Երևան +10°
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 17:54 16-02-2022

Կեցցե գիտությունը․ բաց նամակ՝ Հայաստանի ապագայով մտահոգված հանրությանը

Վերջապես Հայաստանի կառավարությունն ընտրեց գիտության և գիտելիքահեն տնտեսության զարգացման ռազմավարություն: Բարձրացվեց երկար տարիների ցածր սոցիալական վիճակում հայտնված գիտաշխատողների աշխատավարձը և մեծացվեց գիտական ծրագրերին հատկացվող ֆինանսական միջոցները: Այս միջոցառումների արդյունքում հնամաշ և շարքից դուրս եկած սարքերը կսկսեն փոխարինվել ժամանակակից սարքավորումներով, կկանխվի երիտասարդ կադրերի արտահոսքը, բնագավառը դառնալով ավելի գայթակղիչ՝ կնպաստի նրանց ներհոսքին, գիտական կոլեկտիվը կերիտասարդանա և ամբողջովին կտրվի գիտությանը: Կստղծվեն իրական պայմաններ միջազգային գիտության համայնքին ինտեգրվելու համար։ Սա շատ լավ սկիզբ է, սակայն այս ամենին զուգահեռ առկա են նաև մի շարք խնդիրներ, որոնք կարող են բացասաբար ազդել գիտաշխատողների առողջացող բարոյահոգեբանական վիճակի վրա:

Ձեզ է դիմում Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ազգային Ակադեմիայի Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի (այսուհետ Կենտրոն) տնօրենի նորանշանակ պաշտոնակատար, ք.գ.դ.՝ Ս. Գասպարյանը:
2008 թ. ՀՀ ԳԱԱ երեք գիտական հիմնարկների՝ Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի (ՆՕՔԻ), Օրգանական քիմիայի ինստիտուտի (ՕՔԻ) և Մոլեկուլի կառույցի ուսումնասիրման կենտրոնի (ՄԿՈՒԿ) օպտիմալացման՝ միավորման, միջոցով կազմավորվեց ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնը, որը շարունակեց իր ավանդույթները զարգացնելով գիտության այս բնագավառը նորանոր ծրագրերով ու գաղափարներով: ՆՕՔԻ-ում կատարվել ու կատարվում են նոր դեղամիջոցների որոնում, այսինքն սինթեզվում են նոր միացություններ և ենթարկվում կենսաբանական փորձարկումների: Հարկ է նշել, որ տարիների ընթացքում ստեղծվել և արտադրվել են 14 անուն դեղամիջոցներ, որոնցից մի քանիսը, մասնավորապես, ԳԱՆԳԼԵՐՈՆԸ, ԹԻՈԴԻՆԸ, ԿԱՊՐՈՖԵՐԸ, ԴԻՏԻԼԻՆԸ, այսօր էլ մեծ պահանջարկ են վայելում ինչպես հանրապետության ներքին պահանջարկի, այնպես էլ ԱՊՀ երկրներ արտահանման համար: Ակնհայտ է ՄԿՈՒԿ-ում իրականացված գիտահետազոտական աշխատանքների կարևորությունը, որը կայանում է Կենտրոնում և Հայաստանի մյուս գիտահետազոտական հաստատություններում, ֆիզիկաքիմիական եղանակներով ու մեթոդներով (ԻԿ, ՄՄՌ, ՌԿՎ, Մասս., Էլեմենտ. անալիզ), սինթեզված միացությունների բնութագրումն ու նկարագրումը: ՕՔԻ-ում օրգանական քիմիան ուղղորդված է ինչպես տեսական, այնպես էլ կիրառական նշանակություն ունեցող հարցերի լուծմամբ: Նոր դեղամիջոցների ստեղծման նպատակով, Կենտրոնը զբաղվում է կենսաբանորեն ակտիվ միացությունների նախակլինիկական հետազոտությունների իրականացմամբ, ինչպես նաև ապագա սերունդ կազմավորելու համար երիտասարդ կադրերի պատրաստմամբ: Նշեմ նաև, որ կառավարության թեմատիկ ֆինանսավորման ծրագրերով Գիտության կոմիտեի կողմից մեր Կենտրոնում, բացի բազային ֆինանսավորումից, այսօր կատարվում են 15 գիտահետազոտական թեմաներ:

