Ներքին 4 տարի առաջ - 19:23 17-02-2022

Արցախի ԱԺ խմբակցությունները հանդիպել են ԱՀ գլխավոր դատախազի հետ

Արցախի Հանրապետության Ազգային ժողովում ներկայացված Արցախի ժողովրդավարական, Հայ Յեղափոխական Դաշնակցություն և «Արդարություն» կուսակցությունների փետրվարի 16-ի համատեղ հայտարարությունից հետո համանուն խմբակցությունների նախաձեռնությամբ այսօր՝ փետրվարի 17-ին, խորհրդակցության նպատակով Ազգային ժողով էր հրավիրվել ԱՀ գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը, տեղեկացնում է ԱՀ ԱԺ պաշտոնական կայքը: Քննարկումներին մասնակցել են «Արցախի ժողովրդավարական կուսակցություն», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն», «Արդարություն» և «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցությունների ներկայացուցիչները։

ԱՀ գլխավոր դատախազը պատգամավորներին հանգամանալից բացատրություններ ու մեկնաբանություններ է տվել ինչպես 2020թ․ 44-օրյա պատերազմից հետո զարգացումների, այնպես էլ անցյալում տեղի ունեցած ադրբեջանական կողմի սադրանքների ու ահաբեկչական գործողությունների արդյունքում ԱՀ գլխավոր դատախազության կողմից հարուցված քրեական գործերի շրջանակներում տարվող գործողությունների մասին։