Երևան +17°
copy image url
Խոսք 2 տարի առաջ - 20:50 15-02-2022

Արցախի և ՀՀ-ի իշխանությունները փափուկ բարձ են դնում մեր գլխի տակ. Մետաքսե Հակոբյան

Ադրբեջանի իրավապահների՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի ձերբակալման, Շուշիի հռչակագրի ստորագրման, փետրվարի 4-ին ստորագրված համաձայնագրի, Արցախի ներքաղաքական իրավիճակի մասին Oragir.news-ը զրուցել է Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության քարտուղար Մետաքսե Հակոբյանի հետ։

-Ադրբեջանի իրավապահները մտադիր են սեղմ ժամկետներում ձերբակալել Արցախի նախագահի նախագահին, որի մասին հայտարարություն է արել Ադրբեջանի գլխավոր դատախազության քննչական վարչության պետ Նեմաթ Ավազովը։ Դրա վերաբերյալ ի՞նչ կասեք։

-Գիտեք, չեմ էլ ուզում դա լրջացնել, քանի որ նմանատիպ հայտարարություններ նրանք ժամանակ առ ժամանակ անում են նախագահի վերաբերյալ, անում են ավելի ակտիվ հայտարարություններ քաղաքական գործիչների և քաղաքացիների վերաբերյալ, իրենք երեսուն տարի շարունակ նույն քաղաքականությունն են վարել, ուղղակի հիմա մենք ավելի սուր ենք ընկալում այդ ամենը, հատկապես պատերազմից հետո դա պետք է ընկալել զուտ որպես հոխորտանք։

-Թուրքիայի և Ադրբեջանի խորհրդարանները վավերացրին Շուշիի հռչակագիրը։ Փորձագիտական տարբեր շրջանակներ ասում են, որ դա նոր պատերազմի փաստաթուղթն է, ըստ Ձեզ, դա իրենից ի՞նչ վտանգ է ներկայացնում։

-Իրականում հռչակագիրը շատ մեծ վտանգներ է պարունակում, եթե դա մենք դիտարկում ենք որպես երկու պետությունների ղեկավարների հանդիպում, իրականում այն շատ մեծ և խոր վտանգներ ունի, որը, ըստ էության նաև օգտագործելով Շուշին, այսինքն՝ մեր հաղթանակի գագաթնակետը, իրենք դրանով ընդամենը ամրագրում կամ մեկնարկում են «Մեծ Թուրանի» սկիզբը, ես այդպես եմ հասկանում, միավորվել են երկու իսլամական պետություններ՝ իրենց բոլոր պայմանագրերով, և սա ինչ-որ տեղ հայտարարություն է, որ իրենց միանան մնացածը, այսինքն` իրենք ունեն երազանք, որի կատարմանն են գնում, որը վտանգ է ոչ միայն Արցախի, այլև ՀՀ-ի և աշխարհի համար, որովհետև իրենից դա շատ մեծ վտանգ է ներկայացնում, և դրան պետք է շատ լուրջ վերաբերվել։

-Փետրվարի 4-ին ԵԱՀԿ համանախագահող երկրների՝ Ֆրանսիայի նախագահի և ԵԽ նախագահի միջնորդությամբ և մասնակցությամբ տեղի ունեցած Փաշինյան-Ալիև հեռավար հանդիպման արդյունքում հնարավոր համարո՞ւմ եք, որ, ըստ այդ համաձայնագրի, Արցախը կճանաչվի Ադրբեջանի մաս։

-Այստեղ արդեն մենք տեսանք Ադրբեջանի նախագահի հոխորտանքը և արդեն ամեն օր համոզվում ենք, որ իրենք ամրագրված ու ապահովագրված են զգում պատերազմի արդյունքներով, գնալով՝ Ադրբեջանի նախագահը ցինիկ ու լկտի պահվածք ունի, և դա արտահայտված է ավելի շատ մեր նկատմամբ, բայց, ընդհանուր առմամբ, պահում է իրեն այդպես բոլորի նկատմամբ՝ իհարկե, ավելի ընդգծված հայկական կողմի հանդեպ և, ըստ էության, հայտարարեց, որ տարբերակ չունի ՀՀ-ն և պետք է ընդունի խաղաղության պայմանագիրը, և իրենք դա շահարկում են անընդհատ ու ասում, որ իրենք ուզում են խաղաղություն, բայց հայերը չեն ուզում այդ խաղաղությունը, փաստորեն դրանով պարտադրելով Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը, տրամաբանական է, որովհետև հաղթած երկրի ղեկավարը խոսում է պարտված ղեկավարի հետ, և դրա վերաբերյալ ոչ ՀՀ-ն է համարժեք պատասխան տալիս, ոչ էլ Արցախի, փափուկ բարձ են դնում մեր գլխի տակ՝ ասելով, որ տարածքային ամբողջականությունը ճանաչելը բացարձակ կապ չունի Արցախի հետ՝ դա ընդամենը տարածքային վեճ է։ Բնականաբար, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եթե ՀՀ-ն ճանաչեց, ապա դա ուղիղ վտանգ է Արցախի նկատմամբ, այսինքն` նա փաստացի ճանաչում է Արցախը Ադրբեջանի մաս։

-Տիկին Հակոբյան, ինչպիսի՞ ներքաղաքական իրավիճակ է Արցախում։

-Պատերազմից հետո իշխանությունները այնպիսի քաղաքականություն էին վարում, որ որևէ քաղաքական գործառույթ չէին իրականացնում՝ վախենալով պատերազմի հետևանքով առաջացած իրավիճակով, իրենք աշխատում էին լուռ, գլուխները կախ, իբր գործառույթները կատարել էին, և դրա վերջնագիրը եղավ այն, որ Արցախի նախագահը հայտարարեց և հրամանագիր ստորագրեց, որ Արցախում չեն լինի ՏԻՄ ընտրություններ մինչև 2023 թվականը, այսինքն` դրանով կանգնեցրեց բոլոր քաղաքական գործընթացները Արցախում, մենք ամեն դեպքում այդ ընթացքում լուրջ պայքար ենք տարել երևացող և չերևացող, և ի վերջո, եթե պետությունը իր ընտրական իրավունքը չի իրացնում, հետևաբար, ինքը հայտարարում է իր պետականության փլուզման մասին, ինչը իր հայտարարություններում ուղղակի և անուղղակի անում էր երկրի նախագահը։ Մեզ հաջողվեց 2021 թվականի ՏԻՄ ընտրությունները հոկտեմբեր և դեկտեմբեր ամիսներին անցկացնել, որից հետո արդեն ձեռնարկեցինք Սահմանադրական փոփոխությունների գործընթացը, որովհետև, ըստ էության, պատերազմից հետո իրավիճակն այնպես էր փոխվել, որ իշխանությունը այդ համամասնությունը խախտել էր, խորհրդարանում և՛ իշխանական թևն էր կորցրել վստահությունը, և՛ ժողովրդի ու իշխանության մեջ վստահությունը։ Ելնելով դրանից՝ անպայման պետք էր գնալ նոր գործընթացների, իսկ այդ Սահմանադրությունը կարծես պատնեշ էր իշխանությունների համար, որպեսզի իրենք չիրագործեին այդ բոլոր գործառույթները։ Եվ մենք հասանք նրան, որ ստեղծվեց հայեցակարգային հանձնաժողով, քննարկումները գնում են, հուսով ենք՝ երեք ամսից կսկսվի Սահմանադրություն գրելու գործընթացը, և մենք պետք է կատարենք այն բոլոր գործառույթները, որոնք պետք է կատարենք, և արդյունքը կլինի այս իշխանությունների հեռացումը և առողջ քաղաքական մթնոլորտը, որը կբերի Արցախի փրկությանը։ Իսկ թշնամու պարբերական սադրանքները նրանց մշտական վարած քաղաքականության արդյունքն է եղել, բայց այն ժամանակ մենք ունեինք չճանաչված սահմաններ, որը վերահսկվում էր մեր զինվորների կողմից, ըստ էության բնակիչներն անգամ տեղյակ չէին լինում խնդիրների մասին։ Հիմա մենք շփման գիծ ունենք ընդամենը, որը շատ դեպքերում բնակելի վայրերին է կպած կամ մի քանի մետր հեռավորության վրա է, և քոչվոր ցեղը որևէ կերպ չի փոխվել տասնամյակների ընթացքում, և մանավանդ այս կեղծ հաղթանակից հետո ոգևորված իրենց տիրոջ իրավունքով և իրենց բնորոշ լկտիությամբ, իշխանությունների հրահանգով և անգամ սեփական նախաձեռնությամբ նման սադրանքների իմաստն այն է, որ խուճապի մատնեն ժողովրդին և դրանով կարողանան վերցնել Արցախում մնացած պատառիկ ժողովրդին։

Քնարիկ Պետրոսյան