44-օրյա պատերազմին հրամանատարի տեղակալը փախել է, զոհվել է 20 զինծառայող. դատախազություն
copy image url

44-օրյա պատերազմին հրամանատարի տեղակալը փախել է, զոհվել է 20 զինծառայող. դատախազություն

Ներքին 3 տարի առաջ - 15:04 11-02-2022

Իրավապահ մարմինները մեղադրանք են առաջադրել Արցախի ՊԲ հրետանային դիվիզիոններից մեկի շտաբի պետ-հրամանատարի տեղակալին, որը 44-օրյա պատերազմի ժամանակ մարտադաշտից փախուստի է դիմել, ինչը 20 զինվորի մահվան պատճառ է դարձել: Մայոր Գ.Գ–ին մեղադրում են ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագայում իշխանության անգործության մեջ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։

Ըստ քրեական գործի` Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում` 2020 թվականի հոկտեմբերի 12-ին, ժամը 18։00-ի սահմաններում Վարանդայի շրջանում հակառակորդի կողմից զինված հարձակման ժամանակ մարտական գործողություններին մասնակցելու փոխարեն ՊԲ զորամասի Դ-20 հրետանային դիվիզիոնի շտաբի պետ-հրամանատարի տեղակալ, կոչումով մայոր, Գ.Գ.-ն ԳԱԶ 33081 մակնիշի ավտոմեքենայով փախուստի է դիմել կրակային դիրքից: Վերջինս անգամ հետամուտ չի եղել տվյալ մեքենայի անձնակազմի նստեցումը կազմակերպելուն։

Պաշտոնի բերումով լինելով նույն դիվիզիոնի ժամկետային և կրտսեր սպայական կազմի ուղղակի պետը`44-օրյա պատերազմի ընթացքում` սեփական կյանքը փրկելու նպատակով, Գ.Գ.-ն դրսևորել է իշխանության անգործություն։ Նա կրակային դիրքը լքել է Վարանդայի «Ջուվառլու» կոչվող տեղամասում, երբ իրեն վստահված ստորաբաժանումը ենթարկվել է հակառակորդի ինտենսիվ գրոհի։

Այս ամենը հիմնավորվել է նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով։

Գ.Գ–ի կողմից կատարված գործողություններն առաջացրել են նյութական ծանր հետևանքներ. առանց պատշաճ ղեկավարման մնացած 1-ին մարտկոցի անձնակազմից զոհվել է թվով 20 զինծառայող:

Գ.Գ.-ին վերաբերելի մասն անջատվել է ընդհանուր գործից առանձին վարույթում, այդ մասով հայտարարվել է նախաքննության ավարտ, գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննության համար:

Քրեական գործի մնացած մասով նախաքննությունը շարունակվում է:

ՀՀ զինվորական դատախազությունը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները՝ 2020թ. պատերազմին առնչվող նշված դրվագով, նշված տեղամասում ծավալված մարտական գործողությունների ընթացքում զինծառայողների համար ողբերգական հետևանքների առաջացման բոլոր հանգամանքները պարզելու և դրա համար պատասխանատու բոլոր անձանց արարքներին քրեաիրավական գնահատականներ տալու համար:

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի