copy image url
Ներքին 1 տարի առաջ - 20:02 27-05-2022

Հայաստանը միակ երկիրն է, որտեղ երկնիշ գնաճ չկա, չնայած որ 60 դրամանոց կարտոֆիլը վաճառվում է 550 դրամով

Վիճակագրական կոմիտեն կարծես միտումնավոր տվյալներ է հրապարակում, որպեսզի ցույց տա, որ այն, ինչ ասվում է Կառավարության կողմից գնաճի վերաբերյալ, չի համապատասխանում իրականությանը։ Ահավասիկ, ընդամենը օրերս հրապարակված պարենային ապահովությանն ու աղքատությանը վերաբերող այս աղյուսակը։



Կարելի էր միայն աղյուսակը հրապարակել՝ առանց մեկնաբանությունների, ու դրանով ամեն ինչ ասված կլիներ, այդուհանդերձ մեկ-երկու մեկնաբանության գայթակղությունից չենք հրաժարվի։
Որքան էլ «քայլականները» փորձում են օր օրի ահագնացող գնաճը բացատրել համաշխարհային զարգացումներով, համոզել, թե թանկացումները վերհայաստանյան գործընթացների հետևանք են, աղյուսակի տվյալներից անմիջապես պարզ է դառնում, որ 2018 թ․ սկսած առաջին անհրաժեշտության գրեթե բոլոր մթերքների գները կայունորեն աճել են։ Ընդ որում, հավասարաչափ աճել են նաև տեղական արտադրության մթերքների գները։ Ավելին, 2020 թ․, երբ համավարակով պայմանավորված արտահանումները բավականին նվազել էին, տրամաբանական էր, որ չարտահանվող մթերքների՝ տեղում մնալով որոշակի լճացում պետք է առաջանար ու որպես հետևանք գնանկում տեղի ունենար։ Մինչդեռ աղյուսակը հակառակն է ապացուցում։ 2021 թ․ աշխարհում համավարակի նվազման միտումներ էին նկատվում, ու համաշխարհային տնտեսությունը սկսել էր աշխուժանալ, առևտրաշրջանառությունը ևս, որը պետք է բերեր առաջին անհրաժեշտության որոշ մթերքների գների նվազման։ Թե որքանով է բերել, ներկայացված է աղյուսակում։



Երկու աղյուսակների համադրումից պարզ է դառնում մեր տնտեսության խաթարված վիճակն այն առումով, որ երկրում շուկայական տրամաբանությունը չի գործում։ Չկան, չեն ստեղծվել անհրաժեշտ մեխանիզմներ, ու ամեն ինչ զարգանում է պարզ, «արևելյան բազարի» սկզբունքով, որը սակայն օր օրի ավելի կոպիտ ու անթաքույց ենթարկվում է ուժեղների ճնշումներին, որի արդյունքում արդեն «բազարի» մեխանիզմն էլ է վերանում։

1 լիտր կաթի մանրածախ վաճառքի գինը 2017 թ․ եղել է 412 դրամ, այս տարվա առաջին եռամսյակում հասել է 475-ի։ 1 լիտր կաթի մեծածախ գինը (2-րդ աղյուսակ) 2017 թ․ եղել է 145 դրամ, հիմա՝ 186 դրամ է։ Այստեղ շատ կարևոր «նրբություն» կա։ Կաթ մթերող ընկերություններն ունեն ներկայացուցիչներ (հիմնականում իրենց ընկեր-մտերիմ-հարազատներն են), որոնք 2015-2017 թթ, օրինակ, գնում էին լիտրը 110-125 դրամով (պայմանավորված տարածաշրջանով) և վերամշակողին՝ ընկերոջը հանձնում 145-ով։ Նույնը հիմա է։ Բայց դա էլ չէ էականը։ Բանն այն է, որ մեկ լիտր կաթի ինքնարժեքը կազմում է 80-110 դրամ։ Փաստորեն մեկ լիտրի մեջ գյուղացին 20-30 դրամի եկամուտ է ունենում, իսկ սպառողին այդ կաթը, որ ընդամենը պաստերիլիզացվում ու փաթեթավորվում է, հասնում 5-6 անգամ թանկ։ Նույն պատկերն է կենդանական ծագման մյուս բոլոր ապրանքատեսակների առումով։

Շատ ավելի վատ է պատկերը բուսաբուծական արտադրանքի իրացման առումով։ Համաձայն 1-ին աղյուսակի՝ կարտոֆիլի մանրածախ վաճառքի միջին գինը 344 դրամ է, իսկ գյուղացուց գնվում է (մեծածախ գինը) 209 դրամով։ Մեկ կգ կարտոֆիլի ինքնարժեքը 60-70 դրամ է։ Ստացվում է, որ նույնիսկ այս գերթանկ տարում գյուղացին իր արտադրած 1 կգ-ից ունենում է 120-130 դրամ շահույթ, իսկ վաճառողը, որ բացարձակապես ոչինչ չի անում, դրանից ավելին։ Իսկ սպառողը վճարում է ապրանքի իրական շուկայական գնից կրկնակի-եռակի թանկ։

Այս մեխանիզմն է գործում բոլոր մյուս սննդամթերքների գնագոյացման պարագայում։ Ներկրվածների դեպքում՝ առավել ևս։ Ինչումն է այստեղ խնդիրը։ Հիմա Հայաստանում սննդամթերքի գները ոչ թե ձևավորվում են առաջարկ-պահանջարկ սկզբունքով, այլ գները թելադրում են մեծ քանակություն իրացնողները՝ հիմնականում սուպերմարկետները։ Սրանք որոշում են, թե ինչ գնով են գնելու այս կամ այն բանջարեղենը կամ միրգը (ի վերջո, սրանց հիմնական մասը շուտ փչացող է, և եթե մեկ-երկու օրվա ընթացքում չիրացվեց, փչանալու է), որից հետո 10-20-30 դրամ ավել կամ պակասով գնում են մյուս՝ բակային բանջարեղենի խանութները։ Եթե սուպերմարկետները չգնեցին, կարող են ներկրել դրսից ու ավելի էժան։ Գյուղացին դա հասկանում է և պարզապես այլընտրանք չունի։ Արդյունքում ունենում ենք այն, ինչ ունենք․ վիճկոմիտեի տվյալներով՝ գյուղացին մի կողմից ստիպված է լինում արտադրածի որոշ մասը պարզապես թափել, մյուս կողմից՝ նույն ապրանքը վաճառվում է կիլոգրամը մինչև 400-500 դրամով։

Այս ամենը հետևանք է անհրաժեշտ ինստիտուտների բացակայության։ Սրանք ստեղծելու փոխարեն Կառավարությունում զբաղված են հայտարարություններ տարածելով, թե Հայաստանը միակ երկիրն է, որտեղ երկնիշ գնաճ չի գրացվել։ Չնայած, որ 60 դրամանոց կարտոֆիլը վաճառվում է 550 դրամով։

Ամենից շատ դիտված