդամենը -1-ի մասին։ Մասնագետների գնահատմամբ, ծիրանի և դեղձի բերքը ոչնչացել է ավելի քան 80%-ով. ամառային խնձորինը՝ 70-80%-ով, կեռասինը՝ ավելի քան 60-70%-ով, սալորինը՝ 20-30%-ով, 30-40%-ով ցրտահարվել է ելակի բերքը։ Չնայած դրան, պաշտոնական որևէ հաղորդագրություն չի եղել տեղի ունեցածի մասին։ Մասնագետների գնահատմամբ, Արարատի մարզում սպասվող բերքի առնվազն 60-70%-ը ցրտահարվել է, չկա։ Մինչդեռ նախկինում նման դեպքերում համապատասխան ծառայությունները նախապես զգուշացնում էին և գյուղացիները բերքը ցրտահարությունից պաշտապանելուն ուղղված միջացառումներ էին ձեռնարկում։
Ոլորտում համախառն ներքին արդյունքի կտրուկ անկման հաջորդ կարևորագույն գործոնը ռուս-ուկրաինական պատերազմական գործողությունների հետևանքով պարատանյութերի գների կրկնակի-եռակի թանկացումն է։ Մինչ գյուղմթերքների արտադրությամբ անհանգստացած՝ աշխարհի պետեությունները ակտիվորեն տարբեր միջոցառումներ էին (ու` են) իրականացնում իրավիճակը մեղմելու-շտկելու առումով, ՀՀ իշխանությունները չէին կողմնորոշվում ինչ անել ու ինչպես անել։ Ամբողջ երկու ամիս տվայտանքների մեջ էին։ Ի վերջո, երբ պարարտացման գործընթացի ժամկետներն անցել են, օրերս գյուղացուն շուկայական գներով առաջարկեցին եղածների մեջ ամենավատը, վրացական արտադրության պարատանյութ, որը բնականաբար գրեթե չընդունվեց։ Մինչդեռ բերքի առնվազն 30-40%-ը ապահովվում է պարարտացման հաշվին։
Երրորդ ու կարևորությամբ թերևս առաջին գործոնը գյուղատնտեսության համար ոռոգման ջուրն է, որ մինչ օրս շրջանների մեծ մասում տրված չէ։ Մինչդեռ բազմաթիվ մշակաբույսեր պետք է արդեն երկրորդ անգամ ջրված լինեին։ Օդի ջերմաստիճանը հասնում է 27-28 աստիճանի, քամուց հողի փոշին տասնյակ մետրերով բարձրանում է, իսկ դաշտերը դեռ չեն ջրվել։ Ֆեյսբուքյան «Բերքառատ Հայաստան» չքաղաքականացված էջի ակտիվ մասնակիցներն էլ մեկմեկու շնորհավորում են, եթե ինչ-որ մեկին հաջողվում է այգին ջրել։ Շատերն էլ զարմանում են, որ այդ «ինչ-որ մեկի» գյուղում արդեն ոռոգման ջուր են տվել։ Եթե վերոնշյալ լրջագույն խնդիրներն անգամ չլինեին, մնացած ամեն ինչն իդեալական լիներ, միայն ջրի խնդիրը բավարար է, որ բերքի հսկայական կորուստներ ունենանք։ Մինչդեռ կարծես ամեն ինչ արվել ու արվում է բերք չունենալու համար։ Ընդ որում, նաև անասնապահության ոլորտում։ Ելնելով ընթացող պատերազմի հետևանքով իրացման առումով առաջացած անորոշություններից՝ գյուղացիներից շատերը պատրաստվում էին բանջարեղենի փոխարեն առվույտ մշակել, քանի որ սրա պահանջարկը մեծ է։ Բայց ջուր չկա և չեն կարողանում ցանք կատարել։ Իսկ դա նշանակում է, որ անասնակերը շարունակելու է խնդիր մնալ բացասական բոլոր հետևանքներով։
Վերոնշյալներից բացի՝ բազմաթիվ այլ խնդիրներ ևս կան, որ լրջորեն խոչընդոտելու են ոլորտի զարգացմանը։ Եվ բոլորը, նշվածներն ու չնշված սուբյեկտիվ գործոնները, կառավարության ապաշնորհ գործունեության հետևանք են։ Չկա գեթ մեկ դեպք, որ պայմանավորված լինի օբյեկտիվ գործոններով։ Այնպես որ, եթե մի պահ հրաշքով քաղաքական առումով ամեն ինչ լավ լինի, միևնույնն է, տնտեսական ոլորտում սննդամթերքի արտադրության, ապահովության առումով, մեղմ ասած, ծանր է լինելու։

Ձեզ գուցե հետաքրքրի