Հարցը կայանում է նրանում, որ երկար տարիներ մեր արդեն օպտիմալացված Կենտրոնի ենթակայության տակ գտնվող տարածքների նկատմամբ իրականացվել և մինչ օրս շարունակում են իրականացվել ոտնձգություններ տարբեր շահառու կազմակերպությունների կողմից: Տարիների ընթացքում 10 հա տարածքից մնացել է 6-ը: Տարածքի մի հատվածում կառուցվեցին բնակելի շենքեր՝ երիտասարդ գիտաշխատողներին բնակարանով ապահովելու ծրագրի միջոցով, որը շատ գովելի է ու արժանացել է մեր Կենտրոնի գիտական խորհրդի և ամբողջ կոլեկտիվի հավանությանն ու համաձայնությանը:
Բուն հարցը կայանում է հետևյալում: Բոլորովին վերջերս, Կենտրոնի տարածքի հանդեպ հետաքրքրություն է առաջացել և ակտիվություն է նկատվում մի շարք շահագրգիռ կազմակերպությունների ու անհատ ձեռներեցների կողմից: Տպավորություն է ստեղծվում, որ մենք աշխատում ենք ոչ թե գիտահետազոտական կենտրոնում, այլ աճուրդի հանված մի թանկարժեք հողակտորում, որն ամեն պահի կարող է անսպասելի դառնալ “զարգացող բիզնեսի” առարկա ու վաճառվել:

Ամենասարսափելին վերաբերում է “Գրին փրոփերթի դիվելոփմենթ” ՓԲԸ-ին պատկանող տարածքի խնդրին, որի մասին կցանկանայի մի փոքր մանրամասնել:
Մի փոքր գնանք 90-ական թվականների վերջ, երբ Հայաստանի տնտեսությունը, կրթությունը, գիտությունը և մնացած ամեն ինչ գտնվում էր շատ ծանր վիճակում: Սուղ ֆինանսական միջոցների պատճառով, ՀՀ ԳԱԱ ՆՕՔԻ-ի տնօրինությունը, Ազատության պող. 26 հասցեում՝ իր տարածքում, գտնվող ջրավազանը հանձնում է քաղաքապետարանի ենթակայությանը՝ խնամելու և մաքրման աշխատանքներ իրականացնելու համար: Սակայն, տարիներ անց այդ տարածքի համար սկսվում են տեղի ունենալ զանազան առքուվաճառքի գործարքներ:
26.12.2006 թ. Երևանի քաղաքապետի թիվ 2315-Ա որոշմամբ, Երևանի Քանաքեռ-Զեյթուն թաղային համայնքի ղեկավարի աշխատակազմ համայնքային կառավարչական հիմնարկին սեփականության իրավունքով պատկանող, Ազատության պող. 26 հասցեում Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի տարածքում գտնվող ջրավազանին տրամադրվել է հասցե՝ Ազատության պող. 26/1, որը հետո ստացել է պետական գրանցում և վաճառվել է անհատ անձնավորության: Հետագայում այդ տարածքը մի քանի անգամ վերավաճառվելով 2019 թ. բաժին է հասնում “Գրին փրոփերթի դիվելոփմենթ” ՓԲԸ-ին (այսուհետ ՓԲԸ):

ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից իրականացված մշտադիտարկման արդյունքում պարզվել է, որ ջրավազանի զբաղեցրած հողամասի օտարման գործընթացը եղել է ապօրինի և հարուցվել է քրեական գործ:
2016 թ. ՀՀ գլխավոր դատախազության կողմից նախապատրաստված նյութերով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության կողմից քննվող քրեական գործի շրջանակներում պարզ է դարձել և հիմնավորվել, որ օտարումն իրոք ապօրինի է եղել:
Քրեական գործով հիմնավորվել է, որ 2006 թ. Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի, հողերի ընթացիկ հաշվառման և հողօգտագործման բաժնի գլխավոր մասնագետի, “Քաղաքաշինություն” ՓԲԸ-ի ճարտարապետի, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի գործողությունների արդյունքում ֆիզիկական անձի է օտարվել այնպիսի հողամաս, որը համաձայն ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի, ենթակա չէր օտարման:
Համաձայն ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի՝ արգելվում է քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով փոխանցել պետական և համայնքային սեփականություն հանդիսացող այն հողամասերը, որոնք՝ պատմական և մշակույթային արժեքների օբյեկտներ են, կառավարության սահմանած ցանկով տրամադրված են պետական գիտահետազոտական կազմակերպություններին (կրթական, սելեկցիոն և այլն)՝ մինչև սահմանված կարգով դրանց լուծարումը: Նշեմ, որ ՀՀ կառավարության 07.10.2004 թ. թիվ 1616-Ն որոշմամբ, Կենտրոնը ներառված է Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցուցակում (ՎԿԱՅԱԳԻՐ պետ. ցուցակի ցուցիչ 1.3.2):
Հարուցված քրեական գործի վարույթը 10.09.2017 թ. զարմանալիորեն կարճվել է և հանցագործություն կատարած անձանց նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել` կատարված հանցագործության համար քրեական պատասխանատվության վաղեմության ժամկետն անցնելու հիմքով:

Ք. Երևան Ազատության պող. 26 հասցեում ներկա պահին գտնվող Կենտրոնի շենքային համալիրը նախագծվել և կառուցվել է 1954-1955 թթ.` որպես մեկ գիտատեխնոլոգիական և ճարտարապետամշակութային համալիր-անսամբլ: Նրանում ներառված են քիմիական սինթեզի նշանակության եռահարկ մասնաշենքեր, իրենց օդափոխման համակարգով, որը նախագծված է հաշվի առնելով անհրաժեշտ բնական արևային լույսը և օդափոխումը: Ինչպես նաև քառահարկ մասնաշենքը՝ կենսաբանական փորձարկումներ իրականացնելու նպատակով: Կենտրոնը շրջապատված է բազմամյա ծառերով և ջրավազանով, որը բացի հակահրդեհային, բնապահպանական և այլ տեսանկյունից նրան հաղորդում է էսթետիկ նշանակություն:
Այս օրերին, ջրավազանի սեփականատերը ցանկանում է քանդել ջրավազանը և այնտեղ կառուցել բազմահարկ բազմաֆունկցիոնալ բնակելի համալիր, որը որևէ առնչություն չունի գիտության հետ: Այդ շինարարությունը անդառնալի վնաս կհասցնի Կենտրոնում իրականացվող գիտական գործունեությանը, որը կդադարի գործել որպես մեկ ամբողջական քաղաքաշինական համալիր և հետագայում անհնարին կդարձնի Կենտրոնի հետագա զարգացման հնարավորությունները:
Ելնելով այս ամենից, խնդրում եմ բարձրաստիճան պաշտոնյաներից ու գիտության ապագայի մասին մտածողներից, կանխել գիտության հետ կապ չունեցող որևէ գործունեության իրականացում: Խնդրում եմ կառավարությանը այս հարցը մեկ անգամ ևս քննարկել վերին ատյաններում, ցանկալի կլիներ մեր Կենտրոնի խոշորագույն գիտնականների մասնակցությամբ, ջրավազանի ներկայիս սեփականատիրոջից ետ գնելու կամ առաջարկելու մեկ այլ համարժեք տարածք: Այս կարծիքին համամիտ են և միաժամանակ այս հոգսով մտահոգված ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունը, ՀՀ Գիտության կոմիտեն և այլ գիտական ու կրթական կազմակերպություններ:
Ես հավատում եմ Հայաստանում գիտության զարգացմանը, ես հավատում եմ Հայաստանի վաղվա օրվան ու ապագային: Ուրեմն կեցցե Հայաստանի Հանրապետությունը, կեցցե հայ ժողովուրդը, կեցցեն մեր երեխաները, որ ապրելու են այս երկրում:

Հարգանքով՝ Ս. Գասպարյան

Լուսանկարը՝ «Երևան» ամսագրի։