copy image url
Ներքին 2 տարի առաջ - 11:24 14-02-2022

Թուրքական «էժան սննդամթերքով իրենց ընտրազանգվածի փորը լցնեն», մինչև․․․

Հաշված օրեր առաջ ներկայացրել ենք սպառողական գների վիճակը 2021թ․-ին և հազիվ մեկ շաբաթվա տարբերությամբ ստիպված ենք նորից գնաճ ներկայացնել, ընդ որում միջին համեմատականով ավելի բարձր տեմպերի։ Խոսքը 2022թ․ հունվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ սպառողական գների մասին է։ Այդ փուլում միջին գնաճային ինդեքսն աճել է ամբողջ 7․1%-ով։ Ընդ որում, հունվարին անցած դեկտեմբերի նկատմամբ էլ գների շեշտակի աճ է արձանագրվել․ 1․6%, ինչը մեկ ամսվա համար բարձր ցուցանիշ է։ Ժամանակի մեջ գնային զարգացումների պատկերը ամբողջական լինելու համար նշենք, որ 2020թ․-ի հունվարին 2019թ․-ի հունվարի համեմատությամբ սպառողական գների ինդեքսը կազմել է 0․2%։ Եթե այս հունվարին 2021թ․-ի նույն ամսվա համեմատությամբ սննդամթերքի գներն աճել են 12․2%-ով, դեկտեմբերի համեմատությամբ՝ 3․8%-ով,ապա նույն 2019-2020թթ․ հունվարների հարաբերակցությունում սննդամթերքի գները 1․8%-ով նվազել են։ Այդ ընթացքում գրեթե բոլոր տեսակի կաթնամթերքի, ձվի, բանջարեղենների, սննդային յուղերի, կարտոֆիլի, շաքարի, ձկնամթերքի, մսեղենի և մյուս մթերքների առումով գները նվազել են 8-10-15%-ով։
2022թ․-ի հունվարին 21-ի հունվարի համեմատությամբ սննդամթերքը միջինացված թանկացել է ամբողջ 12․5%-ով, հացաբուլկեղենն ու ձավարեղենը՝ 10․4%-ով, բրինձը՝ 13․6%-ով, հացը՝ գրեթե 10%-ով, մակարոնեղենը՝ 10%-ով, միսը՝ ավելի քան 8%-ով, խոզի միսը՝ 35%-ով, ձուկ-ձկնեղենը՝ ավելի քան 36%-ով, կաթն ու կաթնամթերքը՝ 11․4%-ով, պանիր-կաթնաշոռը՝ 14․6%-ով, կարագը՝ գրեթե 10%-ով, բանջարեղենը՝ 36-37%-ով, կարտոֆիլը՝ 67%-ով և այլն։
Այս հունվարին, 2021թ․-ի դեկտեմբերի համեմատությամբ ևս, գները զգալիորեն աճել են, ինչը նշանակում է, որ գնաճի տեմպերը կայուն են։ 2021թ․-ի յուրաքանչյուր հաջորդ ամսին նախորդի համեմատությամբ գները աճել են ու աճում են, ինչից հետևում է, որ գնաճը շարունակվելու է։ Մթերքների բացարձակ մեծամասնության դեպքում թանկացումները որևէ կապ չունեն արտաքին շուկայի հետ, ինչպես փորձում են ներկայացնել իշխանությունները։ Կարտոֆիլը, հացի հիմնական մասը, մակարոնեղենը, բանջարեղենը, կանաչեղենը, կաթնամթերքը, ձկնեղենը, մսեղենի բացարձակ մեծամասնությունը, ձուն և բազմաթիվ այլ մթերքներ տեղական արտադրության են։ Եթե սրանցից որոշների առումով էլ ինքնաբավ չենք, ապա դրանց գները որոշվում են ելնելով տեղական արտադրանքի ծավալներից։

2019-20թթ սննդամթերքի շուկան զարգանում էր նախորդ տարիների տրամաբանությամբ ու դրա իներցիոն շարունակության արդյունքն էր։ 2020թ․ կեսերից սկսած զգացվեցին իշխանությունների կողմից վերջին տարիներին թույլ տված կոպիտ սխալները, և հիմա դրա դառը պտուղներն ենք քաղում, որը երկար կտևի։ Վերացրին պարարտանյութի, դիզվառելիքի սուբսիդավորումը, ահավասիկ, եռակի թանկացել է պարարտանյութը, թանկացել է դիզվառելիքը, սերմացուն։ Սրա հետևանքով գյուղմթերքի մշակության ծախսերը աճելու են մինչև 40-50%-ով։ Գյուղացին գուցե այս պայմաններում արտադրություն կազմակերպեր այն հույսով, որ մթերքը թանկ կվաճառի ու կփակի նաև արված հավելյալ ծախսերը։ Բայց օրերս գրեթե վերացվել են սուբսիդավորվող վարկերը, որ տրվում էին վերջին տարիներին ընթացիկ արտադրություն կազմակերպելու համար։ Մյուս կողմից, եթե նույնիսկ փող էլ ճարեն աշխատանքները կազմակերպելու համար, շատ տեղերում ոռոգման ջրի խնդիր է առաջանում։

Ի վերջո անցած տարվա նվազ բերքը նաև ոռոգման ջրի պակասի հետևանք էր։ Այս պահի դրությամբ շատ ավելի քիչ ջուր է կուտակվել ջրամբարներում (եղանակային կանխատեսումներն էլ ոգևորող չեն), քան անցած տարվա այս օրերին, երբ ավել ջուր կուտակված լինելով հանդերձ, տարին «երաշտային» էր։ Այն տարածքներում էլ, որտեղ ոռոգման ջրի խնդիրը սուր արտահայտված չէ, վախ կա, որ ինչ-որ մի պահի կբացվի հայ-թուրքական սահմանը, թուրքական գյուղմթերը կլցվի Հայաստան ու իրենց արած հսկայական ծախսերը կկորչեն, իրենք կսննկանան։ Իսկ իշխանությունները լռում են։ Ոչ մի երաշխիք, ոչ մի հավաստիացում։ Ընդհակառակը, իշխանությունները հասկանում են, որ գնաճի նման տեմպերը արդեն մոտ ապագայում ազդելու է մարդկանց ստամոքսի վրա, ինչը կարող է նրանց փողոց դուրս բերել ու իրենց համար անկանխատեսելի հետևանքներ ստեղծել։ Նաև դրա համար շտապում են հնարավորինս շուտ թուրքիայի հետ սահմանը բացել՝ հիմնականի հետ հընթացս լուծելով նաև թուրքական «էժան սննդամթերքով իրենց ընտրազանգվածի փորը լցնելու» հարցը, մինչև տեսնեն հետո՝ ինչ են բերում գլխներիս։

Աշոտ Խաչատրյան

Ամենից շատ դիտված